Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱՐԱՅՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Մայիս 30,2001 00:00

ԱՎԱՐԱՅՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ Ավարայրի ճակատամարտի 1550- ամյակին նվիրված գիտաժողովը կայացավ մայիսի 24-26-ը՝ ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում եւ Օշականի սբ. Մեսրոպ Մաշտոց դպրատանը։ Լիագումար նիստին ներկայացվեցին Վլադիմիր Բարխուդարյանի, Շահե արք. Աճեմյանի եւ Մեսրոպ արք. Աշճյանի ուշագրավ զեկուցումները։ Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին Օշականի սբ. Մեսրոպ Մաշտոց դպրատանը երեք մասնաճյուղերով՝ «Ավարայրը պատմության հոլովույթում», «Ավարայրը անմահության ճանապարհ» եւ «Ավարայրը որպես զինական ավանդույթ»։ Ամենատարբեր դիտանկյուններից քննվեցին Ավարայրի ճակատամարտի դարակազմիկ պատմական նշանակության, Վարդանանց սրբացման, Վարդանի եւ Վասակի կերպարների արժեւորման, Վարդանանց տոնի ավանդույթների վերականգնման եւ այլ խնդիրներ։ Գիտաժողովն իր աշխատանքներն ավարտեց այցելելով Վահան Խորենյանի արվեստանոց (Աշտարակ)՝ մեծագույն հետաքրքրությամբ դիտելով նկարչի բազմաթիվ աշխատանքներն ու «Ավարայրը» մեծադիր կտավը։ Ավարայրի ճակատամարտի, Վարդանանց նահատակության օրը՝ մայիսի 26-ին, ժամը 12-ին գիտաժողովի մասնակիցները եւ հյուրերը՝ գերաշնորհ Մեսրոպ արք. Աշճյանի հոգեւոր առաջնորդությամբ մասնակցեցին Վարդան Մամիկոնյանի հուշարձանի մոտ կազմակերպված հանդիսությանը։ ՍՎԵՏԼԱՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ Ավարայրի ճակատամարտի 1550-ամյակին նվիրված միջոցառումներն ավարտվեցին մայիսի 26-ի երեկոյան Վ. Սարգսյանի անվան մարզադաշտում կայացած թատերականացված հանդիսությամբ։ Մեր խորին համոզմամբ, նման հանդիսությունների (որոնց բուն նպատակը հայրենասիրության սերմանումն է) մուտքը պետք է ազատ լինի։ Առանց այդ էլ ազգային արժեքները մոռացության տված սերունդներին կարիք չկար 500-1000 դրամ արժողությամբ տոմսերով խրտնեցնելու։ Եվ առավել քան տարօրինակ էր կազմակերպիչների դիրքորոշումը. հանդիսությունը սկսելուց հետո անգամ, երբ ակնհայտ էր, որ մարզադաշտը կիսադատարկ է, նրանք համառորեն ներս չէին թողնում այն հատուկենտ երիտասարդներին, ովքեր ցանկություն էին հայտնել ներկա լինել այդ շոուին։ «Գնացեք տոմս գնեք» հորդորներին ի պատասխան՝ «հատուկենտերը» ուղղակի հեռանում էին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել