Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» մասին, հասկանալի է, կան ամենատարբեր կարծիքներ։ Մեկն

Մայիս 30,2001 00:00

«Ի զարմանս իմ» «Առավոտի» մասին, հասկանալի է, կան ամենատարբեր կարծիքներ։ Մեկն էլ այն է, որ օրաթերթը, չխորանալով ճշմարտության մեջ, աղավաղում է փաստերն ու իրականությունը։ Այս հարցում ես էլ համոզվեցի, երբ կարդացի Հ. Մովսիսյանի «Հողային վեճը հարեւանների մեջ է…» հոդվածը (19.05.2001)։ Ի զարմանս իմ, պարզվում է, որ ես Ա. Աբասյանի փաստաբանն եմ։ Հոդվածագիրը չի տարբերում փաստաբան եւ ներկայացուցիչ հասկացությունները։ Խորհրդի կարգով ասեմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդված 40-ում կարդում ենք. «Դատարանում ներկայացուցիչ կարող է լինել ցանկացած քաղաքացի, որն ունի դատարանում գործը վարելու պատշաճ ձեւակերպված լիազորություն»։ Հաջորդ կեղծիքը. «…1999թ. Փարաքարի գյուղապետ Գ. Սարգսյանը թիվ 20 որոշմամբ, Ասյայի տան դիմաց գտնվող 160 քմ հողատարածքը վարձակալության իրավունքով տալիս է նրան», իսկ հաջորդ նախադասության մեջ կարդում ենք. «…դեռեւս 1998 թվականին Փարաքարի նույն գյուղապետը… Վ.Խաչատրյանի մյուս որդուն… հատկացրել է 24,0 քմ հողատարածք, որը նրան հասավ 160 քմ հողատարածքից,- ասաց Ա. Աբասյանը»։ Այս հատվածից հասկացվում է, որ հողհատկացումները կատարվել են Փարաքարի գյուղապետ Գ. Սարգսյանի որոշումներով։ Հոդվածագիրը խեղաթյուրել է իրականությունը. վերոհիշյալ տարիներին Փարաքարի գյուղապետը Գ. Սարգսյանը չի եղել։ Ուզում եմ գնահատել ու մեկնաբանել մյուս մի քանի «մտքերը» եւս։ Այսպես, հոդվածագիրը գրում է. «Ըստ Ա. Աբասյանի փաստաբանի, գյուղապետը կանխամտածված է հարեւանների մեջ թշնամություն սերմանել»։ Նախ, Ա. Աբասյանի փաստաբանը, որ, ըստ թղթակցի, ես եմ, նման բան չի ասել եւ չէր էլ կարող ասել։ Ա. Աբասյանի ստորագրությամբ օրաթերթի խմբագրություն ներկայացված նյութում կարդում ենք. «Եվ գյուղապետի չգիտես իմիջիայլոց, թե կանխամտածված քայլից, սկսվեց մեծանալ թշնամության կծիկը…»։ Ա. Աբասյանի ներկայացված նյութի մտքերը նա վերագրել է ինձ։ «Ըստ Ա. Աբասյանի փաստաբան Հասան Թամոյանի, «հզոր» ապացույց է համարվել նաեւ գյուղապետին հասցեագրված Վ. Խաչատրյանի դիմումը…» եւ ապա «ոչ մի դատարան չի հետաքրքրվել, թե այդ ի՞նչ ճարտարապետների մասին է խոսքը, ո՞ւր է այդ թույլտվությունը կամ ո՞ւր է նրանց տված նախագիծը»,- բողոքում է Հ. Թամոյանը։ Եվ ահա հոդվածագրի, իմ կարծիքով, ամենավտանգավոր եւ անզգույշ եզրափակումը. «Հ. Թամոյանը համոզված է, որ այս անգամ եւս դատարանը կկայացնի անարդար վճիռ, քանզի ոտնահարված են ազգային փոքրամասնությունների իրավունքները»։ Թղթակցուհին, չգիտես որտեղից, «հայտնագործում» է, որ՝ «Երրորդ անգամ լսվել է գործը»։ Ոչ, երկու անգամ է լսվել եւ երրորդ դատավարությունը դեռեւս չի կայացել։ Չնայած այն բանին, որ ես չեմ արտահայտել. «Վճռաբեկ դատարանում արդեն երրորդ անգամ լսվել է գործը։ Այս անգամ եւս դատարանը կկայացնի անարդար վճիռ» միտքը, բայց ասեմ, որ ես կանխավ նման բան չեմ կարող ասել, քանի որ ես հստակ գիտեմ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 237 հոդվածի 1 կետում ասվում է. «Վճռաբեկ դատարանը գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում»։ Իսկ ինչ մնում է՝ «… քանզի ոտնահարված են ազգային փոքրամասնությունների իրավունքները» մտքին, որը վերագրվել է ինձ, ապա ես միանշանակ հայտարարում եմ. «Հայաստանը մասնավորապես մեր՝ եզդիներիս, հայրենիքն էլ է, այստեղ մեր իրավունքները ոտնահարված չեն, եւ ուզում եմ միտքս ավարտել հենց իր՝ հոդվածագրի հոդվածի հետեւյալ հատվածով, իհարկե՝ մի քիչ ձեւափոխված. «Պետք չէ կանխամտածված հարեւանների միջեւ թշնամություն սերմանել», այն էլ՝ հայերի ու եզդիների միջեւ, որ դարերով հաշտ ու խաղաղ եւ դաշնակցած ապրում են միասին, որի ջատագովներից մեկը ես եմ։ Սա ասում եմ առանց վարանելու»։ ՀԱՍԱՆ ԹԱՄՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել