Լրահոս
Օրվա լրահոսը

Անտեսելով սահմանը

Մայիս 25,2001 00:00

Անտեսելով սահմանը «Ամենամեծ խնդիրը բաժնետիրական ընկերություններին հասկացնելն է, որ իրենց բոսը (boss) իրենց բաժնետերերն են»,- Երեւանում երեկ տեղի ունեցած միջազգային սեմինարի ընթացքում «Առավոտին» հայտնեց Վրաստանի արժեթղթերի հանձնաժողովի նախագահ, ամերիկացի Ռոբերտ Սինգլետարին։ Նա ավելացրեց, որ սա նոր գաղափար է եւ մերժվում է ընկերությունների տնօրենների կողմից։ Իսկ ընդհանրապես, սեմինարի մասնակից երեք երկրներում էլ (Հայաստան, Վրաստան, Բուլղարիա) կապիտալի շուկայի զարգացման համար խոչընդոտներն ու խնդիրները, պատասխանատուների մեկնաբանությամբ, նույնն են, չնայած Բուլղարիայում համեմատաբար ակտիվ է շուկան։ «Առավոտի» հարցին պատասխանելով, Ռ. Սինգլետարին ասաց, որ, օրինակ, Վրաստանում 400 ԲԲԸ է ստեղծվել բառացիորեն մեկ գիշերվա ընթացքում, որի արդյունքում 500 հազարից ավելի մարդ բաժնետեր է դարձել։ Ուստի տեղեկացվածության խնդիր է առաջացել։ Ավելին, հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ, բաժնետոմսերը «բաժնետերերին չեն հանձնվել եւ չեն գրանցվել ժամանակին, իսկ արժեթղթերի հանձնաժողովը ռեստրոսպեկտիվ լիազորություններով օժտված չէ, որպեսզի սեփականաշնորհման նախարարությանը ստիպի վերականգնել ներդրողների իրավունքները»։ Մինչեւ 1998թ. դեկտեմբերը Վրաստանում ձեւավորված չի եղել օրենսդրական դաշտը, այդ պատճառով էլ թափով ընթացած սեփականաշնորհման ժամանակ հանձնաժողովը ստիպված է եղել աշխատել օրենսդրական վակուումի պայմաններում։ Փոխարենը լավ ձեւավորված են եղել ենթակառուցվածքները. արդեն գործում էին դեպոզիտարիան, ֆոնդային բորսան։ Բուլղարիայի Արժեթղթերի ազգային հանձնաժողովի թողարկողների վարչության պետ Ցվետան Ռադեւը նշեց, որ հիմա իրենց երկրում մոտ 500 հասարակական (բաժնետիրական) ընկերություններ կան, որոնցից բոլորում էլ հսկիչ փաթեթ ունեցող բաժնետերեր են առկա։ Սա, ըստ Ց. Ռադեւի, ձեւախեղում է կապիտալի շարժն ու շուկան եւ խոչընդոտ է հանդիսանում նաեւ ֆոնդային բորսայի ու տնտեսության համար։ Պարզվում է, խնդիրները երեք երկրների համար էլ, իրոք, գրեթե նույնն են։ Հայաստանի արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Մուրադյանը հենց փորձի փոխանակման առումով էլ կարեւորում է միջազգային սեմինարը։ Ի դեպ, ըստ նրա, ռեեստրների վարման առումով Հայաստանի իրավական դաշտն ավելի բարվոք վիճակում է, նկատի ունենալով այն հանգամանքը, որ «մենք միասնական կենտրոնացված կարգ ունենք»։ Փորձի փոխանակումից բացի, սեմինարն ուրիշ «անելիք» էլ ունի. «ավանդույթ կձեւավորվի, որը կօգնի ինտեգրել շուկաները։ Ցանկալի է, որ այս երկրներում (Հայաստան, Վրաստան) սահմանված պահանջները միանման լինեն, որ արժեթղթերը շրջանառվեն՝ անտեսելով սահմանը»,- նկատեց Էդուարդ Մուրադյանը։ Ա. Ֆ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել