Մահապատժին կո՞ղմ, թե՞ դեմ Արդյո՞ք պետությունն իրավունք ունի մահվան դատավճիռներ կայացնել. չէ՞ որ ըստ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի՝ յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ազատության եւ անձնական անվտանգության իրավունք։ Արդյո՞ք մահապատիժները նվազեցնում են ծանր հանցագործությունները, մահապատի՞ժ, թե՞ ցմահ բանտարկություն, ո՞ւմ է վերապահված մարդու կյանքը խլելու իրավունքը։ Ի՞նչ կարծիքներ կան այս հարցերի շուրջ Հայաստանում, ուր սկսած 1991-ից, մահապատիժները ի կատար չեն ածվում՝ թեեւ մահապատժի մասին օրենքը օրենսգրքով գործում է։ Ալեքսանդր Օհանով (Շահումյանի տարածքային զինկոմ)- Մահապատիժը արդյունավետ մեթոդ է՝ ահաբեկելու այն մարդկանց, ովքեր կցանկանան դաժան հանցագործություններ կատարել։ Մարդու համար կյանքը ամենաթանկ բանն է եւ մահվան պատիժն է, որ շատերին ետ է պահում ծանրագույն հանցագործություններից։ Ցմահ բանտարկությունն էլ խիստ պատիժ է, բայց, այնուամենայնիվ, էլի կյանք է, հույս։ Հարցրեք հանցագործին, թե որը կնախընտրի՝ մահապատի՞ժը, թե՞ ցմահ բանտարկությունը։ Իհարկե, կպատասխանի՝ ցմահ բանտարկություն։ Յուրաքանչյուր հանցագործ պետք է ստանա իր կատարածին համապատասխան պատիժ։ Տեղին են մահապատիժները այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են մարդկանց առեւանգումները, քաղաքական ահաբեկչությունը, երեխաներին գողանալը, հայրենիքին դավաճանելը, մանավանդ, եթե տվյալ անձի կողմից կատարված հանցանքը 100%-ով ապացուցված է։ Մահապատժի վերացումը ոչ միայն կավելացնի ծանր հանցագործությունների թիվը, այլեւ տուժողի մերձավորներին կմղի վրեժխնդրության։ Գոհար Քալաշյան («02» շաբաթաթերթի խմբագիր)- Տարիներ առաջ, առնչվելով տարբեր բնույթի քրեական գործերի, իմ մեջ այն տեսակետն էր ձեւավորվել, որ սպանողը մահապատժով պետք է պատժվի։ Այսօր ես այն կարծիքին եմ, որ մահապատիժը պետք է կիրառել միայն ու միայն դաժան ու բացահայտ կատարված ծանր հանցագործությունների դեպքում։ Մուշեղ Հովսեփյան (ԵՊՀ-ի դասախոս)- Որոշ վերապահումով ե՛ւ կողմ եմ, ե՛ւ դեմ մահապատժին։ Երբ կատարված է դաժան եւ բացահայտ հանցագործություն եւ կատարողները հայտնի են, ինչպես հոկտեմբերի 27-ի դեպքում, ապա մահապատիժն անխուսափելի է։ Բայց եթե 100%-ի ապացույցներ չկան, այն դատապարտելի է, որովհետեւ բոլոր երկրներում էլ շատ են անարդարացի մահապատիժները։ Մահապատիժը պետք է վերացնել, բայց աստիճանաբար։ Հայաստանն այսօր դրան պատրաստ չէ։ Նախ պետք է վերացնել կլանային համակարգը, կատարելագործել օրենսդրական դաշտը։ Արա Սահակյան (միջազգային հարաբերությունների 2-րդ կուրսի ուսանող)- Ցմահ բանտարկությունը ստիպում է հանցագործին տառապել մինչեւ կյանքի վերջը, ուստի մահապատիժը պետք է վերացնել՝ մանավանդ որ անկատար դատական համակարգի պատճառով նաեւ անմեղ մարդիկ են ենթարկվում մահապատժի։ Նարինե Հովհաննիսյան (Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն)- Ցմահ բանտարկության կողմնակից եմ եւ ցավում եմ, որ դեռեւս շատ երկրներում է գործում մահապատժի մասին օրենքը, կիրառվում է նույնիսկ անչափահասների նկատմամբ։ Վերջիններիս կողմից կատարվող հանցագործությունները կանխելու, դրանց թիվը նվազեցնելու նպատակով դպրոցներում էլ ավելի պետք է մեծացնել դաստիարակչական, իրավագիտակցական մակարդակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Աշոտ Խաչատրյան (Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների 1-ին ատյանի դատարանի նախագահ)- Մահվան դատավճիռները, ինչպես վկայում է ԱՄՆ-ի ոստիկանությունը, չեն նվազեցնում հանցագործությունների թիվը։ Հետեւաբար, երկար տարիների ազատազրկումը ավելի ընդունելի է, մանավանդ որ դատապարտյալը այս ձեւով ավելի երկար է ենթարկվում ֆիզիկական եւ հոգեկան տանջանքների։ Մարինե Լազարյան (թիվ 19 պոլիկլինիկայի լաբորատորիայի աշխատակից)- Ինչպես կարող եմ մահապատժին դեմ լինել, երբ ինձ հայտնի է դեպք, երբ հայրն է բռնաբարել աղջկան։ Ինչպե՞ս մահապատիժ չսահմանել հոկտեմբերի 27-ի ոճրագործների նկատմամբ։ Նմանատիպ հանցագործությունների համար ցմահ բանտարկությունը մեղմ պատիժ է։ Պատրաստեց ԱՀԱՐՈՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ