Լրահոս
Օրվա լրահոսը

Նա շատ էլ պուպուշ է

Մայիս 31,2001 00:00

Մի՛ կասկածեք մեր նախագահին Նա շատ էլ պուպուշ է «Վերջին ժամանակներս տարբեր մակարդակի պետական չինովնիկներ ջանք ու եռանդ չեն խնայում խոչընդոտելու Ազգային համաձայնության ճակատի գործունեությանը։ Անօրինական կերպով ճնշումներ են գործադրվում դահլիճների տնօրենների վրա՝ ստիպելով նրանց ԱՀՃ-ին չտրամադրել իրենց տնօրինության տակ գտնվող դահլիճները։ Զանազան կեղծ պատրվակներով Երեւանի քաղաքապետարանի կողմից չեն արտոնվում մեր հանրահավաքների անցկացումը, անգամ մասնավոր հեռուստաընկերությունները հրաժարվում են եթեր տրամադրել, պատճառաբանելով, թե անախորժություններ կունենան իշխանությունների հետ»։ Սա մեջբերում է Ազգային համաձայնության ճակատի բաց նամակից, որը հասցեագրված է նախագահ Քոչարյանին։ Ճակատը բազմիցս է ահազանգել, որ ՀՀ Սահմանադրության երաշխավորի դերն ի պաշտոնե եւ դեպքերի բերումով ստանձնած Քոչարյանի, մեղմ ասած, թողտվությամբ պարբերաբար ոտնահարվում են մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, որոնք ամրագրված են մեր երկրի հիմնական օրենքում, մասնավորապես հոդված 26-ում։ Երեկ, Ազգային համաձայնության ճակատի ներկայացուցիչների հրավիրած ասուլիսի ժամանակ, Վարդան Խաչատրյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ զանգվածային որեւէ միջոցառում անցկացնելու համար Ճակատի առջեւ արհեստական խոչընդոտներ են հարուցվում։ Իբրեւ օրինակ, նա հիշատակեց Երեւանի քաղաքապետարանի կողմից Ճակատի նախաձեռնած հանրահավաքներն, ըստ էության, տապալելու բազում հաջողված փաստեր։ Նա ընդգծեց, որ բացի հանրահավաքի անցկացումը ամենատարբեր պատճառաբանություններով չարտոնելը, քաղաքապետարանը պարտավոր է ոչ միայն պատշաճ կարգով եւ գրավոր ներկայացնել միջոցառումը չարտոնելու պատճառը, այլեւ մերժելու դեպքում առաջարկել միջոցառումը տեղափոխել կոնկրետ օր ու ժամ, ինչն, իհարկե, չի արվում։ Ճակատի ներկայացուցիչների դժգոհությունը քաղաքապետարանի կողմից հանրահավաք անցկացնելու թույլտվությունը հերթական անգամ մերժելու հետ էր կապված։ Պարզ չէ, թե քաղաքական դաշտում ուժեղ կամ թույլ ընդդիմության բերանը փակելու հստակ նպատակ հետապնդող այդ քաղաքականությունը երկա՞ր կտեւի եւ կամ, ի վերջո, կարդարացնի՞ արդյոք իշխանությունների հույսերը, թե՞ ոչ։ Փոխարենը փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում ամենաշատ ճնշված ու քարկոծված ընդդիմությունը մի գեղեցիկ օր ժողովրդի ուսերին նստած իշխանության է գալիս եւ հարկ է, որ այդ փաստը երկրի այսօրվա վարիչները չմոռանան։ Միեւնույն է, հասարակության ակնհայտ դժգոհությունը կոմպրոմատ չէ ու իշխանությունների գզրոցներում երկար պահել հնարավոր չէ։ ԱՀՃ ներկայացուցիչները լրագրողներին նաեւ մի տեղեկանք բաժանեցին, ուր արձանագրված էին իշխանությունների կողմից իրենց գործունեությանը խոչընդոտած թվով 9 փաստեր։ «Մարդու իրավունքները, այդ թվում՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու ազատությունը մեր Սահմանադրությամբ եւ Միջազգային պայմանագրերով ուղղակի գործունեության նորմ է եւ դրանց խախտման պատասխանատվությունը կրում է Սահմանադրության երաշխավորը՝ ՀՀ նախագահը»,- ընդգծել է ԱՀՃ-ն հիշյալ տեղեկանքում։ Ճակատի անդամ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահն էլ նկատեց, թե վերջինիս բոլոր նախաձեռնությունների մերժումը համատարած բնույթ է կրում եւ կոնկրետ իր գլխավորած կուսակցությանն այլեւս ոչինչ չի մնում, քան դիմել միջազգային հանրությանը՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ ընդհանրապես Արեւմուտքում գործող Սոցիալ-դեմոկրատական քույր կուսակցություններին։ «Գուցե նրանք ավելի բարյացակամ գտնվեն եւ թույլ տան մեր միջոցառումներն իրենց երկրներում անցկացնել»,- կատակեց կուսակցության նախագահը։ Իսկ առայժմ ընդդիմության նկատմամբ իշխանությունների անհանդուրժողականության եւ պետական մարմինների կողմից Ճակատի միջոցառումներին խոչընդոտելու փաստերի վերաբերյալ ԱՀՃ-ն դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը, նախագահին կից Մարդու իրավունքների հանձնաժողովին եւ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովին՝ ըստ երեւույթին, իշխանությունների գործողություններին գնահատական տալու ակնկալիքով։ Անշուշտ, միամտություն է կարծել, որ արդարադատության նախարարությունից կամ Մարդու իրավունքների հանձնաժողովից լուրջ ակնկալիքներ կան, առավել եւս, որ դրանք ընդամենը Ռոբերտ Քոչարյանի սպասավոր եւ օժանդակ օղակներն են, ինչը հայտնի է ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ հասարակությանը։ Ցավալին, իհարկե, այն է, որ ընդդիմադիր դաշտում գործող Ճակատն է այդքան անլուրջ կամ, լավագույն դեպքում, միամիտ, որ նախագահ Քոչարյանին ուղղված իր բաց նամակում վերջինիս պարզապես խնդրում է հերքել կամ հաստատել շրջանառվող այն լուրերը, թե Ճակատի դեմ գործողություններն ուղղորդվում են հենց Քոչարյանի կողմից, կարծես, պատրանքներ ունի, թե կփարատվեն «խեղճ մարդու» հանդեպ ունեցած իր կասկածները։ Ասենք, նախագահը չարհամարհեց Ճակատի հարցադրումն ու լավագույն դեպքում հերքեց «շրջանառվող լուրերը»։ Հետո՞։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել