«ԴԵՐԱՍԱՆԸ ԳՈՒԹԱՆ Է» Երեկ «Նաիրիտի» կուլտուրայի տանը Երեւանի մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի երաժշտական թատրոնի չորրորդ կուրսի ուսանողները ներկայացրին «Իմ զոքանչը» վոդեւիլը։ Արդեն երկրորդ անգամ է, որ ուսանողները, ի հավելումն իրենց դիպլոմային աշխատանքի, բեմադրում են որեւէ պիես։ Չնայած ներկայացման վերջում խմբի ղեկավար Սամվել Միքայելյանը ներկաներից ներողություն խնդրեց հանդիսատեսի սակավության համար, սակայն կուլիսների ետեւում նա ասաց, որ իր սպասումները լիովին արդարացվեցին եւ եթե «մեր ներկայիս ուսանողները այս տեմպերով շարունակեն, հավանականություն կա, որ նրանք մոտ ապագայում հանդես կգան նաեւ մեծ բեմերում»։ Ներկայացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, մանկավարժական համալսարանի դասախոսներ։ Ներկա էր նաեւ Երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը։ Պրն Միքայելյանի խոսքերով, եթե բոլոր թատրոնները հետաքրքրություն ցուցաբերեն, ապա նոր կադրերի ընտրությունը կմեծանա, իսկ թատրոններն էլ կհամալրվեն երիտասարդ եւ տաղանդավոր դերասաններով։ Պրոֆեսոր Ալեքսանդր Քոչարյանը եւս բարձր գնահատեց ուսանողների աշխատանքը։ «Համալսարանը միայն բացահայտում է տաղանդներին եւ դերասանական վարպետության հիմք է դնում, իսկ մնացածը, ինչպես ասել է Ստանիսլավսկին՝ դերասանը գութան է, ինչքան աշխատի, այնքան կփայլի, ինչքան մնա՝ այնքան կժանգոտի»,- ասաց նա։ Ա. ԴԱԲԱՂՅԱՆ