Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՄ-ի փոխնախագահը հայտարարել էր, թե «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունը ստեղծվել էր հիմնականո

Հունիս 01,2001 00:00

Ինչպես են բանակցում Մամիկոնիչը, Նապոլեոն Սուրենիչը եւ Աղասը ՍԻՄ-ի փոխնախագահը հայտարարել էր, թե «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունը ստեղծվել էր հիմնականում ՍԻՄ-ի ջանքերի եւ քաղաքական կապիտալի հաշվին։ Սա վրդովվեցրել էր դաշինքի այլ անդամներին։ «Շատ քչերը գիտեին «Ազգային միաբանություն» եւ դաշինքի այլ կուսակցությունների մասին, քանի դեռ նրանք չէին ընտրվել ԱԺ-ում, իսկ ՍԻՄ-ը գոյություն ունի արդեն 13 տարի եւ հայտնի է իր սկզբունքային դիրքորոշումներով»,- Հայկ Բաբուխանյանի այս պնդմանն անդրադարձան լրագրողների հետ հանդիպմանն ամբողջ կազմով ներկայացած «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամները։ Նախ, Համլետ Հարությունյանը նշեց. «Դաշինքն էլ ընկերության նման մի բան է։ Չի՛ կարելի ընկերությանը դավաճանել»։ ՍԻՄ-ի քաղաքական կապիտալի հաշվին խորհրդարան հասնելու պնդման առնչությամբ բացահայտեց, թե դաշինքի ձեւավորման ամենամեծ գաղտնիքներն ինքը գիտի. «Համենայն դեպս, դաշինքի ձեւավորման սկզբնական շրջանում ես չեմ տեսել ՍԻՄ-ի ներկայացուցիչներին»։ Ե՛վ Համլետ Հարությունյանը, ե՛ւ Նապոլեոն Ազիզյանն անվիճարկելի էին համարում Արտաշես Գեղամյանի քաղաքական բարձր վարկանիշը եւ հենց դրանով էին բացատրում իրենց ստացած ձայները։ Դաշինքի առաջնորդը շառագունած եւ գլուխը փոքր- ինչ խոնարհած վայելում էր իր անձի պաշտամունքի զոհասեղանին մատուցված հերթական ընծաները։ «Թաքցնել պետք չէ, բոլորն էլ հասկանում են, որ այս խմբակցությունում բոլորը Գեղամյանի իմիջով են ընտրվել»,- ազդարարեց Նապոլեոն Ազիզյանը, որը, մեծամասնական ընտրակարգով է պատգամավոր դարձել։ Նա նաեւ ակնարկեց, թե ՍԻՄ-ի ընկերներն անգամ իրենց թաղամասում չկարողացան մեծամասնականով ընտրվել. «Գոնե երկրո՛րդ տեղն էլ չեն եղել։ Եղել են չորրորդ, հինգերորդ, վեցերորդ տեղերում»։ Հայկ Բաբուխանյանը նաեւ նշել էր, թե շուրջ կես տարի է, ինչ խմբակցության նիստեր չեն անցկացվել։ «Մարդիկ կան, որոնք սիրում են ամեն ինչին բյուրոկրատական երանգներ հաղորդել»,- այս առնչությամբ ասաց պրն Գեղամյանը՝ նշելով, թե ինքն այդ նիստերից դեռ 30 տարի առաջ հոգնել է. «Ես 22 տարեկանից նիստ կազմակերպող եւ անցկացնող եմ եղել ի պաշտոնե»։ Նաեւ նկատեց, թե նիստերի ձեւական կողմը պահպանելը կարող է որոշակի դեր ունենալ միայն այդ ամենը չապրածի եւ սեփական կարգավիճակն ընդգծել ցանկացողի համար։ Եվ մի օրինակ ներկայացրեց, թե ինչպես են անցնում իրենց քննարկումները. «5-ով նստած ենք Ազգային ժողովում, հանձնաժողովի անդամի ընտրության հարցն է։ Ասացի՝ Աղա՛ս, միշտ պրավազաշչիտնի ֆունկցիաներ ես կատարել, ի՞նչ ես կարծում, «Հոկտեմբերի 27»-ին հարմա՞ր է դու լինես։ Ասաց՝ չէ՛, Մամիկոնիչ, խնդրում եմ, ես չէ։ Բոլորի՛ս ներկայությամբ է խոսակցությունը գնում։ Ասացի՝ այդ դեպքում միգուցե Նապոլեոն Սուրենիչի՞ն խնդրենք»։ «Վերջին մեխը» խփեց դարձյալ Համլետ Հարությունյանը հետեւյալ զուգահեռով. «Առաջինը լինելու մարմաջի վերաբերյալ Թեոդոր Ռուզվելտի տղան իր հոր մասին ասել է, թե նա չէր սիրում գնալ թաղման եւ հարսանյաց հանդեսի։ Քանի որ թաղման ժամանակ ինքը մեռելը չէր, իսկ հարսանիքի ժամանակ՝ հարսնացուն»։ Հավելեց, թե ուղղակի մարդկային վիշտ էր ապրել ՍԻՄ-ի փոխնախագահի հարցազրույցը կարդալով եւ կրկնեց. «Աղուհացին չի կարելի երբեք դավաճանել»։ Մոռանալով հայտնի խոսքերը, թե աղուհացն, այնուամենայնիվ, քաղաքական կատեգորիա չէ։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել