Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՊԵՐՆ» «ՕՊԵՐ» Է՝ ՆԳՆ-ՈՒՄ, ԹԵ ՊԵՆ-ՈՒՄ

Մայիս 31,2001 00:00

«ՕՊԵՐՆ» «ՕՊԵՐ» Է՝ ՆԳՆ-ՈՒՄ, ԹԵ ՊԵՆ-ՈՒՄ Մենք տեղեկացանք, որ «Օգոստոս» գործակալության գրեթե բոլոր կետերում գույքագրումն, ըստ էության, ավարտվել է։ Բայց, ինչպես երեւում է, դա ստուգողների գործի կեսն էր միայն։ Երեկ նրանք արդեն պահանջել են գործակալության նախկին աշխատողների փաստաթղթերը,նրանց աշխատանքային պայմանագրերը, հասցեները եւ այլն։ Թե ինչո՞ւ, ստուգողներն, անշուշտ, բազում ու, գուցե, օրինական պատճառաբանություններ կգտնեն։ Իրականում գործակալության «նախկիններին» երեւան բերելու ստուգողների ջանքերը չարագուշակ են թվում՝ հաշվի առնելով Աշոտ Բլեյանի գործի նախադեպը։ Գուցե, համեմատությունն այնքան էլ տեղին չէ, բայց, դե, բոլոր «օպերատիվնիկների» աշխատելաոճն է նույնը։ Հիշենք, որ Ա.Բլեյանի գործը «թխելու» համար համապատասխան մարմինները նախ առանձին-առանձին այցելում էին վերջինիս աշխատակիցներին ու աշակերտներին, շանտաժի էին ենթարկում, ի վերջո, սպառնում, որ Բլեյանի դեմ ցուցմունքներ կորզեն։ Թե որքան հեռու են գնալու իշխանությունների «պատժիչ գործողությունները» «Օգոստոս» գործակալությունում, առայժմ դժվար է կանխատեսել։ Հայտնի է միայն, որ երեկ ստուգողներն այցելել են գործակալության մի քանի կետեր եւ օգտվելով աշխատակիցների՝ իրենց իրավունքների մասին տարրական պատկերացում չունենալու հանգամանքից, հակառակ օրենքի պահանջին, ահաբեկված աշխատակիցներին ստիպել են բացատրագրեր ու հայտարարություններ գրել։ Իսկ ավելի ստույգ՝ թելադրել են դրանց բովանդակությունը։ Կետերից մեկում ստուգման ականատեսներից մեկը պատմում էր, որ ՊԵ աշխատակիցներն ուղղակի հավաքել են այդ պահին վաճառողի սեղանին դրված ամեն բան, ինչը, ստուգողներին, թերեւս, «կասկածելի» ու հետաքրքիր է թվացել՝ առանց տարբերակելու, թե դրանք հիշյալ գործակալությանը որքանով են առնչվում։ Նրանք «առգրավել» են ինչ պատահի՝ սկանվորդներ, ծրագրեր եւ այլն։ Մեզ ոչինչ չի մնում, քան ՊԵ նախարար Անդրանիկ Մանուկյանին հիշեցնել, որ նախարարի պաշտոնը ցմահ չէ, մինչդեռ կրկին պատգամավոր ընտրվելու համար հասարակության կողմից տրվող «լավ բնութագիրն» իրեն, անկասկած, դեռ պետք կգա։ Պարզապես չարժե սեփական ձեռքերով ուրիշի համար կրակից շագանակներ դուրս բերել։ Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել