ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ «ՓՈԽԶԻՋՄԱՆ» ԵՆՔ ԳՆՈՒՄ ՈՐՊԵՍ ՀԱՂԹՈՂ Նախորդ մեր զրույցի ժամանակ (Քի Ուեսթից օրեր առաջ) հայտնի մտավորական Ռուբեն Անգալադյանն ասաց, որ բանակցությունները ամենաքիչը մինչեւ 25 տարի կտեւեն։ «Որքանո՞վ էին նրա կանխատեսումները ճիշտ, ինչպե՞ս է նա գնահատում Քոչարյան-Ալիեւ բանակցությունների ընթացքը», հարցերով դիմեցինք նրան։ -Նահանգներում, պետք է ասել, որ որեւէ լուրջ քայլեր չկատարվեցին։ Այն, ինչ կատարվում է, փաստորեն, բանակցությունների շոու է, որը պետք է ունենա երկարատեւ ընթացք եւ այդ ընթացքը մտնելու է նոր փուլ։ Նոր փուլը, հավանաբար, բանակցությունների տարեվերջյան ավարտին կհամընկնի։ Մյուս կողմից՝ երկու կողմին «նեղում» են, ուզում են հասկանալ, թե ինչքան է ամորտիզացիոն ճնշումը իրենց վրա, ինչքանով կարող են դիմադրել։ – Ինչպե՞ս պետք է ընթանա նոր փուլը։ – Կարծում եմ, Ալիեւը շատ ճիշտ է վարվել իր տեսանկյունից։ Նա որեւէ փոխզիջման չի գնում, եկել է, 40 րոպե կարդացել իր սկզբունքները, թե ինչի վրա է պատրաստ բանակցելու։ Ինչ վերաբերում է Հայաստան կողմին, նա, փաստորեն, պատրաստ է ինչ-որ կոմպրոմիսների։ Ինչո՞ւ ենք մենք պատրաստ փոխզիջումների։ Նախ կատարեմ պատմական շրջայց եւ ասեմ. հայ ժողովուրդը (եւ Հայաստանի ղեկավարությունը նույնպես) բոլորովին պատրաստ չէ ու չի հասկանում, թե ի՞նչ է զիջում։ Որովհետեւ դարեր շարունակ հայ ժողովուրդը փոխզիջման չի գնացել՝ որպես հաղթող կողմ։ Առաջին անգամ մեր պատմության մեջ ինքը դիմում է այդ քայլին։ Ավելի զգույշ լինելու փոխարեն շատ ավելի ազատ է իրեն պահում, թե պատրաստ է ինչ-որ զիջումների։ Կարծում եմ, ինչ-որ զիջումներ պետք է լինեն. ենթադրենք, որպես հաղթող կողմ պատրաստ ենք զրուցել։ Մենք կարող ենք բոլորովին պատրաստ չլինել զրուցելու։ Արդեն որ պատրաստ ենք՝ մեծ զիջում է։ Ի՞նչ ենք խոսելու՝ դեռ պարզ չէ։ Ցավում եմ, որ նախագահը միակ բանակցող կողմն է։ Այս գործընթացում պետք է լինի 4 կողմ. հայ ժողովրդի ընդհանրական միտքն ու կամքը արտահայտող մարմինը (ներկայացուցչությունը), Ղարաբաղի իշխանությունը, Ղարաբաղից դուրս եկած սփյուռքն իր ներկայացուցչական մարմնով եւ Հայաստանը։ Մենք պետք է ճշտենք մեր ռազմական դիրքորոշումը տվյալ երկրում (Ղարաբաղում եւ Հայաստանում)` ինչպիսին պետք է լինի եւ ինչպիսին է, եւ ի՞նչ կարող ենք մենք զիջել։ Պատմական իրականությունն ի՞նչ է ապացուցում մեզ։ Այս հարցում Ղարաբաղի սփյուռքը, որը կասի. ես այստեղից եմ, ես այնտեղից եմ (ոչ թե ինքներս որոշել ենք Աղդամը հանձնել), պիտի հարցնի. ինչի՞ց ելնելով։ Եթե մենք 19-րդ դարի մամուլն ենք կարդում եւ բազմաթիվ հանրագիտարաններ, Աղդամը իբրեւ հայկական տարածք է ներկայանում։ Մենք պետք է հասկանանք, թե ինչից ելնելով պատմական եւ ռազմական փոխզիջումները պետք է լինեն, եթե չի խանգարում, ենթադրենք, տնտեսական գործունեությանը, կոմունիկացիաներին (հայկական)։ Մենք տարածաշրջանում փաստորեն յուրօրինակ երկիր ենք։ Ադրբեջանն ուզում է բացահայտ միանալ Թուրքիային, իսկ մենք մնում ենք կղզյակ տվյալ տարածաշրջանում։ Հաղորդակցության միջոցների հարցն ինչպե՞ս է լուծվելու։ Սա հավաքական միտք է, որը պահանջում է լուրջ մտքի ու կամքի կուտակում։ Վերոթվարկյալ կողմերը պետք է հանդիպեն հավասարը հավասարի հետ եւ ընդհանուր ծրագրով ներկայանան ադրբեջանական կողմին (կամ այն միջնորդներին, որոնք տվյալ գործընթացը նախատեսել են)։ Ղարաբաղը եւ Հայաստանը կունենան մեծ կոնֆլիկտ։ Ամենամեծ դժբախտությունը մեր ոչ թե այն է, որ պետք է Ղարաբաղը հանձնվի Ադրբեջանին (չի՛ հանձնվելու), այլ, որ Ղարաբաղը որպես իրավաբանական սուբյեկտ, կունենա իր շահերը։ Ես շատ եմ վախենում, որ այսպիսի կղզի-պետություններում (ինչպիսին ժամանակին դարձավ Մոլդովան Ռումինիայի նկատմամբ) տեսնում ենք այդ շահերի բախումը։ Հայաստան-Ղարաբաղ հարաբերություններում վաղ թե ուշ (եթե չի միանում), տեղի կունենա շահերի բախում։ Նախ ֆինանսա-տնտեսական, անգամ լեզվի հարցում: Լիարժեք դաշնակից (բացի Ռուսաստանից եւ Իրանից) մենք չունենք եւ մեր ներսում ստեղծում ենք պայթունավտանգ իրավիճակ։ – Ի՞նչ է պետք խուսափելու համար։ – Մեզ պետք է տնտեսական աճ։ Հայաստան-Արցախում եթե լինի լուրջ տնտեսական աճ, ադրբեջանցին, որն ապրում է Գյանջայում, Բաքվում, կամ որեւէ այլ տեղ, կասի. «Եկեք մեզ էլ գրավեք, դուք շատ լավ ապրում եք»։ Ղարաբաղի եւ Հայաստանի շուկա եկած ադրբեջանցիները կուզեն այդ փողը տանել այստեղից։ Պետք է լրջորեն մտածել կայուն իրավիճակը հսկելու եւ հեռանկարային, անբախում ապրելու համար։ Տնտեսական ծրագիրը կունենանք այն դեպքում, երբ վստահություն ձեռք կբերենք մեր իշխանությունների, մեր բիզնեսմենների նկատմամբ։ Վերջիններիս չենք հավատում։ Եվ ուզում ենք, որ օտարները հավատան, հետաքրքիր պայմանագրեր կնքեն։ Այդ պայմանները կարող են ստեղծել միայն ու միայն այն դեպքում, երբ տեսնեն, որ իրավական, տնտեսական, ֆինանսական եւ բարոյաքաղաքական դաշտը լիարժեք արտացոլում է մեր ձգտումը դեպի լավը։ Եթե օտարը դնում է դրամ, իսկ ազգային բիզնեսմենները չեն դնում դրամ, որտեղից ուզում են ստանալ եկամուտ, նշանակում է նրանք լավ չեն հասկանում իրավիճակը կամ կրիմինալ հավակնություններ ունեն։ – Վերադառնանք երկու քարերին, որոնք գցեցին մի դեպքում ԱԳ նախարարը, ասելով, թե ունենք «զբաղեցված» տարածքներ, իսկ ՊՆ ներկայիս նախարարն էլ «հասկացրեց», թե կան տարածքներ, որոնք, մեղմ ասած, մերը չեն։ – Ես կարծում եմ, ասվածը սայթաքում չէ, այլ լայնածավալ մի գործընթաց, որի տրամաբանությունը հանգեցնում է նրան, որ մեզ փաստորեն ասում են (պատմական էքսկուրս են անում մինչեւ անգամ, թե 92-94 թվերին հայտարարվել է), թե մենք պիտի վերադարձնենք այն, ինչ պետք է հանձնել։ Իրենք նախապատրաստում են այս գործընթացը։ Չգիտես ինչու շտապում են։ Ես չեմ կարծում, որ այս առեւտուրը (իսկ սա մաքուր առեւտուր է) պետք է շտապեցնել։ 2-րդը. չեմ սպասում, թե դրա դիմաց պետք է լավացնեն իրավիճակը (չեն լավացնելու)։ Ոչ մի խնդիր, որպես լուծված, չի վերանալու։ Ինչ կա, դա կմնա, քանի դեռ Ադրբեջանի կողմը զուսպ է եւ փոխզիջման մասին չի մտածում։ Մենք ինչի՞ց ելնելով պիտի տանենք այդ խոսակցությունը։ Ի՞նչն է պատճառը, որ մենք այդքան վստահ ասում ենք, թե ինչքան պետք է զիջենք կամ մոտավորապես որոշել ենք։ Թե՞ սրա ետեւում կա մեկ ուրիշ բան, որ հաճախ տեսնում ենք մեր կյանքում. ես եմ ղեկավարը, ես եմ խելոքը։ Ուրիշ ազգերի պատմական փորձը ցույց է տալիս, որ սխալը մնում է սխալ։ Եվ ոչ մեկը չի ասում, որ սխալ մոտեցումները պետք է ներել։ Եթե մտնում ենք մի գործընթաց, որը կոչվում է խաղաղության գործընթաց, դա կարելի է պահպանել, եթե Հայաստանը մոտենա տնտեսական աճին նրա համար, որ ագրեսիվ չէ։ Իսկ եթե տնտեսական աճը տվեց Ադրբեջանը ու մենք մնացինք այս վիճակում, միակ լծակը, որով կարող ենք պաշտպանել մեզ (ոչ այնքան վստահելի)՝ բանակն է։ Ուժով պետք է պաշտպանենք մեզ։ Վաղ թե ուշ, եթե մինչեւ անգամ այդ տարածքների վրա չապրի նորմալ եւ բարգավաճ ազգ, այդ տարածքները մերը չեն լինի։ Զրուցեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ