ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Մայիսի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց XVI- XX դդ. արեւմտաեվրոպական գծանկարների ցուցահանդես՝ նվիրված պատկերասրահի 80-ամյակին։ ՀՍՍՀ կառավարության 1921 թվականի որոշմամբ բացվեց Հայաստանի պետական թանգարանը։ Այն ուներ մի քանի բաժին, այդ թվում՝ գեղարվեստի, որը 1935թ. առանձնացավ եւ վերակառուցվեց որպես կերպարվեստի թանգարան, իսկ 1947թ. վերանվանվեց Պետական պատկերասրահ։ Հոբելյանական ցուցահանդեսների շարքում մայիսի 25-ին կայացածն առաջինն էր։ Արեւմտաեվրոպական գծանկարների հավաքածուն կազմավորվել է մի քանի տասնամյակների ընթացքում։ Համալրվել է Էրմիտաժի եւ մասնավոր հավաքածուների օգնությամբ։ Ի դեպ, Շահեն Խաչատրյանի հավաստմամբ, օրերս պատկերասրահ կհասնի ամերիկաբնակ Հայկ եւ Ալիս Ասատուրյանների նվիրած նկարների հավաքածուն։ Գրաֆիկական աշխատանքները, պրն Խաչատրյանի կարծիքով, հնարավոր չէ մշտապես ցուցադրել, սակայն կազմակերպվում են պարբերական ցուցադրություններ։ Այս ցուցահանդեսին ներկայացված էին հայտնի նկարիչներ հոլանդացի Յան Վան Գոգենի եւ ֆրանսիացի Յան Բատիստ Գրյոզի գործերը։ ՆԵԼԼԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ