Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՐԿԵՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ

Մայիս 26,2001 00:00

ՓՐԿԵՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ Սովետական կարգերում Մասիսի շրջանի Դարակերտ գյուղը ամենալավ, օրինակելի գյուղերից մեկն էր. պլանները կատարող, գովասանագիր ստացող, գործում էր կինոն, մանկապարտեզը, որտեղ հաճախում էր շուրջ 200 երեխա։ 1988թ. նոր պլանով սկսվեց մանկապարտեզի նոր շենքի կառուցումը։ Առաջին հարկը չծածկվեց, շինանյութը, քարերը, ամրանները թափված են դրսում մինչեւ օրս։ Երեխաները հաճախում էին հին շենքը, որը նախկինում եղել է դպրոց։ Գյուղապետի շնորհիվ պահեցին մինչեւ 1999 թիվը, որից հետո փակվեց։ Ինչ անի գյուղապետը, որտեղից գումարներ հայթայթի, եթե գյուղացին առավոտից մինչեւ մութն ընկնելը կռիվ է տալիս հողի հետ ու ոչինչ չի ստանում։ Հողը՝ հոգնած, անսնունդ, կարկուտ, փոթորիկ։ Նաեւ ջրի, հողի սարսափելի հարկեր, որն ասեմ, որը թողնեմ։ Մեր մանկապարտեզը օրինակելիներից մեկն էր, եւ կարող էր մրցել քաղաքի լավագույն մանկապարտեզների հետ, բոլոր մանկավարժները մասնագիտական կրթություն ունեին։ Այսպես կործանվեց մեր գեղեցիկ, չնաշխարհիկ Դարակերտը եւ սկսվեց ողբերգությունը։ Երեխաներն ամբողջ օրը թափառում են փողոցներում, մայրը, հայրը հող մշակե՞ն, թե՞ երեխաներին խնամեն։ Այս տարի, 2001թ. փետրվարին հինգ տարեկան երեխան դուրս է վազում տնից եւ ընկնում մեքենայի տակ, մեկ ամիս անց չորս տարեկան երեխան հոսանքահարվում եւ անմիջապես մահանում է, դրանից հետո մեկը վազելիս ոտքը ջարդում է, մյուսը՝ գլուխը։ Դեռ սպասվում են շատ փորձանքներ։ Մեր գյուղապետը եւ ծնողները ուր գնում են, որ հովանավոր գտնեն՝ բոլոր դռները փակ են։ Գյուղապետը գլուխը ո՞ր քարին տա։ Գյուղացին փող չունի հարկերը մուծելու, գյուղապետը միջոցներ չունի անգամ իր մի քանի աշխատողին աշխատավարձ տալու, մինչեւ ե՞րբ… Խնդրում ենք օգնեք մեր գյուղապետին, որ կարողանա մանկապարտեզը բացել, ուր գոնե հիսուն երեխա կկարողանա պատսպարվել։ Դրանով դուք մեր երեխաներին կփրկեք պատահարներից։ Արարատի մարզի Դարակերտ համայնքի բնակիչներ, (30 ստորագրություն)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել