ԿԱՍՊԱՐՈՎ-ԿՐԱՄՆԻԿ՝ ՈՉ-ՈՔԻ Աստանայում անցկացվող շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որ նվիրված է Ղազախստանի Հանրապետությունում անկախության հռչակման 10-րդ տարեդարձին, չորրորդ տուրում հանդիպեցին մրցաշարի առաջատարները՝ աշխարհի 13-րդ եւ 14-րդ չեմպիոններ Գարրի Կասպարովն ու Վլադիմիր Կրամնիկը։ Կասպարովը խաղում էր սեւերով։ Ծավալված սկզբունքային ու անզիջում պայքարն, այնուամենայնիվ, ի հայտ չբերեց ավելի ուժեղին։ Պարտիան 30-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի արդյունքով։ Այսպիսով, երկու «Կ»-երը, վաստակելով 3-ական միավոր, պահպանում են առաջատարի դիրքերը։ Ինչպես նշում են մրցաշարը լուսաբանող լրատվամիջոցները, «խորամանկ» կազմակերպիչներն արել են այնպես, որպեսզի Կասպարովն ու Կրամնիկն Աստանայում երկրորդ անգամ հանդիպեն հունիսի 1-ին՝ մրցաշարի վերջին օրը, երբ ամենայն հավանականությամբ, կորոշվի հաղթողը։ Սակայն չորրորդ տուրում առաջինը տասնյոթերորդ քայլում խաղաղության դաշն կնքեցին տանտերերից Դարմեն Սավդակասովն ու Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա)։ Այդուհանդերձ, մասնագետները հակված են այն մտքին, որ այս պարտիայում Շիրովն, այնուամենայնիվ, հանդես եկավ «զոհի» դերում, քանի որ հաղթանակի դեպքում շատ չէր զիջի Կասպարովին ու Կրամնիկին եւ հետագայում կարող էր պայքարել նաեւ նրանց շրջանցելու համար։ Միակ հաղթանակը տոնեց իսրայելցի Բորիս Գելֆանդը, որը սպիտակ խաղաքարերով 36-րդ քայլում առավելության հասավ ռուսաստանցի երիտասարդ գրոսմայստեր Ալեքսանդր Մորոզեւիչի նկատմամբ։ Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակում մասնակիցները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. 1-2. Կրամնիկ եւ Կասպարով՝ 3,0-ական միավոր, 3. Գելֆանդ՝ 2,5, 4. Շիրով՝ 2,0, 5. Մորոզեւիչ՝ 1,0, 6. Սադվակասով՝ 0,5։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ