Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվեց եւս մեկ դատավարություն

Մայիս 30,2001 00:00

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԱՏԱՐԱՆ ՉԷՐ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Սկսվեց եւս մեկ դատավարություն «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, առողջապահության նախկին փոխնախարար, ՀՀԿ քաղխորհրդի նախկին անդամ Արտակ Զեյնալյանը փորձում է իրավական հարթություն տեղափոխել իր պաշտոնանկության հարցը։ Պրն Զեյնալյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ իրեն աշխատանքի վերականգնելու մասին հայցադիմումով։ Պատասխանող կողմը՝ ՀՀ վարչապետը, երեկ տեղի ունեցած առաջին դատական նիստին չէր ներկայացել։ Վարչապետի կողմից ներկայացվել էին մի շարք միջնորդություն-փաստաթղթեր, նաեւ լիազորվել էր նիստերն առանց պատասխանող կողմի անցկացնելու մասին։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր վարչապետության մեկ տարվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խիստ դրական էր գնահատել այն փաստը, որ հասարակությունը (այս դեպքում՝ առողջապահության նախկին փոխնախարարը) սովորում է օգտվել Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքներից։ Ի դեպ, Անդրանիկ Մարգարյանի վարչապետության շրջանը յուրօրինակ է նաեւ նրանով, որ վարչապետի դեմ դատարանին հայցադիմում ներկայացնելու երկրորդ դեպքն է սա։ Առաջինը Կանաչների միության դիմումն էր, որը, ինչպես հայտնի է, մերժվեց։ Այսպիսով, երեկ սկսվեց եւս մեկ դատավարություն. դատարանի խարխուլ եւ ճռճռան աթոռներով դահլիճում միայն լրագրողներ էին (դատավորից եւ հայցվոր կողմից բացի)։ Միջանցքի աղմուկը չափազանց լսելի էր դատարանի դահլիճում։ Դատավոր պրն Մարտիրոսյանն իր պարտականությունները կատարում էր հանդարտ եւ կշռադատված։ Չէ՞ որ ամեն օր հնարավորություն չի լինում վարել այնպիսի դատական գործ, որի պատասխանող կողմը երկրի վարչապետն է (թեկուզեւ՝ բացակա)։ Հայցվոր կողմի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արտավազդ Փարսադանյանը փորձում էր ապացուցել, որ վարչապետի կողմից ներկայացված թղթերը բավարար չեն կարող լինել։ Օրինակ, ներկայացված է գրություն այն մասին, որ կա որոշման նախագիծ Ա. Զեյնալյանին աշխատանքից ազատելու մասին, բայց գրությունը դեռ որոշման նախագիծ չէ։ Պրն Փարսադանյանին թվում է, թե տվյալ որոշման նախագիծն ընդհանրապես չկա, իսկ գրությունը նախապատրաստվել է մեկ-երկու օր առաջ։ Ի՞նչ հիմքով է փաստաբանը պնդում սա. «որովհետեւ մենք, իմ կոլեգա Դանիելյանի հետ 16.05.2001 թ. գրություն ենք հղել առողջապահության նախարար պրն Մկրտչյանին, խնդրելով, որ հայտնի Զեյնալյանին աշխատանքից ազատելու պատճառը։ Պատասխանը մեզ չի ներկայացվել, որովհետեւ որեւէ պատճառ եւ հիմք չի եղել»։ Դատավոր Մարտիրոսյանը գտնում էր, որ, այնուամենայնիվ, որոշման նախագիծը ներկայացված է դատարան, իսկ փաստաբանն իր հերթին պնդում էր, որ եթե մի բանի անունը դրված է «որոշման նախագիծ», դեռ չի նշանակում, թե այդ բանը որոշման նախագիծ է, ըստ փաստաբանի՝ դրանում պատճառաբանված չէ աշխատանքից ազատելու փաստը։ Նաեւ կասկած կա, որ տվյալ որոշման նախագիծը գոյություն չի ունեցել Արտակ Զեյնալյանին աշխատանքից ազատելու մասին վարչապետի որոշման օրվա դրությամբ։ Բացատրություններ տվեց նաեւ Արտակ Զեյնալյանը, մասնավորապես, ասելով, թե կա ՀՀ նախագահի հրամանագիր, ըստ որի կառավարության որոշումները, օրենքի նախագծերը եւ վարչապետի որոշումները կառավարություն են ներկայացվում արդարադատության եւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունների հետ համաձայնեցնելուց հետո միայն։ Տվյալ պարագայում, կառավարության ներկայացրած փաստաթղթերին կցված չեն նախարարությունների եզրակացությունները որոշման նախագծի վերաբերյալ։ Արտակ Զեյնալյանն ասաց նաեւ, որ իր պաշտոնավարման ընթացքում ինքն առնվազն չորս անգամ բանավոր դիմել է առողջապահության նախարարին՝ իր պաշտոնավարման նպատակահարմարության առիթով։ Քանի որ նախարարը բանավոր մերժել է քննարկել հարցը, ուստի, չի հետեւել գրավոր հրաժարականը։ Դատավարության ընթացքում հնչած առաջին միջնորդությամբ առաջարկվում էր որպես վկա դատարան հրավիրել առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանին։ Միջնորդություն անող փաստաբանն ուզում է նախարարին դատարան հրավիրելու միջոցով պարզել, թե ի՞նչ հիմքով է աշխատանքից ազատվել փոխնախարարը, նախարարը որեւէ գրություն, նամակ ստացե՞լ է այդ պաշտոնանկության մասին, կամ՝ մինչ պաշտոնանկությունը որեւէ խոսակցություն եղե՞լ է վարչապետի եւ նախարարի միջեւ։ Առողջապահության նախարարին դատարան հրավիրելու մասին միջնորդությունը դատարանը մերժեց։ Հաջորդ միջնորդությունը վերաբերում էր Արտակ Զեյնալյանի անձնական գործի պահանջին՝ գուցե դրանում կա՞ն ինչ-ինչ փաստաթղթեր, որոնց հայցվոր կողմը տեղյակ չէ։ Միջնորդություն ներկայացվեց նաեւ առողջապահության նախարարության գործերի կառավարիչին դատարան հրավիրելու մասին։ Այս միջնորդությունը դատարանի կողմից բավարարվեց։ Դատավարությունը հետաձգվեց մինչեւ հունիսի 12-ի ժամը 15.30-ը։ Նիստից հետո փաստաբան Ա. Փարսադանյանն ասաց, որ աշխատանքից մարդուն ազատել են առանց հիմքի, առանց որեւէ պատճառաբանության, որովհետեւ կուսակցություն է փոխել։ Որքան էլ փորձ արվի հարցը դիտել զուտ իրավական հարթության վրա, չի ստացվելու, քանի որ մեզանում (եւ ոչ միայն մեզանում) սովորական բաներ են դարձել պետական պաշտոնյայի անպաշտպանվածությունը եւ կախվածությունը քաղաքական փոփոխություններից։ Թերեւս նորմալ օրենքը պետական ծառայողի մասին նաեւ այս պատճառով է խիստ հրատապ։ Ինքը՝ Արտակ Զեյնալյանը, համառորեն փորձում է հարցն այս պահին դիտարկել իրավական հարթության մեջ, բայց եւ չկարողացավ չասել հետեւյալը. «Դուք, բնականաբար, հասկանում եք բուն նպատակը, բնականաբար, ես ընդունել եմ խաղի կանոնները, որոնք թելադրվել են օպոզիցիոն կառավարության կողմից, եւ այդ խաղի կանոններով եմ առաջնորդվում։ Խախտվել են աշխատողի իրավունքները, ես դրանք փորձում եմ վերականգնել։ Արդեն առիթ եղել է, ասեմ, որ սա սկզբունքային խնդիր է, այսինքն՝ այն ամենը, ինչ-որ «Հանրապետություն» կուսակցությունը նշել է իր ծրագրերում, ասում է իր հայտարարություններում, դրանք իրականություն են։ Այսինքն՝ միայն մտքեր ասող չենք, որ հանրապետությունում իրավական նիհիլիզմ է տիրում, նաեւ աշխատում ենք, գործում ենք այդ նիհիլիզմը վերացնելու ուղղությամբ։ Եթե այս դատը շահենք, նշանակում է ինչ-որ բան արեցինք»։ Ընդունենք, դատը շահեցին, եւ նախկին փոխնախարարը վերականգնվեց իր պաշտոնում, ինչպես եղավ տարիներ առաջ բնապահպանության փոխնախարարներից մեկի պարագայում, կվերադառնա՞ Արտակ Զեյնալյանն իր աշխատանքին. «Երբ որ կստանամ վարչապետի որոշումը Արտակ Զեյնալյանին աշխատանքում վերականգնելու մասին, այդ ժամանակ կխոսենք այն մասին, թե ես ինչ եմ անելու»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել