Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սա անփոփոխ մարդատեսակ է: Եղել է մարդկության պատմության ողջ ընթացքում ու լինելու է միշտ:

Մայիս 26,2001 00:00

«Ես ընդամենը կատարող եմ» Սա անփոփոխ մարդատեսակ է: Եղել է մարդկության պատմության ողջ ընթացքում ու լինելու է միշտ: Այս տեսակին, նույն այս մարդկությունը իր ապրած ժամանակաշրջանին ներդաշնակ անուններով է «պատվել»՝ ստրուկ, ճորտ, եսիմ էլ ինչ… Մեր օրերում նա բազմաթիվ «պատվանուններ» ունի: Ընտրենք հենց այն, որով այս տեսակն է գերադասում ներկայանալ՝ կատարող: Սա, հատկապես մեր հայրենական տեսակը, «դասական» ստրուկից ու ճորտից ահագին տարբերվում է: Մեր կատարողին ոչ դաժան բարքերը, ոչ էլ ճակատագիրն են շղթայակապ արել. «քաղաքակիրթ» այս տեսակն ինքն է գերադասում ստրուկի անպատիվ գոյակերպը: Այս «պատմական» պահին, չնայած հերթական ծանր փորձություններն ենք կլլում, բայց մեր հայրենական արտադրության բռնապետները, բարեբախտաբար, «թիֆլիսցի էն նեղճակատ կինտոյի» քեռու տղա նույնիսկ չեն կարող դառնալ: Սիբիրն էլ, մեր բախտից ռուսներն «օկուպացրել» են։ Բայց արի ու տես, որ «ես ընդամենը կատարող եմ» ասողները այս անսիբիր ու անստալին հողակտորի վրա Իոնեսկոյի ռնգեղջյուրների պես բազմանում են ու բազմանում: Թվում է, սրանք «մի փոր հացի» գաղափարախոսությունը «ազգային» սփռոցի վրա մեզ մատուցող մանկուրտ ղեկավարների պես վտանգավոր չեն: Մեր պատմությունն «օկուպացնողների», անբարոյականության գարշահոտ «բուրելով»՝ խոսափողներից «բարոյականություն» բառը օրուգիշեր բռնաբարողների, հատուկենտ ըմբոստներին լկտիաբար «հոգեկան հիվանդ» անվանողների ու նահատակների շիրիմների վրա պաշտոնների «կազինո» բացածների համեմատ սրանք կարծես անմեղսունակ շնչավորներ են: Իրոք, արդուկված, կոկված, «վիզկապով» տղերք են: Ասում ես՝ բարեւ, պատասխանում են՝ հազար բարեւ: Ասում ես՝ դե որ եկել եք, նստեք, ասում են՝ շնորհակալություն, ու նստում: Ասում ես՝ չե՞ք ամաչում, «մի տեսակ են լինում», այսինքն թե՝ էհ, ամաչելն էն խոսքը չի, մեր ձեռն ի՞նչ կա… Ահա, այսպես՝ ողջ «դասակով» եկել ու տեղավորվել են «Չորրորդ իշխանություն» թերթի սենյակներից մեկում ու մատյաններ են թերթում: Թվում է, ի՞նչ է եղել որ. երկրիս բյուջեն ճեղքվել է, ուզում են «Օգոստոս» գործակալության «թաքցրած միլիարդներով» ճեղքերը լցնել: Թվում է, մատյանները կթերթեն, կասեն՝ ներողություն-շնորհակալություն, ու կգնան իրենց գործին: Բայց հո իրենք գիտեն ու բոլորս գիտենք, որ աշխարհն էլ փուլ գա, պիտի գերխնդիրը կատարեն: Գերխնդիրն էլ, պարզ է, «աշխարհի ամենաարդար դատարանի» դատավորներին հերթական «քրեական գործը» մատուցելն է: Որ Յուստասն ու Ալեքսն այլեւս «չգաղտնալսվեն»: Որ վոինը առավելագույնս հանգստությամբ պղտոր ջրում մեծ ու փոքր ձկներ որսա: Որ ստահակ «հայրենասերը» ավելի լպիրշանա: Որ Մեղրին դնեն միջազգային «դախլի» վրա ու ձեն ածեն՝ էստի համեցեք: Որ հերթական անգամ ջերմեռանդորեն ապացուցեն, թե իրենք ինչքան են նվիրված իրենց տերերին: Ոնց որ ապացուցեցին Վանո Սիրադեղյանի, Աշոտ Բլեյանի ու Նիկոլ Փաշինյանի դեմ «գործ սարքելով»: Այս մեկն էլ կապացուցեն: Արդուկված, կոկված, «վիզկապով» տղերք են, ինչնե՞րն է պակաս: «Ես ընդամենը կատարող եմ» ասելով, «ամաչելով», հատուկենտ ըմբոստների «քոքը» կկտրեն այս «օկուպացված» հողակտորի երեսից: Ու չեն էլ հասցնի հասկանալ, որ հենց այսպես, իրենցպեսների «շնորհիվ» են աշխարհի երեսից վերացել «օկուպացված» հողակտորները: Չափազանցնու՞մ եմ: Բոլորովին: Հապա ձեր շուրջը նայեք՝ ռնգեղջյուրների բազմության մեջ քանի՞ մարդու դեմք եք նշմարում: ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել