«Բանակցությունների հարցում այլընտրանք չկա» ԼՂՀ ժուռնալիստների Միության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը նվիրված էր Արկադի Ղուկասյանի վերջերս Ֆրանսիա կատարած այցին եւ տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցի լույսի ներքո ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։ Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին՝ ԼՂՀ նախագահը հայտարարեց, որ բանակցությունների հարցում այլընտրանք չկա։ «Քանի դեռ գոյություն ունի Մինսկի խմբի ֆորմատը, քանի դեռ գոյություն ունի ԵԱՀԿ172ն, որը շահագրգիռ է շարունակելու բանակցային գործընթացը, բանակցությունները չեն ընդհատվի, եւ հույս ունեմ, որ դրանք կընթանան այն ֆորմատով, որն առավել արդյունավետ է վերջնական արդյունքի համար»,172 ընդգծեց Ա. Ղուկասյանը։ Դրա հետ մեկտեղ նա նշեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացը նոր փուլ է թեւակոխել՝ ենթադրելով բարենպաստ իրավիճակ, որը ձեւավորվել է կարգավորման գործընթացում, նկատի ունենալով մեծ տերությունների՝ համանախագահ երկրների շահագրգռվածությունը՝ հիմնախնդրի արագ կարգավորման հարցում։ Ա. Ղուկասյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղին բանակցություններին ներգրավելու անհրաժեշտության մասին նրանց հայտարարությունը վկայում է, որ ղարաբաղյան կողմը հանդիսանում է բանակցային գործընթացի կարեւոր մասնակից։ Ըստ նախագահի կարծիքի, նման բարենպաստ պայմանները հարկավոր է օգտագործել առավելագույն արդյունավետությամբ։ Ա. Ղուկասյանը նշեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցությունների ֆորմատը կարեւոր տարր է ավելացրել բանակցային գործընթացին, սակայն այսօր արդեն զգացվում է բանակցություններին Լեռնային Ղարաբաղին ներգրավելու անհրաժեշտությունը։ Նախագահի կարծիքով մոտ ժամանակներս կքննարկվի այդ հարցը։ ԼՂՀ նախագահը հայտարարեց, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության, որի կարծիքը չի կարելի անտեսել, չի ընդունվի ոչ մի որոշում։ Նա նաեւ ընդգծեց Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի ենթարկվելու անթույլատրելիությունը, ինչը, նրա կարծիքով, հղի է նոր պատերազմի վտանգով։ «Դեպի խաղաղություն եւ կայունություն տանող ճանապարհը Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կամ Հայաստանին միանալու մեջ է»,172 հայտարարեց նախագահը։ Արկադի Ղուկասյանը նշեց ադրբեջանական կողմի ոչ կառուցողական դիրքորոշումը, որն առաջ է քաշում բացարձակ անընդունելի պայմաններ եւ անում ագրեսիվ հայտարարություններ։ Նա ընդգծեց, որ անկարելի է ղարաբաղյան հիմնահարցի ուժային եղանակով լուծումը եւ պատերազմ սկսող կողմն անխուսափելիորեն կպարտվի։ Այդ առիթով նա հույս հայտնեց, որ Ադրբեջանում ընդունում են քաղաքական հարթության վրա հիմնախնդրի լուծման անհրաժեշտությունը։ Դե ֆակտո