Ո՞ՐԴԻԱՆՑ ՈՐԴԻ Իրո՛ք, ո՞վ կմտածեր, թե շուշեցի ու հադրութեցի տատ ու պապից սերած, Թեհրանում ծնված, Ավստրիայում ուսանած կինոռեժիսորպատմաբանը կհայտնվի (1989 թվականից) Հայաստան-Արցախում եւ հայրենիքի 10-ամյա անկախությանն ու Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմ կնկարահանի։ Արտեմ Օհանջանյանի այս եւ մյուս վավերագրական ֆիլմերի պատվիրատուն Ավստրիայի պետական հեռուստաընկերությունն է եւ 3 Sat հեռուստագործակալությունը, որի ծրագրերը սփռվում են Ավստրիա-Գերմանիա-Շվեյցարիա գերմանախոս երկրներում։ «Տասը տարի անկախություն» վավերագրության նկարահանումներն ավարտվել են, Արտեմ Օհանջանյանը մեկնում է Ավստրիա՝ մոնտաժման աշխատանքները կատարելու, որից հետո ֆիլմը սեպտեմբերին կցուցադրվի 3 Sat-ի միջոցով եւ ողջ Եվրոպան կդիտի այն։ Օհանջանյանը անցյալ տարի նկարահանել է Սերգեյ Փարաջանովի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող 40 րոպեանոց (գերմաներեն եւ անգլերեն) վավերագրական-գեղարվեստական ֆիլմը, որի առաջին ցուցադրությունը կայացավ Կինոյի տանը։ Այս ֆիլմը ապրիլին շահել է Չիկագոյի ֆիլմ-փառատոնի 2-րդ մրցանակը։ Հայաստանի երեկը, այսօրը եւ վաղը, կովկասյան տարածաշրջանում մեր երկրի դերը, դիմագրաված բոլոր դժվարությունները իրատեսական ակնոցով ներկայացնելու բարդ աշխատանքի կողքին, Օհանջանյանը խոստովանում է, որ իր համար ցավալի է Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական ծանր կացությունը ցույց տալ, բայց աշխատում է առավելագույն օբյեկտիվություն ցուցաբերել, որով միայն ֆիլմը կարող է հավաստի ու համոզիչ լինել։ Ֆիլմերի նկարահանման ստեղծագործական խումբը Հայաստանի լավագույն ուժերից է։ Փարաջանովի ֆիլմի նկարահանողն է Արտաշես Յավուրյանը, որը մաեստրոյի կողքին է եղել նրա գլուխգործոցները նկարելիս։ Վերջին ֆիլմի օպերատորն է Արտավազդ-Արտոն, որը նույնպես աշխատել է Փարաջանովի հետ։ – Ֆիլմի նկարահանման ժամանակ որեւէ յուրահատուկ բան հանդիպե՞ց ձեզ,- հարցրի պրն Օհանջանյանին։ Նա պատմեց, որ բարոնուհի Քոքսի հետ խոսել է նրա՝ դեպի Արցախ քայլարշավի ավարտին։ Ըստ բարոնուհի Քոքսի, երբ Անգլիայի պառլամենտում բողոքում է, թե ինչո՞ւ են թույլ տալիս Ադրբեջանին ռմբակոծել հայկական գյուղերի խաղաղ բնակիչներին, Անգլիայի արտգործնախարարը պատասխանել է, որ ինչո՞ւ եք դուք խառնվում Ադրբեջանի եւ Հայաստանի խնդիրներին, բացի այդ, Լոնդոնի շահերն ուղղված են դեպի ադրբեջանական նավթը, եւ բարոնուհի Քոքսը ասել է. «Ես առաջին անգամ ամաչում եմ անգլիացի լինելուս համար»։ Օհանջանյանին զարմացրել է նաեւ արցախցիների պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հավանական հարձակումների ժամանակ դարձյալ կռվելու հանուն հայրենիքի։ Արտեմ Օհանջանյանի հետ զրուցել եւ չխոսել Ցեղասպանությանը նվիրված նրա աշխատությունների մասին, հնարավոր չէ։ 12-հատորյա ակադեմիական հրատարակությունը, որը պարունակում է հայկական ջարդերին եւ Ցեղասպանությանը վերաբերող 9 հազար փաստաթուղթ՝ ի մի բերված ավստրո-հունգարական արխիվներից, պատվիրվում է ակադեմիաների եւ ցեղասպանությունները ուսումնասիրող ինստիտուտների ու համալսարանների կողմից։ Օհանջանյանը Ավստրիայի պառլամենտին դիմում է որպես ՀԳ ակադեմիայի եւ ավստրիահայության ներկայացուցիչ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծ հաստատելու համար։ Նա մասնակցում է աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովների եւ ապահովում է նաեւ ավստրիացի եւ գերմանացի գիտնականների մասնակցությունը Հայաստանում կայացող նման գիտաժողովներին։ Նա անդամ է նաեւ Ֆրանց Վերֆելի՝ ավստրիացի գրողի անվամբ ֆոնդի։ Օհանջանյանը պատրաստվում է թոշակի գնալ, չնկարել, բայց Ավստրիայի հեռուստաընկերությունը իրեն հանգիստ չի թողնելու։ Դեռ երկու ֆիլմ էլ պիտի նկարահանի Իրանի մասին։ Ի դեպ, 1973-ին նրա «Պարսկական գորգը» եւ 1988-ին էներգիային նվիրված ֆիլմերը մրցանակ են շահել։ Փարաջանովին նվիրված ֆիլմի մրցանակը երկու շաբաթ հետո Չիկագոյում կհանձնվի Արտեմ Օհանջանյանին։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ