Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հավաքական

Մայիս 26,2001 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՁՐԵՎԱՆՈՑԸ ԲԱՑՎԱԾ Է Հավաքական անվտանգության խորհրդի հերթական գագաթաժողովի ավարտից հետո մասնակից վեց պետությունների նախագահները 30 րոպեանոց մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեցին վեց հարցի։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացման խոսքում ասաց, որ նախագահները քննարկել են լրջագույն խնդիրներ եւ ստորագրված երեք կարեւոր փաստաթղթերը կանոնակարգում եւ ամբողջացնում են մինչ այժմ Բիշքեկում եւ Մինսկում քննարկված հարցերը։ Ռոբերտ Քոչարյանը երեւանյան գագաթաժողովը նշանակալից համարեց, քանի որ ընդունած որոշումների հիման վրա հանրապետությունները հնարավորություն ստացան ամրապնդել իրենց անվտանգությունը։ Հայաստանի լրատվամիջոցներից հարց տալու իրավունքը վերապահված էր ՍՆԱՐՔ լրատվական գործակալությանը։ «Մինսկի խմբի համանախագահող երկրներից երկուսն արդեն հույս են հայտնել, որ ԼՂՀ-ի հակամարտությունը կհաջողվի լուծել խաղաղ ճանապարհով, մինչեւ այս տարվա վերջ։ Ձեզ չի՞ թվում, որ ռուսական կողմից համարժեք հայտարարությունը, կոնկրետ՝ Ձերը, կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա»։ Գիտե՞ք ինչ պատասխանեց Վլ. Պուտինը, կարճ ասաց. «Թվում է… ինչպիսին հարցն է, այնպիսին պատասխանն է»։ Բայց, ակնհայտորեն Պուտինն ուզում էր խոսել հարցի մասին եւ շարունակելով ասաց. «Պետք է ձեզ վստահեցնեմ, որ, եթե չլինեին խաղաղությանն ուղղված Ռուսաստանի ջանքերը տվյալ տարածաշրջանում, այդ թվում նաեւ՝ այնպիսի բարդ հարցի կարգավորման վերաբերյալ, ինչպիսին ղարաբաղյան հարցն է, ապա, դժվար թե մյուս համանախագահողները հնարավորություն ունենային այդպիսի լավատեսական հայտարարություններ անել։ Որովհետեւ (Ռոբերտ Սեդրակովիչը գիտի դա, գիտի նաեւ Ադրբեջանի նախագահը) մեր միջնորդական ջանքերը վերջին շրջանում շատ են ակտիվացել, մենք մշտական կապի մեջ ենք ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի ղեկավարության հետ։ Եվ հենց սա է նշանակալի չափով թույլ տվել պնդելու այդ միտքը եւ հնարավոր է դարձրել հանդիպումները ԱՄՆ-ում եւ Եվրոպայում։ Բացի նրանից, որ մենք եղել ենք եւ մնում ենք Մինսկի խմբի անդամ եւ մտադիր ենք համաձայնեցված գործողությունների շրջանակում համակարգել մեր ջանքերը բոլոր կողմերի հետ, մենք ելնում ենք նաեւ նրանից, որ հատուկ հարաբերություններ ունենք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Եվ մենք պատրաստ ենք օգտագործել այդ հարաբերությունները հօգուտ տարածաշրջանի բոլոր երկրների։ Միայն ուզում եմ մեկ բան զգուշացնել՝ մենք այդ հատուկ հարաբերությունները չենք օգտագործի կողմերից որեւէ մեկին ճնշելու համար։ Մենք գտնում ենք, որ միայն Հայաստանը եւ միայն Ադրբեջանն են ի վիճակի պայմանավորվել։ Իսկ մենք, Մինսկի խմբի մյուս անդամների հետ, կարող ենք լինել միջնորդն ու երաշխավորը ձեռք բերված պայմանավորվածության։ Եվ անմիջականորեն պատասխանելով հարցին, ուզում եմ հույս հայտնել, որ երկու երկրների ղեկավարության եւ ժողովուրդների միջեւ պայմանավորվածությունը ձեռք կբերվի տեսանելի ապագայում։ Որքան շուտ, այնքան լավ։ Ռուսաստանը այդ հարցում չափազանց շահագրգիռ է»։ OPT-ի հարցը հետեւյալն էր. «Ձեր համատեղ քաղաքական հայտարարության մեջ հիմնական ուշադրությունը հատկացված է միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարին։ Որքանո՞վ է այդ վտանգը մեծ մասնակից պետությունների համար»։ Վլադիմիր Պուտինը պատասխանեց. «Որոշ երկրներ այդ վտանգի հետ բախվում են անմիջականորեն։ Դա Տաջիկստանն է, Ղրղըզստանը եւ Ռուսաստանը՝ Հյուսիսային Կովկասում։ Մենք այդ խնդիրների մասին գիտենք անմիջականորեն եւ ոչ թե հպանցիկ։ Բայց պետք է վստահեցնեմ, որ մասնակից մյուս պետությունները եւս՝ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Բելառուսը նույնպես անմիջականորեն բախվում են այդ խնդրին»։ Իր խոսքում Վլ. Պուտինը հատուկ ընդգծեց թմրանյութերին առնչվող հարցերը, ինչպես նաեւ՝ կրոնական հողի վրա տեղի ունեցող ահաբեկչական գործողությունները։ Գագաթաժողովի ժամանակ որոշում ընդունվեց արագ արձագանքման ուժերի կազմավորման մասին։ Նախատեսվում է ձեւավորել 3 հազարանոց զորք Կենտրոնական Ասիայի ճակատում, 1500 հոգիանոց զորք՝ կովկասյան ուղղությամբ եւ մոտ 1700 հոգիանոց զորք արեւելաեվրոպական ճակատի պաշտպանության համար։ Շտաբը պետք է տեղադրված լինի Ղրղըզստանում։ Ղրղըզ լրագրողն իր երկրի նախագահին հարցրեց՝ կարո՞ղ է Ղրղըզստանը տնտեսապես ապահովել շտաբի գործողությունները։ Ասկար Ակաեւն ասաց, թե նախքան առաջարկ անելն իրենք ծանրութեթեւ են արել իրենց հնարավորությունները եւ գտնում են, որ դա զգալի չափով կուժեղացնի երկրի պաշտպանությունը, անվտանգությունը եւ ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետությունը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել