Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայումս չինական ասեղնաբուժությունը լայնորեն կիրառվում է բժշկության

Մայիս 31,2001 00:00

Իրականում հետեւանք է եւ ոչ թե պատճառ Ներկայումս չինական ասեղնաբուժությունը լայնորեն կիրառվում է բժշկության մեջ։ Այս մեթոդով բուժվում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ նեւրոզը, հենաշարժական ապարատի հետ կապված հիվանդությունները, գլխացավերը, անդամալուծությունը եւ այլն։ «Նաիրի» բուժառողջական միավորման չինական ասեղնաբուժության բաժանմունքի նյարդաբաններ Աշոտ Արմավանյանի եւ Շուշանիկ Մխիթարյանի խոսքերով. «Չնայած ասեղնաբուժությունը միշտ չէ, որ լիարժեք բուժման երաշխիք է տալիս, սակայն այն եզակի բուժման միջոցներից է, որը բացառում է հակառակ ազդեցությունները։ Բուժման այդ ձեւը վատ հետեւանքներ չի թողնում հիվանդի վրա եւ, որ ամենակարեւորն է, էկոլոգիապես մաքուր է, քանի որ բուժման ողջ ընթացքում բացակայում է քիմիան։ Մենք աշխատում ենք միայն ասեղներով, երբեմն նաեւ դեղաբույսերով, որոնք զուգորդվում են չինական մեղմ երաժշտությամբ»։ Նյարդաբան Ա. Արմավանյանի գնահատմամբ, վերջին տարիներին հատկապես մեծ թիվ են կազմում նյարդային հիվանդություններով տառապող հիվանդները կամ նրանք, ովքեր նյարդային հողի վրա ձեռք են բերել մի շարք հիվանդություններ։ «Ըստ էության, բոլոր տեսակի սթրեսները, նյարդային ապրումները երբեք անհետեւանք չեն մնում՝ ի հայտ են գալիս խոցային հիվանդություններ եւ երբ բուժում ես հիվանդին, հասկանում ես, որ հիվանդությունը իրականում հետեւանք է եւ ոչ թե պատճառ»,- ասաց պրն Արմավանյանը։ Տիկին Մխիթարյանի կարծիքով, վերոնշյալից բացի, 20-րդ դարի ամենամեծ հիվանդությունը, որը վերածվել է «համաճարակի», համարվում է անշարժությունը։ «Անշարժություն հիվանդությամբ տառապում է մարդկանց մեծամասնությունը։ Հիմա երիտասարդների մեջ, կարծես թե, բացակայում է մարմնի ճկունությունը, շարժողականությունը։ Մենք սահմանվածից քիչ ենք ծախսում ֆիզիկական էներգիա, իսկ դա հանգեցնում է ողնաշարային բազմաթիվ հիվանդությունների»,- ավելացրեց տիկին Մխիթարյանը։ Նրա խոսքերով, մարդիկ միկրոտիեզերք են եւ կապված են մակրոտիեզերքի հետ, այսինքն՝ էներգիան անընդմեջ պտտվում է։ Մարդկանց մեջ դա կատարվում է հատուկ «կանալների» միջոցով, որոնք մինչ օրս գիտությունը չի հայտնաբերել։ Եվ եթե այդ «կանալները» խցանվում են, առաջանում է ընդհանուր էներգիայի պտտման խանգարում եւ այն այլեւս հավասարաչափ չի պտտվում։ Մի տեղ առաջանում են կուտակումներ, մի տեղ էներգիան ընդհանրապես բացակայում է, ինչն էլ հանգեցնում է տարբեր հիվանդությունների առաջացման։ Օրինակ, նյարդային հոգեվիճակները համարվում են էներգիայի կուտակման արդյունք, իսկ իմպոտենցիան՝ էներգիայի պակասություն։ Եվ նման ստերեոտիպով են դասակարգվում մարդկային բոլոր հիվանդությունները։ Նա նշեց նաեւ, որ իրենք հիվանդներին բաժանում են երեք խմբի։ Առաջին խումբը նյարդային, մաշկային եւ կանացի հիվանդություններով տառապող 20-40 տարեկան հիվանդներն են, որոնց բուժելիս հասկանում ես, որ իրենց հիվանդության միակ պատճառը սոցիալական կամ ընտանեկան պրոբլեմներ են։ Հաջորդ խումբը 40-70 տարեկան մարդիկ են, որոնք հիմնականում բողոքում են հենաշարժական ապարատի հիվանդություններից, ֆունկցիոնալ խանգարումներից եւ այլն։ Իսկ վերջին խումբը բազմաթիվ մանկական անդամալուծությամբ տառապող մինչեւ 20 տարեկան երեխաներն են։ Վերջում մեր զրուցակիցները խորհուրդ տվեցին՝ նախքան չինական ասեղնաբուժության որեւէ կենտրոնի դիմելը ճշտել, թե տվյալ հիմնարկությունը ունի՞ առողջապահության նախարարության կողմից տրված աշխատանքի թույլտվության, քանզի «եղել են դեպքեր, երբ մեզ են դիմել այնպիսի հիվանդներ, որոնք բուժվել են այս կամ այն ասեղնաբույժի մոտ եւ ստացել տարբեր աստիճանի բորբոքումներ, վնասվածքներ։ Ուստի, ավելորդ չենք համարում մեր համաքաղաքացիներին զգուշացնել, որ միայն փոքր, նեղ աչքեր ունենալը եւ ազգությամբ չինացի լինելը չի կարող հիմք հանդիսանալ չինական ասեղնաբուժությամբ զբաղվելու համար»,- ասաց պրն Արմավանյանը։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել