Լրահոս
Օրվա լրահոսը

Ես էլ մեկն էի այն հանդիսականներից, որոնք հրավիրատոմս ունեին։ Հրավիրատոմսում նշված էր, որ «Կանազ» կու

Մայիս 30,2001 00:00

Սպիտակ մոգը գիտե՞ր «համերգի» մասին Ես էլ մեկն էի այն հանդիսականներից, որոնք հրավիրատոմս ունեին։ Հրավիրատոմսում նշված էր, որ «Կանազ» կուլտուրայի պալատում մայիսի 27-ին, ժամը 17.30-ին տեղի է ունենալու «Ալյանս» անսամբլի համերգը։ «Ձեր ներկայությունը հաճելի է» նախադասության տակ էլ գրչով ստորագրել էին տնօրեն Սվետլանա Մարկարյան եւ գեղարվեստական ղեկավար Սվետլանա Խաչատրյան անուն-ազգանուններով անձինք։ Նրանք, ովքեր հրավիրատոմս չունեին, տոմսեր էին ձեռք բերել 1000 դրամով։ Չթաքցնեմ, որ համերգային տրամադրությունս ուղղակիորեն կապված էր այն հանգամանքի հետ, որ կազմակերպիչները նախապես հայտնել էին. «Ձեզ սպասվում է մեծ անակնկալ. գուշակություններով հանդես կգա Մոսկվայից Հայաստան եկած պայծառատես Բաբաեւան»։ Համերգավար, ասմունքող Ս. Խաչատրյանը նույնը կրկնեց համերգից առաջ։ Ունկնդրեցինք «Ալյանսի» ողջ ծրագիրը (հոգեւոր-ինքնուս երգերից մինչեւ Սայաթ-Նովա, ապա «Երրորդն ավելորդ է» պարից մինչեւ հունա-իսպանական, «Սարդարապատ» պարը)։ Երբ ավարտվեց, հաղորդավարը ներողություն խնդրեց «ծրագրի հապճեպ լինելու համար», քանի որ, ըստ նրա, ակնկալվում էր ավելի շատ հանդիսատես… Համերգն ավարտվեց, հաղորդավարն իր շնորհակալությունը հայտնեց «Սուվենիր Լեւ» կազմակերպությանը՝ «հայրենանվեր» գործունեության համար եւ ասաց, որ կազմակերպության անդրանիկ ժողովը պետք է գումարվի, իսկ հրավիրատոմսեր ունեցողներին խնդրեց մնալ դահլիճում «իրենց կոորդինատները» փոխանցելու համար։ Թուղթուգրիչ վերցրած սկսվեց յուրահատուկ-անհասկանալի հաշվառում։ – Իսկ պայծառատե՞սը,- հարցրի ինձ մոտեցած գեր-գեղարվեստական ղեկավար տիկնոջը։ – Նա չի լինելու,- անվրդով պատասխանեց վերջինս։ – Այդ դեպքում ինչո՞ւ չեք հայտնում հանդիսատեսին, չէ՞ որ նա չգիտի,- շարունակեցի ես։ Ակնհայտ դժկամությամբ հաղորդավարը բարձրացավ բեմ, հայտնելով, որ պայծառատեսը չի ներկայացել, որը լսելուց հետո դահլիճն ուղղակիորեն դատարկվեց։ Մենք կարծում ենք, այս խաբեությունն անպատիժ չպիտի մնա եւ մշակույթի նախարարությունը պետք է գնահատական տա կատարվածին։ Մեզ համար կասկածելի է նաեւ Բաբաեւա-մոգի գոյությունը (համենայնդեպս, լեգիտիմ-պայծառատեսները չէին լսել նրա մասին) եւ եթե իրականում նա կա, հետաքրքիր կլինի ճշտել. նա տեղյա՞կ էր, որ մայիսի 27-ին «Կանազում» սեանս ուներ եւ արդյո՞ք արտոնված էր այն։ Շատերը, որոնք եկել էին ոչ թե «Ալյանսին» ունկնդրելու, այլ հանդիպելու գուշակ-մոգին, կստանա՞ն (ե՞րբ եւ ինչպե՞ս) վնասի փոխհատուցումը։ Եվ, վերջապես, հանդիսատեսին ակնհայտորեն խաբելուց հետո կազմակերպիչները ինչպե՞ս համարձակվեցին հաշվառում անցկացնել եւ ի՞նչ նպատակով։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել