Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային

Մայիս 30,2001 00:00

Սարդարապատից՝ Մեծ հայրենական Համաշխարհային 1-ին պատերազմից առաջ Արթիկի շրջանի Սարատակ գյուղի (Իմրխան) քահանա Հարություն Մինասյանի երկու զավակները՝ Արշալույսն ու Հովհաննեսը, աշխատանք փնտրելու հույսով գնացին Ամերիկա։ Կարմիր ալիքը, քաղաքացիական կռիվները, արտաքին հարձակումները ընդգրկել էին ողջ Ռուսաստանը եւ սպառնում էին Հայաստանին նույնպես։ Կամավորական ջոկատներ էին կազմվում տարբեր տեղերում սփռված հայերից՝ Հայաստանում ընթացող կռիվներին մասնակցելու համար։ 23-ամյա Արշալույս Մինասյանն առաջիններից էր, որ զորագրվեց Հայաստան մեկնող ջոկատներին։ Նա մասնակցեց Կարսի, Սարիղամիշի, Սարդարապատի ճակատամարտերին։ Սարդարապատից վերադարձավ, ամուսնացավ, 7 երեխա ունեցավ եւ աշխատում էր Հոռոմ գյուղի կոլտնտեսությունում, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ 47-ամյա բազմազավակ հայորդին բանակ զորակոչվեց հենց առաջին օրերին։ Սակայն 1 ամիս Կիրովականում պահելուց հետո ետ ուղարկեցին, քանի որ բանակ էին զորակոչում 18-45 տարեկաններին միայն։ Արշալույս Մինասյանը շարունակեց իր աշխատանքը։ Գյուղերում, այդ նույն օրերին, կազմավորվում էին աշխարհազորային ջոկատներ։ Ենթաշրջանի կենտրոն Հոռոմ գյուղում եւս կազմավորվեց նման մի ջոկատ, որում ընդգրկվեցին ենթաշրջանի բոլոր այն տղամարդիկ, որոնք ի վիճակի էին զենք վերցնելու։ Իբրեւ նախկին զինվորական, Ա. Մինասյանը նշանակվեց աշխարհազորայինների հրամանատար։ Նա, որ ականատեսն էր 18-20թթ. դեպքերին, թուրքերի ներխուժմանն ու գազանություններին, անհանգիստ ու լուռ էր. խոսակցություններ կային թուրքերի վերստին հարձակվելու մասին։ 1942թ. վերջերին Ա. Մինասյանը կամավոր մեկնեց բանակ։ Թիվ 409 հայկական դիվիզիայի հետ նա մասնակցեց Նալչիկ-Արմավիր-Կրասնոդար-Հյուսիսային Կովկասի մյուս բնակավայրերի մարտական գործողություններին։ Կրիմսկ քաղաքի ազատագրման համար մղված կռիվներում նա զոհվեց։ Զոհվեց եւ չիմացավ էլ, որ իր գնալուց 5 օր հետո բանակ է մեկնել աղջիկը, իսկ 1 տարի անց՝ որդին եւ տանը մնացել են 5 անչափահաս երեխաները։ Կինն ու երեխաները սպասում էին նրա նամակներին, նրան, իսկ «սեւ թուղթն» էլ ռազմաճակատից ուղարկված «խնայեցին» տալ նրա հարազատներին… Երեխաները մեծացան առանց հոր, հայր, որի գերեզմանը մինչեւ օրս անհայտ է։ Եվ Սարդարապատի հուշահամալիր բարձրանալիս, եւ Անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկներ դնելիս այնպես է թվում, թե երեխաները տեսնում են իրենց հորը։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել