ԱԽ, ՆԵՐՎԵՐ, ՆԵՐՎԵՐ Երեկ շարունակվեց «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը։ Դատարան այդպես էլ չներկայացան Վ. Սարգսյանի իրավահաջորդների ներկայացուցիչները՝ փաստաբաններ Մարինա եւ Տիգրան Ջանոյանները։ Մոտ 15 րոպե նկարահանումներ էին կատարում «Հայաստանի տարեգրությանը» նվիրված կինոնկարի համար (պետպատվերի կարգով)։ Ամբաստանյալ Ն. Հունանյանը որոշեց «սովորական շարադրել» իր ձեռքի տակ եղած գրավոր նյութերը, որը, ըստ նախորդ նիստում արված իր հայտարարության, 250 էջից էր։ «Հաշվի առնելով ինֆորմացիայի լրջությունը եւ ծավալը, նաեւ այն, որ միանշանակ չընդունվեց որոշ մասնակիցների կողմից», ամբաստանյալը հանդես եկավ երկու միջնորդությամբ։ Ըստ առաջին միջնորդության, նա նախաքննական մարմնից պահանջեց 1999 թ. նոյեմբերի 26-ին գլխավոր դատախազին ուղղված «առանձին» դիմումը, որը, ըստ մեղադրող Ա. Հարությունյանի, գտնվում է գլխավոր դատախազությունում։ Մեղադրող Հ. Մարտիրոսյանը գերադասեց այս միջնորդության մասին կարծիք հայտնել այն ժամանակ, երբ դատարան կներկայացվի այն, եւ իրենք էլ կծանոթանան դիմումին։ Կ. Դեմիրճյանի իրավահաջորդների ներկայացուցիչը՝ փաստաբան Ա. Սարգսյանն ասաց, որ անձամբ ինքն ունի 100-ից ավելի միջնորդություններ, եւ միջնորդությունը համարեց ոչ ժամանակին արված, քանի որ դատարանի որոշմամբ հեռացված մնացյալ ամբաստանյալները զրկված են վերոնշյալ միջնորդության քննարկումից, հետեւաբար՝ կխախտվի քրեադատավարական նորմը։ Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը հեռահար նշանակության մի ակնարկ արեց, ասելով, որ «կան այլ նյութեր, որոնք չեն քննարկվել» եւ «կան այլ տեղերում»։ Այդ հեռահար ակնարկը «բռնեց» թերեւս դատավոր Ս. Ուզունյանը հայտարարելով՝ «Որեւէ նյութ չպետք է դատարանից դուրս գտնվի։ Պետք է դատարանում դրանք հավաքվեն»։ Ամբաստանյալը շեշտեց, որ քրգործում չեն ընդգրկվել օգոստոսի 1-ի, 30-ի, հոկտեմբերի 30-ի, նոյեմբերի 17-ի դիմում-միջնորդությունները, որոնցից մեկն ուղարկվել է նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողով։ Ամբաստանյալի երկրորդ միջնորդությունը վերաբերում էր իր «գործընկերներին»՝ ամբաստանյալներին դահլիճ վերադարձնելուն։ Ամբաստանյալն այստեղ էլ թափանցիկ ակնարկ արեց (մեզ հետագայում հոգեբանորեն նախապատրաստելու համար). «Ամբաստանյալները կարող են պահանջել այնքան ժամանակ, որքան ունեցել են մյուս մասնակիցները»։ Ամբաստանյալը գտնում էր, որ խախտվել է հավասար մրցակցության սկզբունքը եւ պետք է նրանց թույլատրել վերադարձնել «ծագող հարցերի վերաբերյալ խորհրդակցելու իրենց պաշտպանների հետ»։ Ի դեպ, այս միջնորդությանը միացավ միայն ամբաստանյալ Կարեն Հունանյանի պաշտպան Կ. Աղաջանյանը։ Փաստաբան Ա. Սարգսյանը հիշեցրեց, որ ամբաստանյալների պաշտպանները գտնվում են դահլիճում եւ իր հերթին ակնարկեց, որ դատավարական նորմի ցանկացած խախտման դեպքում կարձագանքեին առաջին հերթին նրանք։ Ամբաստանյալը սկսեց իր ցուցմունքները՝ վկայակոչելով իր ցուցմունքների մաս կազմող աղբյուրների ցանկը. ՀՀ Սահմանադրություն, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, 1948 թ. կոնվենցիան «ցեղասպանության, ոճրագործության կանխման եւ ցեղասպանության պատժի մասին», Քրեական օրենսգիրքը, վիճակագրության պետռեգիստրի եւ վերլուծության նախարարության «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 1999 թ.» զեկույց, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ ու միջազգային իրավական փաստաթղթեր, որոնք ստորագրվել են ՀՀ-ի կողմից, 1995 թ.-ին։ Ամբաստանյալի երեկվա հոգնած ձայնը հուշում էր, որ ինքն այլեւս սպառված է։ Իսկ հուզվածությունը երեւում էր ջուր խմելու հաճախականությունից։ Նա սկսեց վիճակագրական տվյալներ հրամցնել դատական նիստի մասնակիցներին, նույնիսկ այնպիսի, որոնք առնչվում էին սպառողական նվազագույն զամբյուղին, բայց ոչ՝ մեղադրանքին։ Ա. Սարգսյանը փորձեց «օգնել» ամբաստանյալին, հիշեցնելով. – Ծնելիությունը 9 ամսում է լինում, իսկ ԱԺ-ն 4 ամիս էր գործում… Ամբաստանյալը փորձում էր թվերի մատուցմամբ պատճառահետեւանքային կապ գտնել կատարված ոճիրի հետ, որը չստացվեց։ Ա. Սարգսյանը երկրորդ հակահարվածը տվեց. – Ցուցմունքներ տուր, ինչո՞ւ ես սպանել։ Դու մեղադրող չես, դու մարդասպան ես։ Ամբաստանյալն անդրդվելի էր. «եթե ես նշում եմ կոնկրետ վտանգ, ապա չպիտի՞ բերեմ կոնկրետ փաստեր», ինչին մինչ այդ համբերատար դատավորը տեղի տվեց. «Սա Անգլիայի պառլամենտը հո չէ՞»։ Սակայն ամբաստանյալի վրա դա էլ չազդեց։ Նա շարունակում էր «Հայաստանի պետական իշխանությունների» գործած հանցագործությունների մասին իր «խորհրդածությունները»։ Ամբաստանյալի գնահատմամբ «պետական իշխանությունն ունի իր իրավական ժառանգականությունը, որը պատասխանատու է նախորդ իշխանությունների ժառանգության համար»։ Ի վերջո, թվախեղդ լինելու վտանգը (որը Ն. Հունանյանի թվարկած վտանգների շարքում չկար) կանխվեց Արմենակ Արմենակյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Եղիշե Անդրիյանի կողմից, որը հայտնեց, որ ներկայացվածը ոչ փաստաթուղթ է եւ ոչ ցուցմունք, միջնորդեց դադարեցնել եւ ավարտված համարել ցուցմունքները։ Կարճ ընդմիջումից հետո ամբաստանյալը «հանձնվեց»։ Ժ. 16.50-ին նա հայտարարեց, որ իր ցուցմունքներն ավարտվել են, եւ նյութերն էլ՝ ձեռքի տակ գտնվող, տրամադրեց դատարանին։ Գալիք հինգշաբթի դատարան կբերվեն Կարեն Հունանյանը, Էդիկ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանովը եւ կհրապարակվեն Հունանյանի ցուցմունքները։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ