Լրահոս
Օրվա լրահոսը

Թեեւ ո՛չ Հմայակ Հովհաննիսյանը, ո՛չ Վազգեն Խաչիկյանն իրենց հայտարարություններում չտվեցին մեկը մյուսի

Մայիս 30,2001 00:00

«Ես ականջներից իմացա նրան» Թեեւ ո՛չ Հմայակ Հովհաննիսյանը, ո՛չ Վազգեն Խաչիկյանն իրենց հայտարարություններում չտվեցին մեկը մյուսի անունը, սակայն ակնհայտ էր, թե ում են հասցեագրված նրանց փոխադարձ լուտանքները։ Երկու անգամ Վազգեն Խաչիկյանն էր արձագանքել Հմայակ Հովհաննիսյանի հայտարարություններին, եւ սա առիթ դարձավ, որ երրորդ հայտարարությունն արդեն նվիրվի իրեն։ Ընդսմին, ամենաերիտասարդ պատգամավորին արժանի հակահարված հասցնելու համար Հմայակ Հովհաննիսյանը դիմեց դասականի աջակցությանը։ Քանի որ սույն հայտարարությունը հրապարակախոսական պաթոսից բացի զերծ չէր նաեւ գեղարվեստական արժեքից՝ մեջբերում ենք առավել հանգամանալից։ Այսպես, նա հիշեցրեց, որ Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» վեպի հերոսը՝ շնից մարդու փոխակերպված Շարիկովը «չունենալով ասելիք ստիպված էր սպասել, մինչեւ մեկը կարտահայտի որեւէ միտք։ Միայն դրանից հետո խանդավառությամբ եւ յուրահատուկ ձեւով՝ շնավարի հետ-հետ նայելով ու կարծես սպասելով տիրոջ դրվատանքին՝ Շարիկովն արձագանքում էր։ Այսօր ես չեմ ցանկանում խոսել ինձ արձագանքող ողորմելիների մասին։ Ի վերջո, ինչպես Բուլգակովի հերոսի, այնպես էլ մերօրյա շարիկովների դեպքում մեղավորները նրա՛նք չեն։ Մեղավոր են այն մարդիկ, ովքեր կաթնասուններին քաղաքական ասպարեզ են բերել, փորձելով (Շվոնդերի օրինակով) արդարանալ նրանով, որ Շարիկովը խոսել գիտի (…)։ Ինչպես Բուլգակովի պրոֆեսորը շանը կերպարանափոխելով եւ մարդամեջ հանելով անտանելի դարձրեց իր սեփական միջավայրը, այնպես էլ մեր իրականության մեջ՝ ՀՀՇ-ի ավագ գիտաշխատողները ձեռքի տակ եղած կիսաքրեական խաժամուժից, սուտլիկ այլախոհներից, ջեբկիր ցեխավիկներից, անլվա ավտոլվացողներից, բոսյակ հանգաթուխներից, կոմսոմոլի պավլիկ մորոզովներից, կենտկոմ-ռայկոմների քարթու կաշառակերներից ձուլելով անկախ հանրապետության նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ, դատախազներ, գեներալներ՝ դրախտավայր Հայաստանը վերածեցին դժոխքի։ Երկիրը դարձավ մուտանտների, շարիկովների երկիր։ Եվ այդ շարիկովներից՝ մեծ ու փոքր պաշտոններ զբաղեցնող նեանդերթալյան դեմքերից՝ այլ ոչ թե Երեւանից, Արարատ լեռից, մեր սքանչելի բնօրրանից են այսօր գլուխներն առած փախչում հայ մարդիկ։ (…) Դավաճան են նրանք, ովքեր ստեղծեցին այս իրավիճակը։ Կրկնակի դավաճան են նրանք, ովքեր սկզբից ապահովեցին շարիկովներին քաղաքական տանիքով, իսկ այժմ սեփական աթոռները պահելու համար կառչել են օր օրի վրա ազգի օրգանիզմը կրծող տխրահռչակ ստատուս-քվոյից, անորոշ ժամանակով երկարաձգելով շարիկովների եւ շվոնդերների խայտառակ խրախճանքը»։ Այս հայտարարությանն ի պատասխան տեղերից սկսեցին ծաղրաբար «բռավո» գոչել։ «Իսկ ի՞նչը սխալ ասեց»,- դեպի ծաղրողները շուռ եկավ դաշնակցական Վահան Հովհաննիսյանը։ Հայտարարության գնահատականները կիսում էին նաեւ Արշակ Սադոյանը եւ Աղասի Արշակյանը։ Քիչ անց ամբիոն բարձրացավ Վազգեն Խաչիկյանը։ Նրա պատասխանը ներառում էր արդեն մեկ անգամ հնչած ակնարկ, թե Հմայակ Հովհաննիսյանը միայն հայտարարությունների ժամին ԱԺ գալով է սահմանափակում իր պատգամավորական գործունեությունը եւ այդ ամբիոնից «հայհոյանքներ եւ լուտանքներ» թափելով. «Շարիկովն ընդամենը մի կաշի էր փոխել, որ դարձել էր Շարիկով։ Իսկ պատկերացրեք մի մարդու, որ 5 կաշի է փոխել. նրա վիճակն ինչպիսի՞ն կլինի»։ Ճիշտն ասած, կարող է եւ բումերանգի դեր խաղալ Վազգեն Խաչիկյանի այն արտահայտությունը, թե «հայհոյանքը թույլերի զենքն է, եւ ես կարծում եմ, որ մենք այդ զենքից օգտվելու իրավունքը չունենք»։ Իսկ խորհրդարանական այս ամբողջ ցածրակարգ բանավեճը լսելիս՝ մեկը հառաչեց. «Շարիկովների երկիր Հայաստանս»։ Երկխոսության մասնակիցներից որեւէ մեկի համար վերապահում չարվեց։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել