Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ փողոցի եզրին մեքենա կանգնեցնելու համար ձեզնից 100 դրամ են ուզում, դուք դժվար թե հետաքրքրվեք՝ հատ

Մայիս 31,2001 00:00

ՆՈՐԻՑ ՄԵՐ ՀԱՇՎԻՆ Երբ փողոցի եզրին մեքենա կանգնեցնելու համար ձեզնից 100 դրամ են ուզում, դուք դժվար թե հետաքրքրվեք՝ հատկապես ո՞վ է վճարված գումարի վերջնական հասցեատերը։ Իրականում տարբերակները այստեղ բազմապիսի են. թաղային հեղինակություն կոչվածից սկսած եւ ավարտած քիչ թե շատ լուրջ պաշտոնի հասած չինովնիկով։ Եվ մատների վրա կարելի է հաշվել այն ավտոկանգառները, որոնք շահագործում են պետական եւ համայնքային գանձարաններին գումար փոխանցող ՍՊԸ-ները։ Այսօր շատ է խոսվում քաղաքի փողոցների այլանդակված վիճակի եւ միջոցների սղության մասին։ Մի փոքր լարելով հիշողությունը, կարելի է մտաբերել, որ քաղաքապետարանն իր ձեռքով է մորթել այն հավին, որը ոսկե հավկիթներ էր ածում։ Խոսքը 8 ամիս առաջ լուծարված «Երեւան-սերվիս» ՊՓԲԸ-ի մասին է։ Պաշտոնական մակարդակով լուծարման փաստը բացատրվեց կառուցվածքային վերակազմավորմամբ։ Ոչ պաշտոնական վարկածները խաղարկում էին ֆինանսական չարաշահումների թեման։ Հենց սկզբից պարզ էր, որ երկու բացատրություններն էլ չեն արտացոլում իրականությունը։ Ի վերջո, ցանկացած վերակառուցում պիտի բարելավի իրավիճակը, այլապես իմաստ չունի։ Իսկ լուծարումից ուղիղ մեկ ամիս հետո չվճարումների պատճառով անջատվեցին քաղաքապետարանի բոլոր հեռախոսները։ Ամսական 6-8 մլն դրամ էր անցնում մայրաքաղաքի տրամադրության տակ՝ շնորհիվ 56 ավտոկանգառների հետ կնքված պայմանագրերի։ Իսկ շնորհիվ հարկային մարմիններին ուղարկվող պայմանագրերի՝ յուրաքանչյուր ավտոկանգառի տերը ստիպված էր հավելյալ 120 հազար դրամ հաստատված վճար մուծել պետբյուջե։ Վճարովի կանգառները «ստվերից լույս քաշելուն զուգընթաց», «Երեւան-սերվիսը» լավ թե վատ զբաղվում էր նաեւ անվճար կանգառներ հիմնելով։ Խանութների եւ բարերի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվում ապահովել հաճախորդներին անվճար կանգառի իրավունքով, եւ խանութը դեռ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար քաղաքին ամսական 200 դրամ էր մուծում։ Իսկ ի՞նչ է կատարվում հիմա։ Ով որտեղ ասես՝ փող է հավաքում, իսկ պետությանը եւ համայնքներին՝ ոչ մի օգուտ։ Ինչ վերաբերում է ֆինանսական չարաշահումներին, ապա ակնհայտ է, որ մի «Երեւան-սերվիսին» վերահսկելն ամեն դեպքում ավելի դյուրին էր, քան 12 թաղապետարաններին, որոնք եւ այժմ շահագործում են ավտոկանգառները։ Այնպես որ, հեռու պետք չէ գնալ պարզելու համար, թե ում է իրականում ձեռնտու ոլորտի այսօրվա ապակենտրոնացումը։ Նախ տնտեսվարող սուբյեկտներին, որոնց վրա հսկողությունը զգալի թուլացել է եւ հետո՝ տեղական իշխանավորներին, որոնց ընձեռվել է կանգառատերերին «անհատական» վերաբերմունք ցուցաբերելու հաճելի մենաշնորհը։ Վերջերս խոսվում է ակտիվ բանակցությունների մասին, որոնք վարում է քաղաքապետարանը իտալական մի կազմակերպության հետ։ Իտալական կողմը ցանկանում է շահագործել 20 ավտոկանգառ, յուրաքանչյուրից ամսական 100 հազար դրամ մուծելով քաղաքին։ Վատ չէ, եթե մոռանանք, որ այսուհետ վարորդները ստիպված կլինեն 100 դրամ մուծել յուրաքանչյուր 1 ժամի համար, այլ ոչ թե անսահմանափակ կանգնել՝ 100 դրամ վարձի դիմաց։ Այսինքն՝ քաղաքապետարանը ձգտում է բոլոր հոգսերը հոգալ շարքային քաղաքացիների եւ ոչ թե առանց ներդրումների շահույթ ստացող կանգառատերերի հաշվին։ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել