Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլի Հայաստանի «Անկախության գավաթի» հոբելյանական՝ 10-րդ խաղարկության «Միկա» (Աշտարակ)-«Արարատ» (

Մայիս 30,2001 00:00

«ՄԻԿԱՆ»՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ Ֆուտբոլի Հայաստանի «Անկախության գավաթի» հոբելյանական՝ 10-րդ խաղարկության «Միկա» (Աշտարակ)-«Արարատ» (Երեւան) եզրափակիչ հանդիպումից առաջ մարզական լրագրողները միմյանց հարց էին տալիս, թե ո՞ր թիմը կնվաճի գավաթը։ Ու որպես կանոն, ոչ ոք չէր կարողանում նախապատվությունը տալ կողմերից որեւէ մեկին։ Եվ դա բնական էր։ «Արարատը», որ հանրապետության լավագույն ու ամենափորձառու ակումբներից է, նաեւ ամենագավաթային թիմի համբավ է վայելում։ Իսկ «Միկան», որ համեմատաբար երիտասարդ լինելով՝ անցած մրցաշրջանում նվաճել էր գավաթը, հասկանալի է, չէր պատրաստվելու այն զիջել ոչ ոքի։ Այնպես որ, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ակնկալվում էր անհաշտ ճակատամարտ։ ՖԻՖԱ-ի մրցավար Սլավա Ղազարյանի՝ խաղի սկիզբն ազդարարող սուլիչից անմիջապես հետո, «Միկան» վճռական գործողությունների անցավ։ Կարճ ժամանակում աշտարակցիները դաշտում իրենց տիրապետությունը հաստատեցին։ Նրանց, ինչպես նաեւ մրցակցի գործողություններում չնկատվեց զգուշավորություն, որեւէ հուզմունք, որ, սովորաբար, լինում է նման հանդիպումների ժամանակ։ Ավելին, երկու թիմերն էլ որդեգրել էին բաց ֆուտբոլը եւ դա ավելի դիտարժան էր դարձնում պայքարը։ Առաջին 10-15 րոպեների տարածքային առավելությունը «Միկան» չկարողացավ վերածել նյութականի։ Դրան հակառակ, Արկադի Անդրեասյանի սաները, հաջողությամբ վնասազերծելով մրցակցի բոլոր գրոհները, շուտով ոչ միայն հավասարեցրին խաղը, այլեւ իրենց ձեռքը վերցրին նախաձեռնությունը եւ արդեն իրենք էին թելադրում իրենց կամքը։ Հատկապես ուրախացնող էր այն, որ երկու թիմերի գրոհներն էլ չէին մարում մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում ու պայքարը շատ հաճախ ավարտվում էր միայն դարպասապահի միջամտությամբ։ Ակնհայտորեն խաղադաշտում ծավալվել էր երկու տարբեր ոճերի պայքար։ «Միկայի» ֆուտբոլիստները, որ ավելի երիտասարդ էին ու ատլետիկ, նախապատվությունը տալիս էին ամբողջ դաշտով մեկ կոշտ եւ ուժային պայքարին, իսկ արարատցիներն աչքի էին ընկնում նուրբ տեխնիկայով, գնդակին տիրապետելու վարպետությամբ, կոլեկտիվ գործողություններով։ Հենց այս որակներն էլ նրանց աջակցեցին մրցակցի դարպասի առջեւ ավելի շատ գոլային պահեր ստեղծելուն։ Սակայն չգրված օրենք է. երբ դու չես խփում՝ քեզ են խփում։ Հանդիպման 57-րդ րոպեին Սամվել Նիկոլյանը միջին տարածությունից ոչ այնքան ուժեղ, բայց դիպուկ հարվածով առաջ մղեց «Միկային»։ Սակայն աշտարակցիները դեռ չէին հասցրել ուշքի գալ գոլի բերկրանքից, երբ, 4-5 րոպե չանցած, Տիգրան Եսայանը վերականգնեց հավասարակշռությունը։ Դրանից հետո թիմերը շատ ջանքեր գործադրեցին միմյանց «ծնկի բերելու» համար, սակայն դարպասի նոր գրավում չարձանագրվեց։ Գործող կանոնադրության համաձայն, մրցավարը նշանակեց 15 րոպեանոց երկու լրացուցիչ խաղափուլ, որոնցում գործելու էր «ոսկե գոլի» կանոնը։ Սակայն այս անգամ էլ ավելի ուժեղին ի հայտ բերել չհաջողվեց, թեեւ նախ «Միկային» հրաշքով փրկեց հորիզոնական դարպասաձողը, իսկ «Արարատը» մազապուրծ եղավ, երբ մրցակից թիմի խաղացողի ուժգին հարվածից հետո գնդակը դիպավ պաշտպանին, շեղեց ուղղությունը ու գրեթե քսվելով ուղղահայաց դարպասաձողին, դուրս եկավ դաշտից։ Սպառվեցին նաեւ լրացուցիչ 30 րոպեները եւ վրա հասավ պայքարի գագաթնակետը՝ նշանակվեց 11 մետրանոցների հարվածաշար։ Այստեղ ավելի ամուր գտնվեցին «Միկայի» ֆուտբոլիստների նյարդերը, որոնք 5-ից հաջող իրացրին չորս հարվածները, իսկ արարատցիները վրիպեցին երկու անգամ։ «Միկան» նվաճեց Հայաստանի գավաթը՝ յուրօրինակ նվեր մատուցելով իր գլխավոր հովանավոր Միքայել Բաղդասարովի՝ օրերս ծնված արու զավակի առիթով։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել