ԻՆՉՈ՞Ւ ՉՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ ԹԻՎ 907 ԱՐՅՈՒՆԸ 1999թ. փետրվարին Ֆրանսիայում ավարտվեց մի աղմկահարույց դատավարություն: Առողջապահության նախկին նախարար Էդմոն Էրվենին դատարանը մեղավոր ճանաչեց 1985թ. դոնորական արյան միջոցով 7 մարդու ՍՊԻԴ-ով «վարակելու» համար: Վարակվածներից հինգը արդեն մահացել էր: Մեղադրանքը ձեւակերպված էր այսպես. «հանցագործ անփութության պատճառով ՍՊԻԴ172ի տարածման համար նպաստավոր պայմանների ստեղծում»: Մեղադրյալի աթոռին էին նաեւ նախկին վարչապետը եւ սոցիալական ապահովության նախկին նախարարը: Վերջիններիս նկատմամբ դատարանը մեղադրանքը չհաստատեց: Հաշվի առնելով այս հիվանդության առանձնահատկությունները, շատ հավանական է նմանատիպ մի սցենար գործի մեզ մոտ 5-10 տարի անց, երբ պարզվի, որ մեր օրերում Հայաստանում դոնորական արյան միջոցով տարածվում էր ՍՊԻԴ: Առողջապահության նախարարությանը չհաջողվեց պարզել, թե 2001 թվականի հունվարին ում են ներարկել ՍՊԻԴ-ով վարակված դոնորական արյունը: Ինչո՞ւ առողջապահության համակարգում չհայտնաբերվեց N 907 երկու պարկ արյունը: Փորձենք տալ այս հարցի պատասխանը: Վարկածները առաջ են եկել տարբեր բժիշկների հետ զրույցների եւ մեր ունեցած փաստերի համադրումից. 1. Միջադեպի հայտնի դառնալուց հետո հիվանդանոցում, որտեղ ներարկվել է արյունը, վերացվել են բոլոր հետքերը: Հիվանդության պատմության մեջ կատարվել են փոփոխություններ: Ինչո՞ւ: Որովհետեւ, եթե հայտնի դառնար հիվանդանոցի անունը, այլեւս ոչ մի հիվանդ այնտեղ չէր դիմի: Ըստ երեւույթին, դեպքը քողարկելու համար կայացվել է գործարք: Արյունաբանության կենտրոնից վաճառված` ՍՊԻԴ172ով վարակված արյան հետքերով գնացել են կենտրոնի աշխատակիցները, մասնավորապես արյան գծով փոխտնօրեն Յուրի Կարապետյանը, որի հարազատը, ինչպես մեզ հաջողվեց պարզել, բուժող բժիշկ է Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոցում: Յ. Կարապետյանը Արյունաբանության կենտրոնում արյան համար անմիջական պատասխանատուն էր, ոչ մի պատիժ չստացավ եւ այսօր տնօրենի պաշտոնակատար է: Յուրի Կարապետյանը այն ժամանակվա ԱՆ բուժօգնության կազմակերպման վարչության պետ Հայկ Դարբինյանի մոտ ընկերն է, ում անմիջական հսկողության տակ էր արյան ծառայությունը: Ի դեպ, պարոն Դարբինյանը վերոհիշյալ դեպքերից հետո նշանակվել է առողջապահության փոխնախարար: Հիվանդների տվյալների գաղտնիության հանգամանքը լրագրողներիս հնարավորություն չի տալիս մեկ առ մեկ ստուգել հունվարի 5-ից մինչեւ 25-ը ընկած ժամանակահատվածում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում բուժում ստացած, մասնավորապես արյուն ներարկված հիվանդների հիվանդության պատմությունները: 2. Երեւանում իրականացվում է նաեւ անլեգալ բուժում: Ասենք, ավտովթարից վնասվածքներ ստացած մարդուն հիվանդանոց չեն տանում, որպեսզի խուսափեն իրավապահ մարմիններից: Տնային պայմաններում կատարվում են աբորտներ, որովհետեւ հղիության ժամկետը (օրենքով սահմանված է որոշակի ժամկետ) չի թույլատրում հղիությունը ընդհատել եւ այլն: Անհնար է պարզել, թե նման դեպքերը ինչ տոկոս են կազմում: Եթե արյունը գնվել է նմանատիպ դեպքի համար, ապա արյուն տանողը հետագայում լրատվամիջոցներից իմանալով դրա վարակվածության մասին, բնականաբար չէր արձագանքի: 3. Հնարավոր է, որ ՍՊԻԴ172ով վարակված դոնորական արյուն ստացողը գիտի, որ իրեն վարակել են, բայց լռում է: Լռում է, որովհետեւ շրջապատի վերաբերմունքը նրա համար ավելի «վտանգավոր» է: 4. Մեկ այլ վարկածի համաձայն, այդպիսի արյուն ընդհանրապես չի եղել: Եվ այս ամենը արվել է Արյունաբանության կենտրոնի տնօրենին՝ Արմեն Երեմյանցին աշխատանքից ազատելու համար: Մինչեւ դոնորական արյան հետ կապված դեպքը Ա. Երեմյանցի եւ առողջապահության նախարարի հարաբերությունները լարված էին: Սակայն այս վարկածը բացառվում է, որովհետեւ ՍՊԻԴ-ով ախտորոշված կնոջ եւ երեխաների արյունները հետազոտվել են բազմաթիվ անգամ, վերջինը կատարվել է «Արմենիկում» կլինիկայում, եւ ամենուր հաստատվել է ՍՊԻԴ-ի վարակը: 5. Հավանական տարբերակ է եւ այն, որ առողջապահության նախարարությունում գիտեն, թե ում են ներարկել արյունը, բայց այդ մասին հրապարակավ ոչինչ չեն ասում կատարվածի անկանխատեսելի հետեւանքների պատճառով: Այս տարվա մարտի 16-ին Առողջապահության նախարարության կոլեգիայի նիստում նախարար Արարատ Մկրտչյանը հրահանգեց երեք շաբաթվա ընթացքում պատրաստել եւ առաջարկներ ներակայացնել դոնորական արյան խնդրին նորից անդրադառնալու համար: Նիստի մասնակիցներին նախարարը հանձնարարեց ուսումնասիրել արյան ծառայությունների վիճակը եւ ներկայացնել խնդիրների լուծման առաջարկներ: Անցել է մոտ երկուսուկես ամիս, հարցին չեն անդրադարձել: Վերոհիշյալ կոլեգիայի նիստին մասնակցում էր նաեւ Հայաստանում միակ մասնավոր «Վիոլա» արյան բանկի տնօրեն Արմեն Մեժլումյանը: Պարզվեց, որ կոլեգիայի նիստին նրան ոչ ոք չէր հրավիրել, պարզապես լսել էր եւ եկել: Լուրջ ընդունելով նիստում արտահայտված անհանգստությունները եւ հանձնարարականները, որոշ ժամանակ անց, Ա. Մեժլումյանը փորձել է իր ծրագիրը ներկայացնել նախարարին, սակայն չի հաջողվել: «Մինչեւ հիմա ինձ որեւէ մեկը չի հրավիրել արյան ծառայություններին նվիրված քննարկումներին: Կոլեգիայի նիստին եկել եմ իմ նախաձեռնությամբ: Եկա մասնակցելու՝ իմանալով, որ թղթակիցներ պետք է լինեն: Եկա զգուշացնելու, որ արյան ծառայությունների մասին գրելիս զգույշ պետք է լինել: Ես անհանգստանում եմ, որովհետեւ աշխատում եմ այդ համակարգում: Արյան ծառայության նկատմամբ հասարակական կարծիքը ինձ շատ է անհանգստացնում: Ամեն օր շփվում եմ այդ կարծիքի հետ: Այդ հոդվածաշարերի հետեւանքով փսիխիոզ է սկսվել: Մարդիկ զանգում, հարցնում են. արյուն ենք վերցրել մեր երեխայի համար, ինչպե՞ս ստուգենք, հանկարծ ՍՊԻԴ չլինի: Ես անհանգստանում եմ ներկայացման ձեւի համար, շատ լուրջ բնագավառ է, մենք կարող ենք հակակրանք առաջացնել արյան ծառայությունների նկատմամբ, կարող ենք նաեւ օգուտ տալ: Այսինքն՝ պրոբլեմները բարձրացնելու տարբեր երանգներ կան: Ինձ դա է անհանգստացնում»- ասաց մեր հանդիպման ժամանակ Ա. Մեժլումյանը: Մեր հարցին՝ դոնորական արյունը տալիս են քաղաքացուն, դուք սա ճի՞շտ եք համարում` պատասխանեց. «Ոչ: Միջազգային պրակտիկայում այդպիսի բան գոյություն չունի: Արյան բաղադրամասերը այն դեղորայքն են, որն ամբողջ աշխարհում մարդը չի կարող դեղատնից կամ որեւէ այլ տեղից գնել: Այդ դեղամիջոցը շրջանառություն է կատարում միայն արտադրող եւ օգտագործող բժշկական կազմակերպությունների միջեւ: Իսկ հիվանդին ներարկում են հիվանդանոցում: Ամբողջ աշխարհում մարդը արյան բաղադրամասերի հետ ոչ մի շփում չունի: «Վիոլա»-ից էլ են տանում, քանի որ ես չեմ կարող գործող համակարգից վերեւ թռչել, որովհետեւ մարդուն ուղարկում են մեզ մոտից արյուն տանելու: Ես ինքս դեմ եմ այդ տարբերակին, բայց ստիպված եմ դա անել: Կամաց-կամաց մտցնում ենք այն տարբերակը, որ հիվանդանոցների հետ համագործակցենք. գան համապատասխան պայմաններում տեղափոխեն: Որ ունենք ֆինանսական խնդիր եւ դրա հետեւանքով՝ ծանր վիճակ, բոլորս գիտենք: Սակայն ֆինանսների բացակայությունը հիմնական պրոբլեմը չէ: Բոլոր մարզերում կան արյան ծառայություններ: Խնդիրը հետեւյալն է՝ այնտեղ նորմա՞լ են ստուգում, թե՞ ոչ: Եթե նորմալ չեն ստուգում, ի՞նչն է պատճառը»: Հանրապետության բոլոր արյան ծառայությունների աշխատանքը ստուգում է Արյունաբանության կենտրոնը: Ա. Մեժլումյանը գտնում է, որ նախ այդ ծառայություններին պետք է ասել՝ ինչպես աշխատեն, ինչպես են նրանց ստուգելու: Այլապես «մարդիկ շարունակում են հին ձեւով աշխատել, որովհետեւ իրենցից ոչ ոք չի պահանջում աշխատել այլ ձեւով»: «ՍՊԻԴ172ի տարածման դեպքը եկեք հանգիստ թողնենք եւ խոսենք դրա պատճառների մասին: Իսկ ով է ասում, որ ամեն օր մի քանի այդպիսի դեպքեր չեն լինում, որեւէ մեկը վստահությամբ կարո՞ղ է դա ասել: Եկեք մտնենք հիվանդանոցները եւ ներարկվող արյունները ստուգենք, տեսնենք՝ ինչ արդյունքներ կստանանք, ես պատրաստ եմ դա անվճար անել: Եթե դու չունես արյան որակի անվտանգությունը երաշխավորող համակարգ, ոչ մի արդյունքի չես հասնի: Հայաստանում չկա այդպիսի համակարգ: Այդ համակարգը, որը գործում է արտասահմանում, տարբեր էտապներում բացառում է որեւէ հավանականություն: Մենք չունենք անգամ որակի ստուգման համակարգ: Բառերին ուշադիր հետեւեք՝ արտասահմանում արդեն որակի անվտանգությունը երաշխավորող համակարգ է գործում, իսկ մենք որակի հսկողություն չունենք: Արտասահմանում, եթե որեւէ տեղ հնարավոր է բաց թողնել անորակ արյուն, ապա կա մեկ այլ օղակ, որտեղ ստուգվելու է: Հայաստանում ավելի շատ աշխատանքի կանոնակարգերի, ընդհանուր հարաբերությունների հղկման հարց է: Սարքավորումներ կան, որոնք չեն օգտագործվում, որովհետեւ չգիտեն՝ ինչպես օգտագործել, չկան մասնագետներ»: Արյան մասնավոր բանկի տնօրենը գտնում է, որ առանց լուրջ ֆինանսական ներդրումների՝ կարելի է հսկայական բաներ շտկել արյան ծառայություններում: Իսկ պետությունը արյան բնագավառում քաղաքականություն չունի եւ առաջին քայլն այդ քաղաքականության մշակումը պետք է լինի: Արմեն Մեժլումյանը բառացիորեն է ընկալել նախարարի՝ կոլեգիայի նիստում ասածը եւ ծրագիր է գրել, սակայն չի կարողանում ներկայացնել, որովհետեւ առողջապահության նախարարությունում դրանով հետաքրքրվող չկա: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ