Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես

Մայիս 31,2001 00:00

«ՄԵՆՔ ԸՆԿԱԾ ՄԱՐԴՈՒՆ ՉԵՆՔ ԽՓՈՒՄ» Այսպես պատասխանեց «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք իրենք մտադի՞ր չեն օգտվել ստեղծված աննախադեպ իրավիճակից եւ փորձել անվստահություն հայտնել կառավարությանը։ Իսկ այլ կերպ, քան աննախադեպ, չես բնորոշի այն իրողությունը, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ երեկ խորհրդարանը չհաստատեց պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ ԱԺ-ի կանոնակարգի 144 հոդվածի համաձայն՝ այս պարագայում դրվում է կառավարության անվստահության հարցը. «Կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծը կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3172ի կողմից, վստահության հարցը դնելուց հետո 24 ժամվա ընթացքում»։ Այդ ժամկետը լրանում է այսօր 16.30-ին։ Մինչդեռ անցած տարիներին մշտապես թերակատարված բյուջեների կատարողականները խորհրդարանում հաստատելու առնչությամբ որեւէ խնդիր չէր եղել։ Քանի որ հաստատված տխուր ավանդույթի համաձայն՝ բյուջեն կազմում է մի կառավարություն, ներկայացնում՝ երկրորդը, կատարում՝ երրորդը, կատարողականը ներկայացնում՝ չորրորդը։ Եվ միշտ էլ մի կո՜ւշտ բողոքելուց հետո բյուջեի թերակատարումից՝ պատգամավորներն անիմաստ եւ անհեթեթ էին համարում ներկա կառավարությանն անցածների գործունեության համար պաշտոնանկության դուռը հասցնելը։ Ահա նման նախադեպ եւս ստեղծվեց։ Եվ այս անգամ մեղավորը բնավ «Միասնության» պառակտվածությունը չէր՝ ներկա բոլոր ՀԺԿ-ականները «կողմ» էին քվեարկել հաստատմանը։ Կառավարությանը տհաճություն պատճառեցին հենց այն ուժերը, որոնց վրա հույս դնելով՝ երբեմն նոր մեծամասնություն ձեւավորելու կոչեր են հնչում։ «Դեմ» եւ «ձեռնպահ» (որ նույն «դեմն» է) քվեարկածները հիմնականում ՀՅԴ-ից, «Օրինաց երկրից», «Ժողովրդական պատգամավորից» եւ «Կայունությունից» են։ Ակնհայտ է, որ այդ տհաճությունը ժամանակավոր է եւ այսօր 16.30-ին կհայտարարվի, թե որեւէ խումբ կամ խմբակցություն կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծ չի ներկայացրել։ Այս պարագայում, ըստ նույն 144 հոդվածի, բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված։ Որ իրադարձությունները հենց այս կերպ կզարգանան, թույլ է տալիս ենթադրել երեկ անցկացրած մեր հարցումը խորհրդարանական այն ուժերի շրջանակում, որոնք ավանդաբար դժգոհում են կառավարությունից։ Այսպես, ՀՅԴ խմբակցության քարտուղար Մարտուն Մաթեւոսյանն ասաց, թե անվստահության խնդիր Դաշնակցությունն այս պահին իր առջեւ չի դրել։ Շատ հետաքրքիր էր այս խմբակցության քվեարկությունը. Վահան Հովհաննիսյանն ու Կիմ Բալայանը «դեմ» էին քվեարկել հաստատմանը, Մարտուն Մաթեւոսյանն ու Մուշեղ Միքայելյանը՝ «ձեռնպահ», իսկ խմբակցության ղեկավարը՝ Աղվան Վարդանյանը, քվեարկել էր «կողմ»։ «Ուրեմն, ինչ-ինչ ակնկալիքներ ունի»,- սույն իրողությունն այսպիսի ենթադրության տեղիք տվեց փորձառու պատգամավորներից մեկին։ «Իրավունք եւ միաբանության» անդամներն էլ գերազանցապես «դեմ» էին քվեարկել հաշվետվությանը։ Քանի որ այս խմբակցության անդամները միշտ պահանջում են կառավարության հրաժարականը, հետաքրքրվեցինք, թե գուցե պատեհ առիթն օգտագործեն եւ փորձեն անվստահությո՞ւն հայտնել։ «Մենք այդպիսի մարդիկ չենք, առիթը չենք օգտագործի,- վստահեցրեց Նապոլեոն Ազիզյանը։- Մենք ուղղակի միշտ հորդորում ենք կառավարությանը, որ եթե ծրագիր չունեն՝ թող վերցնեն՝ մեր ծրագրով առաջնորդվեն։ Բայց մենք այսպես ընկած մարդուն չենք խփում»։ Կոմունիստների խմբակցությունն էլ, որ, բնականաբար, նույնպես դեմ էր բյուջեի հաստատմանը, երեկ երեկոյան դեռեւս նիստ չէր գումարել, որպեսզի ճշտեն դիրքորոշումը՝ ներկայացնե՞լ, թե՞ չներկայացնել անվստահության վերաբերյալ որոշման նախագիծ։ Սակայն առանձնապես տրամադրված չէին նման քայլի, քանի որ, ըստ Գագիկ Թադեւոսյանի, հստակ գիտակցում են, որ իրենք մեծամասնություն չեն. «Եվ անլուրջ կլինի, որ մենք նախագիծ ներկայացնենք»։ Իսկ Նորիկ Պետրոսյանն առավել յուրօրինակ պատճառաբանություն վկայակոչեց. «Եթե մենք անվստահություն հայտնենք, դա կնշանակի, որ մենք ընդունում ենք կառավարության գոյությունը։ Բայց մենք կառավարություն ունե՞նք, որ…»։ Մի խոսքով, կառավարությանն այս միջադեպից թերեւս միայն թեթեւ վախը հետեւանք մնա։ Երեկ ԱԺ-ի հետ հարցուպատասխանի եկած նախարարներն ակնհայտորեն շփոթված էին անամպ երկնքում այս ամպրոպից։ Վարչապետը հաշվետվության չհաստատման վերաբերյալ մեր հարցին ի պատասխան մասնավորապես մի անհասկանալի ենթադրություն արեց. «Ուղղակի հնարավոր է, որ տեխնիկայի պատճառով այսպես եղավ»։ Գուցե նկատի ուներ շուրջ 20 չքվեարկած պատգամավորների՞ն, որոնց ԱԺ-ում հաստատված «տեխնիկայի» համաձայն դահլիճ բերման չէին ենթարկել, որ կոճակ սեղմելով ձայներ ապահովեն։ «Ես չեմ ցանկանում անդրադառնալ 2000 թվականի բյուջեի կատարմանը խանգարող հանգամանքներին։ Բոլորիս դա հայտնի է»,- չնայած Անդրանիկ Մարգարյանն այսպես փորձեց կանխել այդ թեմայով հարցերը, բայց լրագրողներից մեկին, այնուամենայնիվ, հետաքրքրում էր, թե, քանի որ 6 ամսից ավելի ինքն է անցած տարի գլխավորել կառավարությունը՝ ճշտելո՞ւ է շուրջ 100 մլն դոլարի ծախսերի չկատարման պատասխանատուներին։ «Դե, պետք է եկամուտներ, մուտքեր լինեին, որ այդ ծախսերը կատարվեին,- արդարացավ վարչապետը։- Չստացանք արտաքին տնտեսական աջակցությունը։ Եվ երկրորդը՝ առաջին 5 ամիսների ընթացքում հարկերի թերհավաքագրում եղավ»։ Այսուհանդերձ, այսօր Ազգային ժողովում կա՞ որեւէ քաղաքական ուժ, որը կարող է կառավարության անվստահության խնդիրն արծարծել՝ «Առավոտի» այս հարցին ի պատասխան Անդրանիկ Մարգարյանն ասաց, թե չի ցանկանում ԱԺ-ի փոխարեն պատասխանել. «24 ժամ սպասենք եւ տեսնենք ընթացքը»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել