Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի

Մայիս 31,2001 00:00

ՇՏԱՊ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ Մայիսի 23-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստը քննեց ՀԺԿ-ի եւ «Հայաստան» պատգամավորական խմբի առաջարկը՝ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին։ Խորհրդարանական կուսակցություններից մի քանիսն անմիջապես օգտագործեցին խորհրդարանի ամբիոնն՝ իրենց գովերգելու եւ ուրիշներին սեւացնելու համար։ Որոշ քաղաքական գործիչներ նույնիսկ չվարանեցին հայտարարել, թե «Հոկտեմբերի 27»-ը ՀԺԿ-ն կամ «Հայաստան» խումբն ուզում են սեփականաշնորհել։ Ավելի կոպիտ բառ չօգտագործելու համար պարզապես արձանագրենք, որ չափազանց դաժան է նման մեղադրանքը, եթե այն կարելի է մեղադրանք կոչել։ Լրագրողի դիտարկմամբ, թերեւս «Հոկտեմբերի 27»-ի շուրջ պետք էր համախմբվել եւ ոչ թե իրար հետ մրցել, թե ով որքան է փորձում սրբանալ եւ ում հաշվին։ Հանձնաժողովի ստեղծման առիթով տեղի ունեցած քննարկումներն ավելորդ անգամ մի տխուր իրողություն եւս բացահայտեցին. խորհրդարանական ուժերի ճնշող մեծամասնությունը պատրաստ է հարմար սրինգի տակ պարել։ Ոմանք այնպիսի տպավորություն են թողնում, կարծես վրաները ցուցանակ կա՝ վաճառվում է հարմար գնով։ Նման «ապրանք»-ն առայժմ գնորդ ունի, հենց որ գնորդը ձանձրանա, «ապրանքը» դեն կնետվի։ Անցնենք ժամանակավոր հանձնաժողովին։ Ստեղծվեց այդ հանձնաժողովը։ Հենց առաջին օրվանից պարզ էր, որ խումբ-խմբակցություններից շատերը խաղը սկսել են։ ՀՅԴ-ի պարագային մենք արդեն անդրադարձել ենք։ Թեպետ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ իրենց անդամը հանձնաժողովում ամենաակտիվը կլինի, բայց որպես անդամ առաջարկվեց պատգամավոր Կիմ Բալայանը, որն ի սկզբանե շարունակում էր կասկածել հանձնաժողովի ստեղծման նպատակահարմարությանը։ Ընդհանրապես անհնարինն ակնհայտ դարձավ ի սկզբանե, երբ պարզ դարձավ, որ հանձնաժողովի անդամներ են առաջարկվել «Կայունությունից» Հակոբ Հակոբյանը (նույն ինքը՝ Ճոյտ), «Իրավունք եւ միաբանությունից»՝ Նապոլեոն Ազիզյանը, ԱԺՄ-ից՝ Ֆիլարետ Բերիկյանը (որն, ի դեպ, պատգամավոր դարձավ հոկտեմբերի 27-ից հետո), «Օրինաց երկրից»՝ Գեղամ Գասպարյանը, անկախ պատգամավորներից՝ Գագիկ Կոստանդյանը, ՀՀԿ-ն, ինքն իրեն հերթական անգամ գերազանցելով, առաջարկեց Սուքիաս Ավետիսյանին, շատ լավ իմանալով, որ իր դաշնակից ՀԺԿ-ն կողմ կլիներ մեկ այլ հանրապետականի՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանին։ «Ժողովրդական պատգամավոր» խումբն առաջարկեց պատգամավոր Վահագն Գրիգորյանին, այն դեպքում, երբ պրն Գրիգորյանը դեպքից դեպք է լինում խորհրդարանում եւ ինքն էլ «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժած չէ։ Այդ օրը պրն Գրիգորյանը խորհրդարանում չի եղել։ Թեպետ, տուժած չլինելու հանգամանքը կարող է ինչ-որ տեղ նաեւ ավելի օբյեկտիվ լինելու հնարավորություն տալ։ ՀԺԿ-ից հանձնաժողովի անդամներ դարձան Գրիգոր Հարությունյանը եւ Ստեփան Զաքարյանը, «Հայաստան» խմբից՝ Ղուկաս Ուլիխանյանը, ՀԿԿ-ից՝ Խորեն Սարգսյանը։ Նույնիսկ անզեն աչքով երեւում է, որ հանձնաժողովի 12 հոգիանոց կազմում ուժերի դասավորությունն անհավասար է։ Ստացվում է 4-ը 8172ի դեմ։ Հակասությունները դրսեւորվեցին հենց առաջին օրերին, հանձնաժողովի նախագահի ընտրության հետ կապված։ Նախագահի ընտրությունը մի քանի օր ձգձգվում էր, առավոտյան ասվում էր՝ երեկոյան պարզ կլինի, երեկոյան ասվում էր՝ առավոտյան։ Հանձնաժողովի նախագահի թեկնածուներն էին ՀԺԿ-ից Գրիգոր Հարությունյանը, անկախ պատգամավոր Գագիկ Կոստանդյանը եւ «Ժողովրդական պատգամավոր» խմբից Վահագն Գրիգորյանը։ Նախորդ գիշեր, ժամանակավոր հանձնաժողովի նիստը 4 «դեմ», 7 կողմ ձայնով հանձնաժողովի նախագահ է ընտրել Վահագն Գրիգորյանին։ Ինքը, պրն Գրիգորյանը, դրանից ժամեր առաջ իր՝ նախագահ դառնալու մասին լուրերին ժխտողական պատասխան էր տալիս։ Գագիկ Կոստանդյանը նիստին չի մասնակցել, ավելի ուշ զանգահարել է եւ ինքնաբացարկ հայտարարել։ Առայժմ դժվար է ասել՝ հանձնաժողովը կգոյատեւի՞, թե՞ ոչ։ Ձեւականորեն որեւէ կարգ չի խախտվել, հանձնաժողովում ներկայացված են բոլոր խումբ-խմբակցությունները, անկախ պատգամավորները։ Բայց պարզ է, որ սա չի լինելու այն հանձնաժողովը, որը ի վիճակի կլինի իրականացնել ի սկզբանե մտածված նպատակը։ Թեպետ, ըստ ժողովրդական մի արտահայտության՝ ի՞նչ իմանաս, մինչեւ հաստատ չիմանաս։ Այս պահի դրությամբ արձանագրվեց, որ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծված է, ունի նախագահ եւ, եթե որեւէ արտառոց դեպք տեղի չունենա, հանձնաժողովը կսկսի աշխատել։ Սա նույնքան հնարավոր է, որքան այն, որ ՀԺԿ-ն, «Հայաստան» խումբը, նաեւ ՀԿԿ-ն գուցե եւ դուրս կգան հանձնաժողովից։ Հետաքրքիր է, թե դեպքերն ինչպիսի ընթացք կունենան։ Կմնա՞ն վերոհիշյալ ուժերն իրենց իսկ առաջարկով ստեղծված հանձնաժողովում, թե՞ ոչ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել