Լրահոս
Օրվա լրահոսը

Ամա՜ն, Հայաստան մի՛ գացեք, շատ պիտի տխրիք

Մայիս 31,2001 00:00

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՃՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱԼՊԵՐԸ Այցելություն, որի մասին այդքան շատ էին խոսում գրողները Հայ գրողների այցելությունը Ֆրանսիայի Ռոն-Ալպերի երկրամաս, որը նախատեսվում էր դեռ անցյալ տարվա հոկտեմբերին, վերջապես այս մայիսին կայացավ: Հետաձգման պատճառն այն էր, որ նախորդող ութ տարին այնտեղ անցկացվող միասնական «Արեւելա-եվրոպական արվեստի փառատոնի» ու «Գրքի տոնավաճառի» կազմակերպիչներն իրար հետ գժտվել էին եւ ի վերջո բաժանվել: Որքան էլ որ ասվածից հետո հոդվածիս սկիզբն ավելի չարագուշակ կդարձնի այն քաղաքի անունը, որտեղ ծավալվում էին հայ գրականությանը նվիրված քննարկումները, տառերի հնչողությունը փոխելու հնար (դրանց սակավության պատճառով) ու խուսափելու ճար չունեմ: Ուրեմն, ստիպված հայտնում եմ, որ բնակավայրը կոչվում էր Դի: Սա տեղիք տվեց բազմաթիվ քրեամերձ բառախաղերի (դիազննում, դիակապտություն, նաեւ… դիաբետ…- կարող եք ինքներդ շարունակել) եւ մի եզրակացության, որի մասին կխոսեմ վերջում: Ֆրանսիացիներն իրենք չէին հասկանում հայերիս ուրախ ծիծաղը «դի»-ով սկսվող բառակապակցությունները լսելիս եւ հավանաբար մեր հումորի զգացումը համարում էին յուրօրինակ, մինչեւ որ բավականին ուշ բացատրեցինք իրենց քաղաքի իմաստը արդի հայերենում: Նրանք փորձեցին մեր սեւ հումորի դիմացն առնել՝ պարզաբանելով, որ Դի նշանակում է աստվածուհի: Հայերենում նույն արմատը այսօր էլ գործածվում է նույն նշանակությամբ՝ «դիցուհի», ինչը մեզ եւ ֆրանսիացիներին մոտեցրեց մեր ընդհանուր հնդեվրոպական արմատներին, բայց նաեւ մերոնցից ոմանց մեջ արթնացրեց ավելի հին ժողովրդի զավակ լինելու կպչուն, նույնիսկ հարձակողական մեծամոլությունը… «Գրքի տոնավաճառի» մասնակից գրողներին ֆրանսիացիներն իրենք էին ընտրել անցյալ ամառ՝ անձամբ հանդիպելով Երեւանում: Մի քանիսի անուններն էլ ամենավերջում էին ավելացվել նվազ հասկանալի եղանակով, բայց, իմ կարծիքով, ոչ առանձնապես վատ ընտրությամբ: Հյուրընկալություն ֆրանսիական ձեւով Դին 4,5 հազարանոց հին քաղաք է: Եվ հենց նրա բնակիչներն էլ մտահղացել են կամուրջ ստեղծել «երկաթե վարագույրի» ետեւից դուրս եկող Արեւելյան Եվրոպայի եւ Ֆրանսիայի միջեւ: Պետությունը (երկրամասը) նրանց տրամադրել է միջոցներ, բայց նրանք էլ իրենց ցանկության լիասրտությունն ապացուցել են նրանով, որ փառատոնի մի քանի տասնյակ մասնակիցներին հյուրընկալում են… իրենց տներում: Ընդ որում, մեզ զգուշացրին, որ ոչ ոք նույնիսկ գիշերը իր տան դուռը չի փակում, եւ ես հիշեցի մեր ներկա դառը մղձավանջը. նախկին համայնավարական-նահապետական երկրում ոչ ոք ոչ մեկին չի վստահում եւ չի հավատում, քանի որ հավատալու դեպքերին էլ սովորաբար հաջորդում է զղջումը: Մեզ տեղավորել էին ոչ միայն Դի քաղաքում, այլեւ շրջակա գյուղերում, որոնք երբեմն ընդամենը 4-5 տուն ունեին: Գրքի փառատոնի կազմակերպիչներից մեկը՝ Էրիկ Կանոբիոն, համայնքապետն էր այդպիսի 13 գյուղի, որոնք բոլորը միասին ունեին 105 բնակիչ: Ի դեպ, Էրիկը Փարիզի համալսարանում աշխարհագրություն էր դասավանդում՝ շաբաթը երկու անգամ 500 կմ-ից ավելի գնալ-գալով (ավտոմեքենա+արագընթաց գնացք՝ ֆրանսիացիների հպարտությունը): Ես, Տիգրան Պասկեւիչյանը, Մարինե Պետրոսյանն ու Արամ Անանյանը (քաղաքագիտության հայցորդ՝ Լեւոն Անանյանի որդին) ապրում էինք Դիից մեքենայով 45 րոպեի հեռավորությամբ գտնվող Ռավել գյուղում: Ինձ բաժին էր ընկել մի հովվի տուն, որը 400 «կարմրագլուխ» տեսակի ոչխար էր պահում եւ խուզի գծով իրենց գավառի առաջնությունն էր շահել: Ինձ բացատրեցին նաեւ «յայլաների» տեղերը, բայց տվյալ բնագավառում ավելի շատ չհասցրի խորանալ, քանի որ մեր գրողական երամի բոհեմական ժամակարգը (ուշ քնել-ուշ վեր կենալ) ոչխարների հոտի ճիշտ հակառակն էր: Միայն թե, գոնե հպանցիկ, ուզում եմ հիացմունքս արտահայտել իրենց գործի հանդեպ տանտերերիս սիրո ու հարգանքի առթիվ: Մի քանի գրադարակ լիքն էր ոչխարաբուծությանը նվիրված ամսագրերով, որոնցում միայն այդ հեզ արարածի պատկերով գեղարվեստական բարձր որակի այնքան լուսանկարներ կային, որքան Հայաստանում չի արվում երեւի մարդկանց ու կենդանիների պատկերները միասին վերցրած: Մի ուրիշ ամսագրի ճակատին հանդիպեցի «Մեծ կուլտուրաներ» վերնագրին, սա էլ, պարզվեց, հացահատիկային կուլտուրաներին էր վերաբերում, եւ, վերջապես, մասնագիտական գրականության պսակը «Մարդը եւ ոչխարը» գիրքն էր, որը հանրագիտարանային հրաշալի հրատարակությունն էր: Ի՞նչ է պետք հայ գրողին երջանիկ լինելու համար Հայ գրականության մասին այն բանավեճերը, որ ծավալվեցին Ֆրանսիայում, ենթադրում եմ, որ Հայաստանում վաղուց է, ինչ չեն եղել: Գրողների միության համագումարից տեղյակ չեմ, որովհետեւ Երեւանում չէի այդ օրերին (բացի դրանից՝ միության անդամ չեմ եւ հրավիրված էլ չէի համագումարին), բայց ինչքան որ ինձ հեռվից է թվացել՝ վերջին տարիներին կատարվածն ուղղակի սեփականաշնորհման գործընթաց է եղել: Ավելի շատ Գրողների միության (շենք, ունեցվածք) ու ավելի քիչ գրականության (ովքեր են հայ դասական գրականության իսկական ժառանգորդները): Ռոն-Ալպերում վերջապես խոսակցություն եղավ գրական ու հասարակական արժեքների մասին: Հայ գրողներին հարկավոր է պետական ուշադրություն, քանի որ երկու հազար գիրք կարող է տպագրվել մինչեւ դրանց մեջ պատահի իսկապես հանճարեղը (Լեւոն Խեչոյան), հարկավոր է արդիական թատրոն, որ հասցնի ավելի արագ զարգացող դրամատուրգիայի հետեւից (Կարինե Խոդիկյան), ժամանակ (Մարինե Պետրոսյան), քանի որ հնարավոր է, որ որոշ բանաստեղծների օտար երկրներում ավելի շատ կարդան ու սիրեն ինչ-որ շրջան, քան՝ Հայաստանում, ընդունելի լեզու (Վիոլետ Գրիգորյան), որովհետեւ իշխանությունը վարկաբեկել է ընթացիկ գրական հայերենը եւ մարդիկ չեն հավատում նրանով մատուցվող բառերին, մարդկայնություն (թարգմանիչ Նունե Աբրահամյան), քանի որ անցյալ տասնամյակներին գրականության խնդիրները չափից ավելի պետական ու ազգային են եղել, ընթերցող (Վահրամ Մարտիրոսյան), որովհետեւ մի քանի չկարդացվող-չգնահատվող գրողի առկայությունը բնական երեւույթ է, բայց ամբողջովին չկարդացվող-չգնահատվող գրականության վիճակն անհեթեթ է ու ողբերգական (ընդ որում, ունենք 20-րդ դարի համաշխարհային դասականներին իրազեկ երկու ընթերցողական սերունդ եւ եթե նույնիսկ նրանց փոքրաթիվ վճարունակ մասն էլ վերականգնի գիրք գնելու սովորությունը, գործող 10-15 քիչ թե շատ հետաքրքիր գրողները եւ՛ լսարան կունենան, եւ՛ ձեռք չեն մեկնի պետությանն ու Սփյուռքին): Բանավեճերը բավականաչափ հետաքրքրեցին ֆրանսիացիներին, որոնք, այնուամենայնիվ, երբեմն խճճվում էին անցյալի մեր հսկայական տպաքանակների՝ 1000-100.000, ու իրենց չափանիշներով այսօր նույնպես ոչ քիչ՝ 500-1000 օրինակով լույս տեսնող գրքերի ու ընթերցողի բացակայության պարադոքսի մեջ: Երեւի այդպես էլ չէին պատկերացնում, թե ինչպես է մեր նման աղքատ երկրում հրատարակվում նախկինից երկու անգամ ավելի անուն գեղարվեստական գիրք, բայց դրանց չնչին տոկոսն է վաճառվում, մնացածն ուղարկվում է պահեստ կամ բաժանվում անվճար: Գրականությու՞ն, թե՞ ցեղասպանություն Իմ տանտերերը, փորձելով ճշտել իրենց գիտելիքները մեր ժողովրդի մասին, հենց առաջին օրն ինձ հարցրին. «Ձեզ՝ հայերիդ են կոտորել, չէ՞»: Սա էր, որ նրանց ստույգ հայտնի էր մեր մասին, եւ նույնիսկ մեր 1700-ամյա քրիստոնեության հռչակը դեռ ալպյան նախալեռներ չէին հասել, եւ ես, որպես դավանանքիս վկայություն, ստիպված եղա ցույց տալ վզիցս կախված հայի խաչը: Բայց դեռ հովիվ մարդիկ ոչինչ, որ մեզ միայն ջարդերով գիտեին, մեր հավաքի կլոր սեղանների զգալի մասն էլ նվիրված էր ցեղասպանությանը: Հայ եւ ֆրանսիացի բանախոսները հայտնի, բայց՝ մեր ժողովատեղիում բացակա ընդդիմախոսներին նորից ու կրկին ապացուցում էին Եղեռնի վավերականությունը: Ես ափսոսանք հայտնեցի, որ, հավանաբար սփյուռքահայերի թելադրանքով, մի երկրում, որտեղ արդեն իսկ Ցեղասպանությունը ճանաչվել է պետականորեն, թեման այսպիսի ծավալ էր ստացել գրականությանը նվիրված օրերին: «Ցեղասպանություն եւ գրականություն» քննարկման առթիվ տեսակետ ներկայացրի, որ Եղեռնի մասին մինչեւ հիմա գրված գեղարվեստական ստեղծագործությունները մեկ եւ միեւնույն գիրքն են (բացի, թերեւս, Գ. Մահարու «Այրվող այգեստաններ»-ից): Լեւոն-Զավեն Սյուրմելյանի «Ձեզ եմ դիմում, տիկնայք եւ պարոնայք» հիանալի վեպից, Թոթովենցի լուսավոր ստեղծագործություններից սկսած մինչեւ սփյուռքահայ տասնյակ սիրողական գրվածքները ներկայացնում են մի անիրականության աստիճան հովվերգական ու բարի հայկական միջավայր, որը կործանվում է չար, բայց իրական թուրքերի բռնությունների հետեւանքով: Ներկա սփյուռքահայերի բացառիկ ակտիվությունը Եղեռնի եւ համարյա թե անտարբերությունը այլ հայկական թեմաների շուրջ եւս մի վկայություն է, որ Սփյուռքը միավորված է մահվան շուրջ: Բայց միայն ցեղասպանության շուրջ միավորվելը կարծում եմ աղետ է հայաստանցիներիս համար: «Մենք դատապարտված ենք օրը 24 ժամ հայ լինելու եւ ոչ թե շաբաթը կամ ամիսը մի քանի ժամ, ինչպես սփյուռքահայերը, որոնք մնացած ժամանակ ֆրանսիացի են, ամերիկացի, բելգիացի: Նրանք կարող են իրենց շռայլություն թույլ տալ այդ մի քանի ժամը նվիրել բացառապես ցեղասպանությանը, անցյալին: Մենք հիշելուց պետք է հիշենք նաեւ հերոսական ինքնապաշտպանության բազմաթիվ դեպքերը, իսկ ընդհանուր առմամբ ներկայի ու ապագայի մասին մտածենք ավելի շատ, որ պարզապես կարողանանք ապրել առանց այդ էլ ծանրագույն մեր պայմաններում»: Թե որքան ազդեց իմ ելույթը Դի եկած մի քանի սփյուռքահայերի վրա՝ չգիտեմ: Փաստն այն է, որ այստեղից ֆրանսիացիների հորդորներով շալակած-տարած մեր գրքերը նրանք չգնեցին: Վալանս քաղաքի մեծ տոնավաճառում էլ բոլոր ազգերը հուշանվերներ, ազգային հագուստներ, երգ ու պար, իսկ հայերը Ցեղասպանության ու Ֆրանսիայում հաստատվելու իրենց պատմությունն էին ներկայացրել: Տոնավաճառի փակումից հետո տեղի ունեցած ճաշկերույթին ոչ մեկի մտքով չանցավ ներկայացնել Հայաստանից ժամանածներիս ու հայալեզու մի երկու բանաստեղծություն լսել, այլ կերան, խմեցին, պարեցին երկու հայկական շուրջպար, հետո՝ երեք արաբական-հունական (չարժե՞, օրինակ, որ Սարոյանի արտահայտությունների նմանությամբ այսպիսի մեկն էլ հորինեինք. «Ամեն հայ արաբ է, բայց ամեն արաբ հայ չէ») եւ ռուս-գնչուական երգերով եզրափակեցին հանդեսը: Իհարկե, կարելի է դատապարտել ինձ այսպիսի մի հավաքույթից մեծ ակնկալիքներ ունենալու համար, բայց խնդիրն այն է, որ նման հանդիպումներից դուրս Հայաստանի գրականությունն ընդհանրապես առկա չէ Ֆրանսիայում: Եթե մեկ եւ ամենալուրջ նախապայման նշեմ. չկա ֆրանսիացի հրատարակիչների կողմից ընդունված որեւէ թարգմանիչ, որ հայ գրողի ստեղծագործությունն ընտրի, թարգմանի եւ հասցնի մինչեւ ընթերցող: (Գրիգոր Պլտյանը պատրաստում է «Հայ ժամանակակից բանաստեղծության անթոլոգիա», որը թարգմանում են իր ուսանողները, իսկ Դենի Դոնիկյանը նույնանման ժողովածուի մտահղացումն իրագործելու համար երկրով մեկ փնտրում էր թարգմանիչ): Ամա՜ն, Հայաստան մի՛ գացեք, շատ պիտի տխրիք Անհուսալի հիվանդների ընկերները երկու կարգի վերաբերմունք են ունենում նրանց նկատմամբ: Մի մասն աշխատում է հիվանդին մենակ չթողնել եւ ավելի ուրախ կամ հաճելի գործերից իրեն կտրելով՝ թեթեւացնել ընկերոջ դրությունը, ցրել մռայլ մտքերը: Ուրիշներն ասում են, որ ուզում են սիրելի բարեկամին հիշել իր առողջ եւ ուժեղ վիճակում, չեն ցանկանում գնալ ու տեսնել նրա հյուծումն ու հուսահատությունը: Ահա այս երկրորդ տրամադրությունը ես նկատեցի ֆրանսահայերի մեջ անձամբ իմ ունեցած հանդիպումների ընթացքում: Հայաստանում ահավոր պայմաններ են, եւ պետք չէ, ամա՜ն , պետք չէ այնտեղ գնալ, որովհետեւ շատ պիտի տխրիք: Պարզ չէ, այսինքն, Հայաստանն այսպես կործանվի՛ վերջանա, հետո կարելի է գնալ քրդերի ուղեկցությամբ պատմական հուշարձանները դիտելու եւ թուրքական ճաշարաններում մեր երգերի նմանությունները որսալու, թե՞ մի հրաշքով մուրացկաններն ու աղքատությունը, կաշառակերությունն ու կոպտությունը վերանան, հետո կարելի է գալ վայելելու Հայաստան-դրախտավայրը: Այս մտայնությունը հատկապես սարսռազդու է մեր իշխանությունների կողմից երեւակայական զբոսաշրջիկների տասնյակ ու հարյուր հազարների հաշվառման ոգեւորության եւ մեր ունեցած միակ ապրանքը՝ «մարդու կյանքում մի անգամ լրացող քրիստոնեության 1700-ամյակը», սփյուռքահայերի վրա ամենաբարձր գնով սաղացնելու կարծեցյալ ճարպկության ֆոնին: (Նույն ժամանակ, ասենք, Փարիզի մետրոյի վագոնները հեղեղված էին բազմաթիվ հետաքրքիր երկրներում հանգիստ անցկացնելու էժան առաջարկներով): Խոսքիս սկզբում խոստացել էի, որ վերջում կասեմ, թե ինչ եզրակացության հանգեցրեց հայ գրականության օրերը Դի կոչվող քաղաքում անցկացնելու մտահղացումը, բայց երեւի առայժմ ձեռնպահ մնամ: Փաստենք ուղղակի, որ Ալպյան նախալեռներն էլ նվաճեցինք 10 օրով, ֆրանսիացի բարեկամներ ձեռք բերեցինք Դիում, բայց ֆրանսերեն ընթերցող աշխարհի մեջ թողեցինք այնքան հետք, որքան որ այսօր ի վիճակի ենք՝ ոչ մի: ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել