Լրահոս
Օրվա լրահոսը

Բնության օրենք է. ազդեցությունը առաջ է բերում հակազդեցություն։ Դեռ 1991֊93 թվերին, երբ քննարկվում էր

Մայիս 31,2001 00:00

ՀՀ172ն ՄԱԿ172ի գրասենյակ չէ Բնության օրենք է. ազդեցությունը առաջ է բերում հակազդեցություն։ Դեռ 1991֊93 թվերին, երբ քննարկվում էր լեզվի մասին ՀՀ օրենքի նախագիծը, խորհրդարանում ընդդիմադիր ուժերը բաժանեցին մի գրություն, որ կոչվում էր «Ինչու չպետք է ընդունել լեզվի մասին օրենքը»։ Դրա հեղինակը Հայաստանի օտարախոս (ռուսախոս) հայերն էին, որոնք չէին ուզում կորցնել իրենց իշխող հասարակական դիրքը, թեկուզ եւ դա հայկականության, հայոց լեզվի ու մշակույթի հաշվին էր։ Օրենքն այնուամենայնիվ ընդունվեց, թեեւ մեծ կորուստներով ու նահանջներով։ Ընդդիմադիր ուժերը խրամատավորվեցին։ Բայց շուտով նկատելով ազգային զարթոնքի տեղատվությունը՝ աշխուժացան եւ կամաց֊կամաց անցան գրոհի։ Ռուսալեզու մամուլը որպես խոսափող օգտագործելով՝ սկսեցին պահանջել լեզվի մասին օրենքի փոփոխություններ՝ թույլ տալու համար հայերի օտարալեզու կրթություն, օտարալեզու գործավարություն եւ այլն։ Մեկը մյուսի հետեւից սկսեցին Հայաստանում բացվել Ռուսաստանի եւ այլ երկրների պետական եւ մասնավոր բուհերի մասնաճյուղեր եւ մասնաճյուղերի մասնաճյուղեր։ Ու քանի որ սրանք փող ունեին, գործունեության արտոնագրեր էլ ստացան՝ հակառակ գործող օրենքներին։ Վերջերս Հայաստանում փորձեր արվեցին ավելի հետեւողական դարձնելու պայքարը լեզվի մասին օրենքի խախտումների դեմ։ Եվ ահա հակազդեցությունը. օտարախոս զանգվածը սկսեց «լոբբինգ» իրականացնել Ազգային ժողովում։ Մի պատգամավորի անվամբ հաջորդաբար երկու նախագիծ ներկայացվեց լեզվի մասին օրենքը վերանայելու վերաբերյալ։ Նախագծերն, իհարկե, մերժվեցին տարբեր ատյանների կողմից եւ ԱԺ օրակարգ չմտան։ Այդ նախագծերը նախ՝ հակասում էին ՀՀ Սահմանադրությանը, այլ օրենքների եւ անգամ միջազգային եւ միջպետական զանազան համաձայնագրերի։ Բացի այդ, դրանք առաջ էին քաշում ՀՀ օրենքների իրավասությունից դուրս խնդիրներ (միջազգային եւ միջպետական հաղորդակցման լեզուների հարց, օտար լեզուներ սովորելու ազատություն եւ այլն)։ Վերջերս 11 պատգամավորների անունից ներկայացվել է եւս մի նմանատիպ նախագիծ, որի հիմնական իմաստը նույնն է. ռուսերենի համար վերականգնել այն գերիշխող դիրքը, որ կար խորհրդային տարիներին (թեեւ այն ժամանակ էլ Հայաստանում պետական լեզու էր հռչակված հայերենը) եւ օտարալեզու կրթության ազատություն տալ։ Իրավաբանական գրագիտությամբ բացասական առումով աչքի ընկնող այս նախագծում, օրինակ, գրված է. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է ռուսերենի եւ միջազգային հաղորդակցման այլ լեզուների ազատ գործածությունը»։ Որտե՞ղ (աշխարհո՞ւմ, Մարսի վրա՞, թե՞ Հայաստանում)։ Ի՞նչ պայմաններում (դիվանագիտական հանդիպումների ժամանա՞կ, ինտերնետո՞ւմ, փողոցո՞ւմ, թե՞ «վաբշե»), ե՞րբ, ինչո՞ւ, ինչքա՞ն, ի՞նչ գնով… Պատգամավորների կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի գրասենյա՞կ է, ի՞նչ է, որ մուտքի վրա էլ մի 20 լեզվով գրենք. «Այստեղ կարող եք խոսել եւ կրթվել ցանկացած լեզվով»։ Նույն նախագծում սեւով սպիտակի վրա գրված է. «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է գրական հայերենի՝ որպես կրթական համակարգում դասավանդման ու դաստիարակման լեզվի գործածությունը եւ պայմաններ են ապահովվում այդ ոլորտում ռուսերենով ու միջազգային հաղորդակցման այլ լեզուներով դասավանդում եւ դաստիարակություն իրականացնելու համար»։ Այսինքն՝ հայալեզու կրթությունը թույլատրվում է, չի արգելվում, իսկ օտարալեզու կրթության համար հատուկ պայմաններ են ստեղծվում, ջանքեր են թափվում, ներդրումներ են արվում (Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Չինաստանի պես հզոր երկրները ապրած կենան. նրանք հանուն իրենց լեզուները տարածելու՝ ամբողջ Հայաստանը կծաղկեցնեն։ Ճիշտ է, Հայաստանն այս անգամ էլ կդառնա մշակութային պատերազմների թատերաբեմ, եւ մնացած հայերն էլ կցրվեն աշխարհով մեկ, բայց «զատո» բոլորս կտիրապետենք միջազգային հաղորդակցման լեզուների)։ Նախագծի վերջերում էլ դարձյալ սեւով սպիտակի վրա գրված է.«Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է … գրականության հրատարակումը ռուսերեն եւ միջազգային հաղորդակցման այլ լեզուներով»։ Բա որ չխրախուսեր… Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ խեղճ «միջազգային հաղորդակցման լեզուների» վիճակը։ Գրախանութներն այլեւս չէին պայթի անգլերեն ու ռուսերեն գրքերի հեղեղից, ինտերնետում ամայություն կտիրեր, «Մայքրոսոֆթ» ֆիրման կսնանկանար, Ամերիկայում տնտեսական ճգնաժամ կսկսվեր, դոլարի դիրքերը կխախտվեին, եւ շատ այլ ահավոր բաներ։ Գ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել