«Եկանք հիմար հակասությունների» Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի բնութագրմամբ, «պատկերն այնպիսին չի, որ մարդիկ հերթի են կանգնել մի բան գնելու»։ Հատկապես, երբ այդ «մի բանը» օբյեկտ է: Այսպիսով, օբյեկտները գնելու համար ոչ միայն հերթեր չեն գոյանում, այլ նաեւ, դրանք գնելու համար «մեծ մասամբ, 1 կամ 0 առաջարկ է լինում»։ Բայց Դ. Վարդանյանի երեկվա ասուլիսի թեման այդ ոլորտում հնարավոր չարաշահումներն էին։ Ըստ նախարարի, առավելապես խոցելի են գույքի գնահատման մեթոդները։ Դրանք չորսն են՝ հաշվեկշռային, կանխիկ հոսքերի, համանմանության, շահութաբերության։ Եվ քանի որ մասնագետներն օբյեկտները գնահատում են ոչ թե երեւակայությամբ, այլ կոնկրետ տվյալների հիման վրա, ապա բանի պետք չեն ոչ համանմանության, ոչ կանխիկ հոսքերի, ոչ էլ շահութաբերության մեթոդները. «Ընկերությունները մասսայաբար ցույց են տալիս, որ վնասով են աշխատում։ Մնում է հաշվեկշռայինը»։ Բայց պարզվում է, որ ձեռնարկությունները մեծ մասամբ վաճառվում են իրենց հաշվեկշռային արժեքից ցածր, որովհետեւ «եկանք հիմար հակասությունների. հաշվետվությունների թվերը շատ բարձր են»։ Հարցին, թե օբյեկտները գնահատելիս արդյո՞ք ավելի ճիշտ չէ բիզնեսը գնահատել եւ հենց դա էլ գնի համար հիմք ընդունել, Դավիթ Վարդանյանը պատասխանեց, որ բիզնեսը գնահատելը դժվար է։ «Հայաստանում ստվերային շրջանառությունն ի վիճակի՞ ենք գնահատելու։ Ո՛չ։ Ուրեմն բիզնեսը գնահատելիս կսխալվենք»։ Այ, իսկ «Մարսի» հարցում պարոն նախարարը հակասեց ինքն իրեն. «Այն, թե ժամանակին ինչքան է ծախսվել գործարանը կառուցելիս, շատ քիչ նշանակություն ունի։ Կարեւոր է բիզնեսը»։ Ստացվում է, որ հենց ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Մարս» ձեռնարկության պարագայում է, որ հաշվեկշռային մեթոդով չպիտի գնահատվի օբյեկտը, անգամ այդ թիվը հրապարակելը ճիշտ չէ, ըստ նախարարի (չի էլ հրապարակվել- Ա. Ֆ.), որովհետեւ առաջարկ անողները «կպտտվեն» հենց դրա շուրջ։ «Արարատցեմենտի» պարագան մի քիչ տարբեր է. «Ստացվել է երեք, մտադրություն ասեմ, առաջարկ չէ»։ Քանի որ կոնկրետություն չկա, նախարարությունը «մտադիրներին» խնդրել է կոնկրետացնել եւ մասնավորեցման ժամկետը երկարացրել է։ Նախարարը չի սիրում, երբ մարդիկ սուտ են խոսում եւ կարծում է, որ Կուրորտաբանության ԳՀԻ-ի հարցը շահարկվում է։ Հարցի քննարկման վերաբերյալ ինստիտուտի աշխատակիցների հրավերները նախարարի կողմից անարձագանք են մնացել, որովհետեւ ժողովի կամ քննարկման ժամերը նախօրոք չեն համաձայնեցվել նախարար Դավիթ Վարդանյանի հետ։ Նա նույն կարծիքին է. «Դա բիզնես է», չնայած, գիտահետազոտական ինստիտուտ է, չնայած ակադեմիկոսների հավաստմանը, թե այնտեղ գիտական աշխատանք է կատարվում։ Նախարարն այդպես էլ ըստ էության չհակափաստարկեց, թե «այդ բիզնեսը» ինչպես է «տեղավորվում» օրենքի շրջանակներում։ Ա. Ֆ.