ՄՏԱՀՈԳ ԵՆ, ԲԱՅՑ ԴԵ Ի՞ՆՉ ԱՐԱԾ Երեկ խորհրդարանում վերջապես ճշտվեց «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների պահպանությունն իրականացնող իրավապահ մարմինների գործունեության մեջ հնարավոր օրինախախտումների բացահայտման նպատակով ձեւավորված ժամանակավոր հանձնաժողովի կազմը։ Այն, մեղմ ասած, մեծ հույսեր չի ներշնչում։ Հանձնաժողովում ընդգրկվել են ոչ միայն վերջինիս ստեղծման նպատակահարմարությունը կասկածի տակ առած ու նրա գործառույթները վատ պատկերացնող պատգամավորներ, այլեւ առանձին մականունավոր օրենսդիրներ՝ զորօրինակ՝ Հակոբ Հակոբյան՝ Ճոյտ, Վրեժ Շահգելդյան՝ Պոկեր Վրեժ, Նապոլեոն Ազիզյան՝ Նապո եւ այլոք։ Ճիշտ է, ոմանք կատակում են, թե գողական եւ բանտային կյանքի ու օրենքների նրանց իմացությունը այդ հանձնաժողովում շատ տեղին կարելի է օգտագործել, այդուհանդերձ, ավելի լուրջ՝ հանձնաժողովի կազմը հուշում է, որ խորհրդարանական ուժերն, այնուամենայնիվ, այնքան էլ լուրջ չեն վերաբերվել հանձնաժողովին։ Արդյո՞ք դա մտահոգիչ չէ նախաձեռնողների համար։ Այդ հարցով մենք դիմեցինք «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանին։ Վերջինս մասնավորապես ասաց. «Անշուշտ, մենք որոշակի մտահոգություններ ունենք, բայց նաեւ հույս ունենք, որ հանձնաժողովի ստեղծումը, այդուհանդերձ, կզգաստացնի ոչ միայն իրավապահ մարմիններին, այլեւ որոշակի վերահսկողություն կսահմանի նրանց գործողությունների վրա։ Մենք նաեւ մտահոգված ենք, որ հանձնաժողովում ներգրավվել են մարդիկ, ովքեր հենց սկզբից առանձնակի խանդավառված չէին հանձնաժողովի ստեղծմամբ եւ նույնիսկ միանշանակ մերժեցին այդ գաղափարը։ Բայց տեսնելով, որ հասարակական կարծիքն իրենց կողմը չէ, նրանք չփորձեցին պատասխանատվություն ստանձնել եւ մերժել հանձնաժողովի ստեղծման գաղափարը»։ Պարոն Բազեյանը նաեւ ընդգծեց. «Հանձնաժողովը բաղկացած է բոլոր խմբերի ու խմբակցությունների, նաեւ անկախ պատգամավորների ներկայացուցիչներից։ Հույս ունենք, որ այն մարդիկ, ովքեր, իրոք, շահագրգիռ են «Հոկտեմբերի 27»-ի բացահայտմամբ, իրենց դերակատարումը կունենան այդ հանձնաժողովում»։ Ն. Մ.