Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՊՀ երկրների Կոլեկտիվ անվտանգության պայմանագրին (ԿԱՊ) Հայաստանը միացել է դեռեւս 92 թ. Տաշքենդում, ապ

Հունիս 01,2001 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆԸ ԱՊՀ երկրների Կոլեկտիվ անվտանգության պայմանագրին (ԿԱՊ) Հայաստանը միացել է դեռեւս 92 թ. Տաշքենդում, ապա նաեւ Մինսկում՝ 2000-ի մայիսին։ Սակայն Աջ ուժերի միության ներկայացուցիչների գնահատականներով, վերջիններս էականորեն տարբերվում են միմյանցից եւ, առավել եւս, Երեւանում ստորագրված պայմանագրից, որը Հայաստանի համար տարածաշրջանում աստիճանաբար ավելի անբարենպաստ պայմաններ է ենթադրում։ Աջ ուժերի միության դիքորոշումն այն է, որ մեր իշխանությունները կոպիտ սխալ են թույլ տվել՝ 2000-2001 թթ. միանալով ԱՊՀ երկրների Կոլեկտիվ անվտանգության պայմանագրին։ Ըստ նրանց, դա ոչ միայն չի բխում Հայաստանի պետական շահերից, այլեւ նպաստում է, որ Հայաստանն ինքը տարածաշրջանում նոր բաժանարար գծերի հիմք եւ անկայունության գործոն դառնա։ Միակ «մխիթարանքն» այն է, որ, ըստ Աջ ուժերի, դա ոչ թե միտումնավոր, այլ՝ անհեռատես ու տգետ քաղաքականության արդյունք է։ «2000 թ. ԿԱՊ-ի անդամ երեք երկրներ՝ Վրաստանը, Ադրբեջանն ու Ուզբեկստանը հայտարարեցին այդ համակարգից իրենց դուրս գալու մասին»,- հիշեցրեց «Արմատ» կենտրոնի անդամ Ստեփան Գրիգորյանը՝ ընդգծելով, որ դրանից հետո համակարգում Կովկասը ներկայացավ միայն ի դեմս Հայաստանի։ Մինսկում ստորագրված պայմանագրով՝ Հարավային Կովկասի անվտանգության համակարգ էր ստեղծվել՝ առանց տարածաշրջանի 4 պետությունների, այդ թվում նաեւ՝ առանց Վրաստանի եւ Ադրբեջանի, ինչն արդեն արդյունավետ չէ։ Ավելին, պայմանագրի 4-րդ կետի համաձայն, բոլոր այն երկրները, որոնք դուրս են այդ պայմանագրից, ԿԱՊ-ի համակարգի երկրների պոտենցիալ հակառակորդներ են դիտվում։ Այս տրամաբանությամբ, Կովկասում Հայաստանն ինքնաբերաբար իրեն է հակադրել ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Վրաստանին։ «Դրանով մենք ուղղակիորեն բաժանարար գիծ ստեղծեցինք Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, որը շատ արագ հակազդեցություն ունեցավ»,- ասաց Ս. Գրիգորյանը՝ վկայակոչելով միջազգային ատյաններում Վրաստանի, մեղմ ասած, անբարյացակամ եւ կոշտ դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ։ Իբրեւ դրա փաստարկ, պարոն Գրիգորյանը հիշեցրեց Վրաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրված ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագիրը, որի առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, թե այն ուղղված է Հայաստանի դեմ։ Նա մտավախություն հայտնեց նաեւ, արդեն 2001-ի մայիսին, Երեւանում կնքված պայմանագրի առնչությամբ՝ նշելով, որ այն Հայաստանի համար հղի է լրջագույն վտանգներով։ «Զարմանալի է, բայց Հայաստանի հետ կապ չունեցող խնդիրները, չգիտես ինչու, դարձան իրենը»,- անդրադառնալով Ռուսաստան-Կենտրոնական Ասիա անվտանգության համակարգի ստեղծման մասին պայմանագրին Հայաստանի մասնակցությանը՝ նշեց պարոն Գրիգորյանը։ Այդ պայմանագիրն, ըստ էության, անցյալ տարի բիշքեքյան գագաթաժողովում ընդունված՝ թալիբների շարժման, կրոնական էքստրեմիզմի դեմ պայքարելու մասին հայտարարության հետեւանքն էր, ուր Կենտրոնական Ասիայի եւ Ռուսաստանի շահերը միանգամայն համընկնում են։ «Ռուսաստանը, բնականաբար, փորձում է իր սահմաններից հեռու վանել Ասիայում տիրող անկայունությունը, բայց հասկանալի չէ, թե Հայաստանն ի՞նչ կապ ունի թալիբների հետ։ Կամ ինչո՞ւ է Հայաստանը պրոբլեմներ ստեղծում իսլամական աշխարհի հետ, որտեղ թալիբները մեծ աջակցություն են վայելում։ Մենք ստիպում ենք Հայաստանին մտնել իսլամական աշխարհի հետ բանավեճի մեջ»,- կարծիք հայտնեց պարոն Գրիգորյանը։ Հիշյալ պայմանագրում նշված է, որ այդ ուժի գործադրումը հնարավոր է միայն պայմանագրի անդամ բոլոր երկրների համաձայնության դեպքում։ «Եթե պայմանագրի անդամ 5 երկրներ որոշեն ուժ գործադրել, պարզ է, որ Քոչարյանը դրան դեմ գնալ չի կարող, որովհետեւ մեծապես կախված է համակարգի մյուս երկրներից ու հատկապես Ռուսաստանից։ Նա բոլորի նման «կողմ» է քվեարկելու, իսկ իսլամական աշխարհը դա անմիջապես ֆիքսելու եւ հակադարձելու է»։ Ի վերջո, կնքված պայմանագիրը կարո՞ղ է նպաստել Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը կամ խոչընդոտել պատերազմի վերսկսմանը։ Աջ ուժերի միության ներկայացուցիչները հարցադրմանը բացասական պատասխան տվեցին։ Վերջիններիս կարծիքով, պայմանագիրը կոնկրետ Հայաստանի համար ֆորմալ բնույթ է կրում։ «Հիշյալ պայմանագրի անդամ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, պարտավորություն են ստանձնում ագրեսիայի դեպքում պաշտպանել Հայաստանի անվտանգությունը։ Բայց չպետք է մոռանալ, որ Ռուսաստանի բարձրագույն իշխանություններն ու նաեւ նախագահ Պուտինը վերջերս շատ հստակ հայտարարեցին, որ եթե պատերազմ վերսկսվի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, Ռուսաստանը միակողմանի դիրքորոշում չի ընդունի»,- հիշեցրեց Ս.Գրիգորյանը։ Իսկ ճիշտ կլինի՞ արդյոք, եթե Հայաստանը դուրս գա ԱՊՀ երկրների ԿԱՊ-ի համակարգից։ «Այս իշխանությունների օրոք, ո՛չ։ Նման որոշում կայացնելուց առաջ պետք է փոխել արտաքին քաղաքականության հայեցակարգը, զերծ մնալ ագրեսիվ քաղաքականություն վարելուց։ Ճիշտն իշխանությունները փոխելն է»,- նկատեց Աջ ուժերի միության ներկայացուցիչը։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել