Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒՄԵՐԱՆԳ

Մայիս 31,2001 00:00

ԲՈՒՄԵՐԱՆԳ Պետական եկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը երեկ հերքեց հրապարակված այն լուրը, թե ինքն ԱԺ պատգամավորի հետ մի սեղանի շուրջ տեղի ունեցած խոսակցության ժամանակ ասել էր, որ Հայաստանի հաջորդ վարչապետի անունն էլ է Անդրանիկ լինելու. «Ես վերջին 6 ամիսների ընթացքում որեւէ պատգամավորի հետ ռեստորան չեմ գնացել։ Եվ ընդհանրապես, ես էթիկայի նորմերը հարգող մարդ եմ եւ ինձ թույլ չէի տա վարչապետի հասցեին նման արտահայտություններ անել։ Սա պարզապես փորձ է սեպ խրել իմ եւ վարչապետի հարաբերությունների միջեւ»։ Անդրանիկ Մանուկյանը հերքեց նաեւ այն լուրը, թե իր եւ Անդրանիկ Մարգարյանի հարաբերությունները վերջերս սրվել են. «Իմ եւ վարչապետի հարաբերությունները շատ լավ են։ Մենք համատեղ աշխատում ենք, նա ինձ օգնում է»։ Հետաքրքրվեցինք, թե երեկվա տվյալներով ինչքա՞ն են կազմել մայիս ամսվա հարկային եւ մաքսային մուտքերը, արդյոք իրակա՞ն է թերհավաքագրման կանխատեսվող վտանգը։ «Դեռ ամիսը չի ավարտվել,- հիշեցրեց պրն Մանուկյանը։- Ընդհանրապես, հարկերը հիմնականում հավաքվում են ամսվա վերջին օրերին։ Եվ եթե մուտքերն ապահովվեն՝ այդ կանխատեսումների հեղինակները ներողություն կխնդրե՞ն ինձանից»։ Ինչ վերաբերում է Անդրանիկ Մանուկյանի հյուրանոցին, որի շինարարությունն, ըստ մամուլի, վերսկսվել է նրա նախարար նշանակվելուց հետո. «Այդ հյուրանոցը սկսել եմ կառուցել դեռ նախկին իշխանությունների օրոք,- նշեց պրն Մանուկյանը։- Նախորդ իշխանության ժամանակ ես որեւէ ակնկալիք չունեի, որ կդառնամ նախարար, այն էլ՝ պետական եկամուտների, որ այդ գումարներով կառուցեմ հյուրանոցը։ Բոլորդ գիտեք, որ ես հաջողակ ու խոշոր գործարար եմ եղել եւ իմ գումարները վաստակել եմ հալալ քրտինքով։ Ես իմ վաստակած գումարները ներդնում եմ Հայաստանում, ստեղծում աշխատատեղեր եւ ոչ թե այլոց պես պահում արտասահմանյան բանկերում։ Այդ գեղեցիկ կառույցը մնալու է հայ ժողովրդին»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել