Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 28-ին լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման 83 տարին։ Ներկայացնում ենք պատմական

Մայիս 26,2001 00:00

Եռամյա հանրապետությունը Մայիսի 28-ին լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման 83 տարին։ Ներկայացնում ենք պատմական համառոտ տեղեկանք Առաջին Հանրապետության 1918-1920թթ. գործունեության մասին։ Օրենսդրությունը Հայաստանը դեմոկրատական հանրապետություն է, որի Սահմանադրությունը կմշակվի միայն Հայկական հարցի վերջնական լուծումից հետո՝ Հատուկ սահմանադիր ժողովի կողմից։ Պետությունը գլխավորում է Պառլամենտը, որի 80 անդամները ընտրվել են ընդհանուր, իրավահավասար, առանց սեռի խտրության ընտրություններում, գաղտնի քվեարկությամբ։ Աշխատանքի անցնելով, Պառլամենտը ուժի մեջ ճանաչեց Ռուսական կայսրության, Ժամանակավոր կառավարության, Անդրկովկասյան սեյմի հին օրենքները, որոնք չէին հակասում Պառլամենտի ընթացիկ օրենսդրությանը։ Երկրի տնտեսական, քաղաքական կյանքի աննորմալ պայմանները, արդյունաբերական կրիզիսը եւ հայ ժողովրդի նոր ձեռք բերած ազատությունը խեղդել ձգտող արտաքին թշնամու ջանքերը շեղում էին Պառլամենտի ուշադրությունը գործող հին շատ օրենքներից։ Առաջին հերթին հարկ էր մտածել ժողովրդի ֆիզիկական գոյությունը պահպանելու, երիտասարդ բանակի վիճակը լավացնելու մասին։ Այնուամենայնիվ, Պառլամենտը հաստատեց մի քանի օրենքներ, որոնք ունեին պետական եւ հասարակական մեծ նշանակություն։ Կրթությունը Հայաստանի Հանրապետության տարածքում մինչեւ 1918թ. գոյություն ուներ 7 կառավարական միջին-ուսումնական հաստատություն, մեկ մասնավոր գիմնազիա, 11 բարձրագույն, 673 տարրական դպրոց եւ 4 ազգային միջին-ուսումնական հաստատություն։ 1918թ. թուրքերի ներխուժումով ուսումնական նորմալ ընթացքը ամենուրեք խափանվեց։ Առաջին Հանրապետությունը գտավ միայն 5 միջին-ուսումնական հաստատություն, 1 մասնավոր գիմնազիա, 1 նոր պրոգիմնազիա, 3 բարձրագույն եւ 133 տարրական ուսումնարան, 3 ազգային միջին- ուսումնական հաստատություն։ Միայն 1918թ. հոկտեմբերին ուսումնառությունը վերսկսվեց, շարունակվեց մինչեւ դեկտեմբեր։ Սովը, բծավոր տիֆը, դպրոցական շինությունները՝ կազարմաների, հիվանդանոցների, որբանոցների վերածելը հասցրին նրան, որ նորմալ պարապմունքներ ընթանում էին միայն 2 շենքում, երեք հերթով։ 1918թ. դեկտեմբերին թուրքերի հեռանալով դրությունը կտրուկ լավացավ, սակայն միայն 1919թ. աշնանից դպրոցական գործը Հայաստանում մտավ իր նորմալ հունի մեջ։ Հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում բացվեց առաջին հայկական համալսարանը։ Բացվեց պատմաբանասիրական ֆակուլտետը: 1919թ. նոյեմբերին Ղարաքիլիսայում բացվեց ժողովրդական համալսարան։ Ամբողջ Հայաստանը բաժանված էր 11 ուսումնական օկրուգի։ Դպրոցահասակ 150.000 երեխաներից միայն 37.000-ն էր դպրոց գնում։ Դատարանը եւ Ժողվարչությունը Հայաստանի տարածքում կար մեկ դատարան՝ Երեւանի օկրուգային դատարանը։ Գործերը վերանայելու համար ուղարկվում էին Թիֆլիսի դատական պալատ, Պետրոգրադի Սենատ։ 1918թ. դեկտեմբերի 5-ի օրենքը, որը ստեղծեց Երեւանի պալատն ու Երեւանի սենատը՝ քաղաքացիական, քրեական, վարչական բաժիններով, արմատապես փոխեց վիճակը։ Ներքին գործերի նախարարությանը կից ստեղծվեց Ժողովրդական վարչություն, որի նպատակն էր՝ հարթել Հայաստանում ապրող ժողովուրդների միջեւ թյուրիմացությունները, թշնամությունը եւ ստեղծել առողջ մթնոլորտ, բարեկամական հարաբերություններ։ Հիվանդանոցներ, որբեր եւ փախստականներ Այս գործը ղեկավարում էր գլխավոր բժշկասանիտարական վարչությունը, որը բացեց 30 հիվանդանոց՝ 1600 մահճակալով, 5 բժշկական, 15 սանիտարական կետեր։ 1919թ. վերջին Հայաստանի ամբողջ տարածքն ապահովված էր բժշկական օգնությամբ։ Վարչությունն ապահովում էր նաեւ որբերի բժշկական ծառայությունը եւ կատարում սանիտարական միջոցառումներ՝ բացում բաղնիքներ, մաքրում քաղաքներն ու գյուղերը կեղտից։ 1917թ. հունիսին Հայաստանում հաշվվում էր 93 որբանոց՝ 6693 որբերով։ Թուրքերի ներխուժումով Հայաստանում մնաց 35 որբանոց՝ 2250 որբերով, Վրաստանում՝ 27՝ 1950 որբերով։ Մնացածները ցրվել եւ թափառում էին գյուղերում ու անտառներում։ Թուրքերի հեռանալուց հետո սկսեցին հավաքել որբերին, իսկ 1918թ. հոկտեմբերից որբերի ճակատագրով սկսեց զբաղվել կառավարությունը։ Հոկտեմբերին Հայաստանում հաշվվում էր 11500 որբ։ 1918թ. հոկտեմբերից մինչեւ 1919թ. ապրիլը կառավարությունը որբերի համար ծախսում է 18 մլն։ Ապրիլի վերջին օգնության հասավ Ամերիկյան կոմիտեն, իր հովանու տակ վերցնելով 90 որբանոց, 11 հիվանդանոց, 13942 որբ։ Մեր զորքերի նահանջի ժամանակ նրանց ետեւից շարժվում է Ղարաքիլիսայից, Երզնկայից, Կարսից, Ալեքսանդրապոլից հեռացող փախստականների մեծ բազմություն։ Ստեղծվեց ծանր իրավիճակ։ Սովը ծայրահեղ չափերի հասավ։ Պառլամենտը փախստականների 25%-ի պահպանությունը դրեց պետական գանձարանի վրա։ Սուրմալուի գավառում սովից մահացավ բնակչության 60%-ը։ 1920թ. հունվարին Հայաստանում փախստականների թիվը հասնում էր 214.461-ի, որի մեծ մասը հայեր էին։ 1919թ. դեկտեմբերից մինչեւ 1920թ. հունվարը լքված գյուղերում եւ տներում տեղավորվեց 25.000 փախստական։ Ֆինանսներ, առեւտուր եւ արդյունաբերություն 1918թ. վերջին ամիսներին սկսվեց ավերվածը վերականգնելու, նորը ստեղծելու ծանր աշխատանք։ 1918թ. սեպտեմբերին ընդունվեցին բամբակի արտադրության մոնոպոլիայի, խմիչքների ազատ վաճառքի մասին օրենքները։ Բարձրացվեցին ակցիզային հարկերը, որոնք մեծացրին պետական գանձարանի եկամուտները։ Խաղողագործությունը գտնվում էր լրիվ վերականգնման, զարգացման ուղու վրա։ 1919թ. երկրորդ կեսին Երեւանում եւ Ալեքսանդրապոլում բացվեցին 5 մասնավոր ծխախոտի ֆաբրիկաներ։ Ամբողջությամբ վերականգնվեց մաքսային համակարգը։ 1919թ. գարնանից վերականգնվեց նաեւ առեւտրական համակարգը։ 1918թ. սեպտեմբերից մինչեւ 1920թ. հունվարը պետական գանձարան մտնող հարկային ընդհանուր գումարը կազմում էր 30 մլն։ Ամսական միջին ծախսերը կազմում էին 17,5 մլն ռուբլի։ Վերոհիշյալ հսկայական ծախսերը կարող էին փակել միայն նոր թղթադրամների արտադրությամբ։ Եվ ՀՀ կառավարությունը ստիպված էր դիմել դրան: Արխիվային նյութը պատրաստեց ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել