ՀԱՅԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԵՎ ԲԱՔՎՈՒՄ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը երեկ խոսեց մայիսի 17-19-ը Բաքվում կայացած Եվրախորհրդի փախստականների եւ միգրացիայի հանձնաժողովի եւ մայիսի 21-23-ը Ստամբուլում կայացած Եվրոպայի խորհրդի Քաղաքական հանձնաժողովի նիստերին մեր պատվիրակությունների մասնակցության մասին։ Պրն Հովհաննիսյանը պատմեց, թե ինչպես էին թուրքերը մոտ 3 հազարանոց հանրահավաք կազմակերպել այն հյուրանոցի մոտ, որում բնակվում էր Հայաստանի պատվիրակությունը։ Ի դեպ, Թուրքիա էին մեկնել ինքը՝ Հովհ. Հովհաննիսյանը, Եվրոպայի խորհրդում ՀՀ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը եւ փորձագետ Արամ Հարությունյանը։ Ցույցը կազմակերպել էին Բաքվից եկած երկու պրոֆեսորներ։ Ըստ պրն Հովհաննիսյանի, դա բացահայտ հակահայկական հանրահավաք էր։ Դարձյալ, ըստ պրն Հովհաննիսյանի, Եվրախորհրդի Քաղաքական հանձնաժողովի անդամները խիստ բացասաբար էին ընդունել հանրահավաքը։ Հանձնաժողովի նիստի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարը հանդես է եկել լայնածավալ հաղորդագրությամբ, շեշտելով, որ Թուրքիան պատրաստ է անդամակցել Եվրոպայի միությանը։ Թեպետ ըստ Հովհ. Հովհաննիսյանի. «Ստամբուլում բացահայտ զգացվեց, որ Եվրոպան չի կարող թույլ տալ, որ Թուրքիան մտնի Եվրամիություն»։ Ինքը՝ պրն Հովհաննիսյանը Թուրքիայի ԱԳ նախարարին հարցրել է, թե ի՞նչ է մտածում վերջինս հայ-թուրքական հարաբերությունների մասին, եւ արդյո՞ք իրենք ի վիճակի են դառնալ Եվրոպայի միության անդամ Հայաստանի հետ որեւէ հարաբերություն չունենալու պարագայում։ Ըստ պրն Հովհաննիսյանի, այս հարցը զայրացրել է թուրք պաշտոնյային, վերջինս իր հերթին ասել է, թե իրենք ժամանակին մտադրություն ունեցել են Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալ, բայց նրանց շատ վրդովեցրել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը։ Ասվել է նաեւ, որ ազերիներն իրենց արյունակից եղբայրներն են եւ այն, ինչ մենք իբրեւ թե արել ենք, իրենք չեն կարող մեզ ներել։ Պատասխանը վրդովեցրել է պրն Հովհաննիսյանին եւ դահլիճին, եւ, ցավոք սրտի, նա չի կարողացել ինչպես որ հարկն է պատասխանել Թուրքիայի ԱԳ նախարարին։ Իսկ Բաքվում խոսվել է փախստականների եւ տեղահանվածների մասին։ Ի դեպ, Բաքու պետք է մեկներ հանձնաժողովի անդամ Աշոտ Գալոյանը, որն անհասկանալի պատճառներով հրաժարվել է մեկնել եւ նրա փոխարեն Հովհաննես Հովհաննիսյանն է մեկնել։ Սեփ. լր.