Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ սիրում են, բայց տարօրինակ սիրով

Մայիս 26,2001 00:00

«ԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԵՄ ՁԵՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Մեզ սիրում են, բայց տարօրինակ սիրով Սան Ֆրանցիսկոյում շատ են մարդիկ, որոնք ընկած են մայթերին եւ չգիտես՝ մուրացկանությո՞ւն են անում, թե՞ պարզապես մարտահրավեր են նետում հասարակությանը։ Շատ են մարդիկ, որոնք քչփորում են աղբամանները։ Այստեղ դա շատ հանգիստ է ընդունվում. մարդը «բոմժ» (homeless) է աշխատում, ինչպես աշխատում են բոլորը՝ տաքսու վարորդը, բիզնեսմենը, պրեզիդենտը, բոլորը։ Այդ «բոմժերը» նախկինում գործարանի ինժեներ կամ գիտությունների թեկնածու չէին։ «Բոմժի» մասնագիտությունը նրանց (եւ գուցե նրանց հայրերի ու պապերի) ազատ ընտրությունն է։ Նստած էինք սրճարանում, դուռը բացեց այդ դասակարգի ներկայացուցիչը (անորոշ տարիքի եւ սեռի) ու ներս չմտնելով բավականին երգեցիկ ձայնով ասաց. «Դուք այստեղ քեֆ եք անում, իսկ փողոցում մարդիկ կան, որ տուն չունեն»։ Այսքանով ավարտելով իր սոցիալական բողոքը, նա փակեց դուռը եւ հպարտորեն հեռացավ։ Մենք Սան Ֆրանցիսկոյում ենք գտնվում մամուլի մարքեթինգին նվիրված միջազգային կոնֆերանսին մասնակցելու համար։ Ռուբեն Սաթյանը, Վարդան Ալոյանը, Էդվարդ Նաղդալյանը, Աղասի Աբրահամյանը եւ ես ամերիկյան «IREX» եւ «Promedia» կազմակերպությունների աջակցությամբ սովորում ենք, թե ինչպես է պետք գտնել մեր թերթերի համար նոր ընթերցողներ եւ նոր գովազդատուներ։ Ավելորդ է, իհարկե, ասել, որ «Առավոտի» եւ, օրինակ, «Բոստոն Գլոբի» պրոբլեմները տարբերվում են ճիշտ այնպես, ինչպես տարբերվում են «ԵրԱԶ» գործարանի եւ «Ջեներալ մոթորսի» խնդիրները։ Այստեղ մամուլը բարգավաճող բիզնես է, Հայաստանում՝ նվաստացուցիչ մուրացկանություն։ Նույնիսկ գովազդը մեր երկրում կախված է տվյալ լրատվամիջոցի՝ իշխանության հետ ունեցած հարաբերություններից։ Եթե որեւէ հայաստանցի բիզնեսմեն համարձակվում է իր ֆիրմայի գովազդը տալ իշխանությանը չխնկարկող ԶԼՄ-ին, նրան այնպես են «բոքսում» նախագահի ապարատում, որ նա վախենում է բարեւ տալ այդ լրատվամիջոցի աշխատակիցներին։ Այսքանից հետո ինչպե՞ս զբաղվել մարքեթինգով եւ լայնացնել գովազդային շուկան։ Սակայն, այդ ակնհայտ տարբերություններով հանդերձ, սխալ կլինի ասել, որ մենք բան չունենք սովորելու քաղաքակիրթ աշխարհից։ Ունենք, եւ շատ։ Բայց դա առանձին խոսակցության թեմա է։ «San Francisco Cronicle» թերթի տպարանի սեւամորթ բանվորը, իմանալով, որ Հայաստանից ենք, իսկույն նշեց մեր ժողովրդի բարձր մտավոր մակարդակը ու հիշեց, որ այստեղ մոտակայքում՝ Ֆրեզնոյում ապրել է մեր գրող Վիլյամ Սարոյանը։ Այնուհետեւ դեմքի կարեկցական արտահայտություն ընդունելով ավելացրեց. «Ես ամեն ինչ գիտեմ ձեր Ցեղասպանության մասին»։ Իհարկե, շատ լավ է, որ գիտի, բայց երեւի ավելի հաճելի կլիներ, որ մեր ժողովրդին ճանաչելու մեջ Ցեղասպանությունը առաջնակարգ դեր չխաղար։ Խղճահարությունը այն զգացմունքը չէ, որը բորբոքելով շատ բան ես շահում։ Ի դեպ, ծանոթության առաջին իսկ րոպեին Ցեղասպանության մասին էին խոսում թե բապտիստական եկեղեցու քահանան, թե թերթի «on-line» բաժանմունքի տնօրենը, թե հյուրանոցի աշխատակիցը։ Տարբեր նահանգներում (առաջին հերթին, իհարկե, այստեղ՝ Կալիֆոռնիայում) Ցեղասպանությունը ճանաչելու, իսկ Կոնգրեսում քննարկելու մեջ կան, հավանաբար, ինչ-ինչ քաղաքական հաշվարկներ, Թուրքիային խեղճացնելու խնդիր եւ այլն։ Բայց, մյուս կողմից, իշխանությունն այստեղ պարտադիր հաշվի է նստում հասարակական կարծիքի հետ, իսկ ամերիկյան ժողովրդի տեսակետը այս հարցում, իմ տպավորությամբ, միասնական է՝ մեզ համար խիստ նպաստավոր։ Միշտ դեմ էի գավառական այն մտածողությանը, թե ամերիկացիները պրիմիտիվ են, «Makdonalds» ուտող են, չեն գնահատում «ոգեղենը» եւ այլն։ Թվում է, որ դա, մեղմ ասած, սրտի անհաջողակ մխիթարանք է։ Եթե այդքան բութ են, ապա ինչպե՞ս են կարողացել հարուստ եւ ազատ պետություն կառուցել։ Այո, ամերիկացիները կենտրոնացած են փող աշխատելու վրա։ Բայց այդ ձգտման մեջ որեւէ պախարակելի բան չկա. դա հենց աշխատելու, վաստակելու խնդիր է։ Իսկ մենք, խորհրդային մարդիկ, 70 տարի զբաղված էինք փողը եւ սեփականությունը իրարից խլելով եւ այն իբր արդարաբար բաշխելով։ Մենք 10 տարի շարունակում ենք դա անել իներցիայի անդառնալի ուժով։ Այ, երբ խլելու եւ բաշխելու փոխարեն մենք սկսենք վաստակել եւ ծախսել, ահա այդ ժամանակ Հայաստանի հետ կապված կխոսեն ոչ միայն Ցեղասպանության մասին։ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Սան Ֆրանցիսկո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել