Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱԼԻՍ ԵՆ, ՏԱԼԻՍ ԵՆ

Մայիս 25,2001 00:00

ՏԱԼԻՍ ԵՆ, ՏԱԼԻՍ ԵՆ Երեկ Հայաստանում Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը հայտարարեց, որ ինքը ներկայացնում է Հայաստանի՛ շահերը։ Ավելին, նա անմիջականորեն աշխատում է ներդրողների հետ, համոզում նրանց՝ Հայաստան գալ, այստեղ գործ դնել, ապացուցում, որ այստեղ ամեն ինչ լավ կլինի եւ այլն։ Ինչպես հասարակության հետ կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանն ասաց, ՀԲ-ն ստանձնել է բրոքերի դերը՝ Հայաստան ներդրումներ ներգրավելու համար։ Մեր այն հարցին, թե այդ ներդրողների հնարավոր անհաջողության դեպքում ինչպե՞ս է պրն Սաադաթը պատկերացնում իր պատասխանատվության խնդիրը, վերջինս պատասխանեց, թե իր բառապաշարում չկա «անհաջողություն» բառը։ Ճիշտ է, դրանից քիչ առաջ էր նա բերել գազի եւ էլեկտրականության հաշվիչներ արտադրող ֆիրմայի օրինակը, որի տնօրենը հայտնել է, որ բիզնեսն այնքան էլ լավ չէ։ (Անհաջողություն չանվանենք, եթե էությունը դրանից փոխվում է- Ա. Գ.)։ Վերջինիս պրն Սաադաթը երկար համոզել է մի քիչ էլ սպասել, լրացուցիչ ներդրումներ անել, որովհետեւ ԲԷՑ-երի սեփականաշնորհումից հետո հատկապես էլեկտրական հոսանքի հաշվիչների պահանջարկը կմեծանա եւ այլն։ Այս եւ այլ փաստարկներով է Օուեյս Սաադաթը Պապից ավելի կաթոլիկ, ներողություն՝ հայերիցս ավելի հայասեր ներկայանում։ Ինչեւէ, երեկվա ասուլիսի նպատակն էր վերահաստատելու լուրն այն մասին, որ ՀԲ տնօրենների խորհուրդը հաստատել է ՍԱԿ-4-ը։ Քննարկվել է ՀՀ կառավարության աղքատության կրճատման միջանկյալ ռազմավարական ծրագիրը։ Հաստատվել է նաեւ երկրի աջակցության բանկի ռազմավարությունը՝ առաջիկա երեք տարվա համար։ Վերջինս ենթադրում է տարեկան երեք ծրագիր՝ 150 մլն բալային ֆինանսավորմամբ։ Ի դեպ, փողը փող է բերում. ՍԱԿ 4-ից բացի Հայաստանին կտրվի 5 մլն դոլար եւս՝ Հոլանդիայի կառավարության կողմից։ Նյու Յորքի համաժողովը, ինչ խոսք, պրն Սաադաթն էլ է բարձր գնահատում։ Իհարկե, իր գովքի մեջ վերջինս հայ պաշտոնյաներից քիչ ավելի իրատեսական էր. նա Հայաստանի աճը դանդաղեցնող գործոններից առաջինը նշեց խաղաղությունը, իսկ Նյու Յորքում քննարկված հարցերից՝ տարածաշրջանային ինտեգրումը։ Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել