Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԿԶՐԿՎԻ՞ ՄԵՆԱՇՆՈՐՀԻՑ

Մայիս 30,2001 00:00

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԿԶՐԿՎԻ՞ ՄԵՆԱՇՆՈՐՀԻՑ «Օրինաց երկիր» կուսակցության նախաձեռնությամբ այսօր կգումարվի ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում «ԱրմենՏելին» առնչվող հարցեր են։ Պատգամավորները նախատեսում են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի «ԱրմենՏելի» կողմից պայմանագրային պարտավորությունների կատարումը, թեեւ նման կառավարական միջգերատեսչական հանձնաժողով արդեն իսկ գործում է։ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ ասուլիսում հայտնեց, թե իրենց ժամանակավոր հանձնաժողովը պիտի 4 ամսվա ընթացքում ուսումնասիրի եւ պարզի «ԱրմենՏելի» փաստացի ներդրումների ժամանակագրական համապատասխանությունը պայմանագրային պարտավորություններին եւ այդ մասին ԱԺ-ին եզրակացություն (տեղեկանք) ներկայացնի, թեեւ չբացառեց նաեւ այն (կարծում ենք, առավել նպատակահարմար) տարբերակը, որ խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու փոխարեն ուղղակի կարելի է կառավարության համանման հանձնաժողովում ներգրավել ԱԺ խումբ- խմբակցությունների ներկայացուցիչներին։ Արտահերթ նիստում նաեւ պիտի «Հեռահաղորդակցության մասին» օրենքում հետեւյալ լրացումն ընդունվի՝ «Սակագին չի կարող սահմանվել բացառիկ իրավունքով մատուցվող ներքաղաքային հեռախոսակապի ծառայության համար, բացառությամբ ծառայությունից օգտվելու իրավունք վերապահող բաժանորդային վարձի»։ Պարզ է, որ նման լրացման առիթ էր դարձել այն տեղեկությունը, որ «ԱրմենՏելը» պատրաստվում է րոպեավճար սահմանել, որի իրավունքն, ի դեպ, ըստ պայմանագրի, այս ձեռնարկությունն ուներ դեռ անցած տարեսկզբից։ Արթուր Բաղդասարյանի հաշվարկներով, եթե 4 հոգիանոց ընտանիքի անդամներից յուրաքանչյուրն օրական 10-ական րոպե խոսի՝ նրանք պարտավոր կլինեն մուծել 9600 դրամ րոպեավճար, իսկ սա սարսափելի թիվ է մասնավորապես թոշակառուների եւ մանկավարժների համար, որոնց ամսական եկամուտը կազմում է 5-10 հազար դրամ։ Իհարկե, սրանք այս պահի հրատապ խնդիրներ են. հիմնականն «ԱրմենՏելի» հակասահմանադրական մենաշնորհային կարգավիճակի վերացումն է եւ այս առնչությամբ Սահմանադրական դատարանի վաղուց ընդունած որոշման ի կատար ածումը։ Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ արդեն 1 տարի է, ինչ ԱԺ-ի օրակարգում է իրենց համապատասխան նախաձեռնությունը, բայց միայն այժմ է իրենց խոստացվել, թե հաջորդ եռօրյայում այս մենաշնորհի վերացման խնդիրն անպայման կքննարկվի։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել