Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմատապես

Մայիս 30,2001 00:00

«ՄԵՆՔ ԻՄԻՋԻԱՅԼՈՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԴԱՐՁԵԼ» Արմատապես փոխել երկրի առաջընթացը խոչընդոտող իշխանական համակարգը, ընդունել նոր Սահմանադրություն, բարեփոխել օրենսդրական դաշտը, ձերբազատվել ստվերային եւ կլանային տնտեսական համակարգից, ապահովել մարդու իրավունքների իրական պաշտպանվածությունը եւ օրենքի առջեւ բոլոր քաղաքացիների իրական հավասարությունը։ Այս նպատակների իրագործման շուրջ են համախմբվել ներքաղաքական ընդդիմադիր դաշտում տեղ զբաղեցնելու հավակնություն ունեցող ԱԺԿ անդամները, որոնց մի զգալի մասն ընդամենը վերջերս համալրում էր Ազգային ժողովրդավարական միության շարքերը։ «Մենք տեսական բոլոր հնարավորություններն օգտագործեցինք իշխանությունների արբանյակ կուսակցություն դառնալու հեռանկարից ԱԺՄ-ին ետ պահելու համար, որը, ցավոք, չստացվեց։ ԱԺՄ-ն ինքը շեղվեց այն ուղղուց, որ ընտրել էր իր ստեղծումից ի վեր։ Նա ընտրեց այլ ճանապարհ։ Համակարգը փոխելու համար նա ապավինեց ոչ թե ժողովրդին, այլ ընտրեց իշխանական համակարգ մտնելու եւ ներսից դրա դեմ պայքարելու ուղին։ Հիմա մենք ստիպված ենք սկսել զրոյից»,- ասաց Ազգային ժողովրդավարական կուսակցության վարչության անդամ Վահե Վարսանյանը։ Ազգային ժողովրդավարական կուսակցության հիմնադիր համագումարում Շավարշ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ ժողովուրդն այսօր քաղաքական դաշտում այլընտրանք չի տեսնում եւ սա, բացի վտանգավոր լինելուց, նաեւ արտագաղթի եւ հասարակության բարոյալքման հիմնական պատճառներից մեկն է։ «Մենք չունենք ո՛չ հստակ ձեւավորված իշխող, ո՛չ ընդդիմադիր կուսակցություն։ Վերջին տարիներին Հայաստանում չեն գործել իշխանություն-ժողովուրդ կապը, ընտրությունների մեխանիզմը, խորհրդարանը չի կատարում իր վերահսկողական դերը։ Իշխանությունների այլասերումը թափանցում է նաեւ հասարակություն եւ դրա հիմնական պատճառը ընդհանուր հիասթափության մթնոլորտում այլընտրանքի բացակայությունն է»,- ընդգծեց Շ.Քոչարյանը՝ շեշտելով, թե ԱԺԿ-ն չի հավակնում քաղաքական դաշտում լինել իշխանություններին միակ այլընտրանքային ուժը։ «Բայց մենք հավակնում ենք դառնալ այդպիսի ուժ՝ համագործակցելով այլ կազմակերպությունների հետ։ Ուժ, որի շուրջ կհամախմբվի ե՛ւ հասարակությունը, ե՛ւ մտավորականությունը»։ Շ. Քոչարյանն ընդգծեց, որ ԱԺԿ-ն պետք է հասարակությանը հստակ ծրագրեր ներկայացնի այնպես, որ վերջինս հավատա այդ ծրագրերին եւ սատարի կուսակցությանը։ «Եվ եթե որեւէ մեկն այդ ժամանակ խոչընդոտի իրականացնելու մեր նպատակները, մենք կսկսենք պայքարել նրա դեմ՝ հենվելով ժողովրդի վրա»։ Անդրադառնալով իշխանափոխության հնարավորությանն ու անհրաժեշտությանը, Շ.Քոչարյանը կարծիք հայտնեց, թե իշխանափոխությունն էլ ինքնապատակ չպետք է լինի. «Այսօր ժողովրդին դուրս բերել կարելի է, բայց հետո՞, հանուն ինչի՞։ Ոմանք ասում են, թե նախագահ Քոչարյանը թող հեռանա, հետո կերեւա։ Դա մենք մի անգամ արդեն անցել ենք։ Լ.Տեր-Պետրոսյանը հեռացավ, լավացա՞վ վիճակը։ Դրա համար պետք է հստակ ծրագիր լինի՝ հետո ո՞ւր ենք տանելու ժողովրդին»։ «Մարդիկ ասում են, թե մենք 101-րդ կուսակցությունն ենք լինելու եւ ի՞նչ եք անելու հերթականը չլինելու համար։ Այդ խնդիրն իրոք կա։ Մինչեւ 98-99 թվականները կային իշխանություն եւ 5-6 կլաններ, նաեւ դրա դեմ պայքարող ու հստակ ձեւավորված ընդդիմություն՝ 5-6 հզոր կուսակցություններով։ Այն ժամանակ նաեւ քաղաքացիական հասարակություն կար, որը բավականին հասուն մոտեցումներ ուներ մեր առջեւ ծառացած հարցերի առնչությամբ»,- ընդգծեց Վահե Վարսանյանը։ Ըստ նրա, մինչեւ 98-ը կուսակցություններն իրենց գործառույթները կատարում էին եւ ժողովրդի առաջ իրենց ծրագրերով հանդես գալով փորձում էին ինչ-որ բան փոխել պետական համակարգում։ «98-ից հետո այդ կուսակցությունները փոխեցին իրենց գործելաոճը»։ Պարոն Վարսանյանը կարծիք հայտնեց, որ նախկին ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում նաեւ ԱԺՄ-ն, որոշեցին, որ իշխանությունը ժողովրդի միջոցով անհնար է փոխել, ուստի իրենք պետք է հարմարվեն իշխանությանը եւ ներսից փորձեն փոխել համակարգը՝ այն դարձնելով պակաս վտանգավոր։ «Արդյունքում նրանք սկսեցին ծառայել այս իշխանությանն ու կլաններին»։ ԱԺԿ-ի խնդիրը, ըստ Վ.Վարսանյանի, այն է՝ «Կարողանալ այս համընդհանուր հիասթափության մթնոլորտում ժողովրդին ներկայանալ իբրեւ իրական այլընտրանք, որը կարող է փոխել իրավիճակը։ Մեծ ջանքեր են պահանջվում ժողովրդի վստահությունը վերականգնելու համար: Սա է կուսակցության թիվ մեկ խնդիրը։ Անշուշտ, սա դժվարին խնդիր է, քանի որ այսօր պետությունը դարձել է բավականին իմիջիայլոց»։ Վ.Վարսանյանը վստահեցրեց, թե ժողովուրդը պատրաստ է ոտքի կանգնել եւ հետամուտ լինել իր իրավունքներին, եթե միայն ընտրության հնարավորություն՝ այլընտրանք ունենա։ «Եթե մենք կարողանանք ապացուցել դա, ուրեմն մենք ԱԺՄ-ի հետ մեր վեճը հաղթած կլինենք, եթե ոչ՝ ուրեմն մենք բավականաչափ վճռական չենք եղել կամ չենք կարողացել մեր ծրագրերը ժողովրդին պատշաճ ձեւով ներկայացնել»։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել