«ԲԱՎԱՐԻԱՆ»՝ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ Ժամանած ֆուտբոլասերների ճնշող մեծամասնությունը գերմանացիներն էին՝ մոտ 40 հազար, մինչդեռ «Վալենսիային» աջակցելու եկել էր մոտավոր հաշվարկներով շուրջ 25 հազար իսպանացի։ Միլանի փողոցներում տեղի ունեցող իրադարձությունների գլխավոր գործող անձինք, հասկանալի է, շարքային ֆուտբոլասերներն էին, մինչդեռ, այս երկրում սպասում էին Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջիեւին, ՄՕԿ-ի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչին, «Սան-Սիրս» ստադիոն էին այցելելու նաեւ Իտալիայի նորընտիր պրեմիեր մինիստր Սիլվիո Բեռլուսկոնին, Միլանի եւ Մյունխենի քաղաքապետերը, երկու երկրների սպորտի եւ ներքին գործերի նախարարները… Միայն անհետաձգելի գործերի պատճառով Միլան չէր ժամանել ՖԻՖԱ-ի նախագահ Ջեպպ Բլատթերը։ Սակայն ֆուտբոլային տոնակատարությանը չէր կարող չմասնակցել հանրահռչակ Միշել Պլատինին։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղն անհնար էր պատկերացնել առանց ֆուտբոլի արքայի՝ Պելեի ներկայության։ Եվ նա նույնպես իր ներկայությամբ պատվել էր «Սան-Սիրս» ստադիոնը։ «Adidas» ֆիրման պատմության մեջ առաջին անգամ հատուկ այս խաղի համար արտադրել էր հատուկ գնդակներ՝ «Finale» անունով։ Դրա հեղինակների պնդմամբ գնդակն ավելի փափուկ էր նախորդներից, գերազանցում էր տեսքով ու թռչում էր ավելի արագ։ Նոր գնդակն արդեն իսկ փորձարկվել էր «Ռեալ»-«Բավարիա» կիսաեզրափակիչ խաղում։ Եվ եթե հիշենք այս թիմերի հանդիպման ընդհանուր արդյունքը, ապա պետք է որ «Finale»-ն ավելի հաջողակ լիներ գերմանացիների համար։ «Բավարիա»-«Վալենսիա» խաղից առաջ ընդհանուր մտավախություն կար, որ թիմերը կնախընտրեն «փակ» ֆուտբոլը՝ նախապատվությունը տալով հուսալիությանը։ Սակայն հոլանդացի մրցավար Իոլը հենց սկզբից սրեց իրադրությունը՝ արդեն 6-րդ րոպեին թիմերին մեկական 11 մետրանոց հարված փոխանակելու հնարավորություն ընձեռելով։ Առաջին «ֆուտբոլային առավելագույն պատժաչափը» կիրառվեց «Բավարիայի» դեմ. Պատրիկ Անդերսոնը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց ու Դիկ Իոլան ցույց տվեց 11 մետրանոցի նշանակետը։ Մենդրետայի հարվածը անկասելի էր դարպասապահ Կանի համար։ Չանցած երեք րոպե, մրցավարը նմանատիպ վճռականություն ցուցաբերեց արդեն ի վնաս իսպանացիների։ Սակայն Մեհմեդ Շոլը չկարողացավ օգտվել իրեն ընձեռված 100 տոկոսանոց հնարավորությունից։ Դրանից հետո «Բավարիան» լիովին տիրեց նախաձեռնությանը։ Թվում էր, թե այդ թիմն ի վիճակի է անվերջ գրոհել, բայց գնդակը, միեւնույն է, չի հայտնվելու «Վալենսիայի» դարպասում։ Այդպես շարունակվեց նաեւ հանգստից հետո, բայց ընդամենը 5 րոպե։ «Վալենսիայի» դարպասին նշանակված երկրորդ 11 մետրանոց հարվածն այս անգամ հստակորեն իրացրեց Էֆենբերգը, եւ հաշիվը դարձավ 1։1։ Այնուհետեւ թիմերը շատ ջանքեր գործադրեցին նախապես իրենց ընձեռված ժամկետներում հաղթանակը կորզելու համար։ Ու թեեւ «Բավարիան» դա անելու ավելի շատ հնարավորություն ունեցավ, սակայն խնդիրը լուծել չստացվեց։ Հաշիվը չփոփոխվեց նաեւ նշանակված լրացուցիչ 30 րոպեում։ Ու աշխատեց 11 մետրանոց հարվածաշարերի օրենքը։ Մինչեւ վերջ անկողմնակալ լինելու համար հարկ է նշել, որ երկու թիմերն էլ արժանի էին հաղթանակին։ Առաջինը փորձության ենթարկվեց մյունխենցի լեգեոներական Պաուլո Սերժիոն, որը գնդակը վստահորեն ուղարկեց տրիբունաներ։ Իսպանացիները երազած գավաթին տիրելու ռեալ շանս ունեցան։ Դրա համար նրանցից պահանջվելու էր ընդամենը 5 անգամ չվրիպել։ Սակայն «Վալենսիայի» խաղացող Զլայկո Զախովիչը հարվածեց անվստահ եւ դարպասապահ Կանը իր դարպասն անառիկ պահեց։ Ի վերջո, ճակատագրականը 14-րդ հարվածն էր այս շարքում, որը անասելի ցնծություն պատճառեց գերմանացի ֆուտբոլասերներին։ Այս երջանկությունը նրանց պարգեւեց Մաուրիսիո Պելլեգրինոն։ «Բավարիան» արժանի հաղթանակ տարավ։ Այս ակումբը շատ երկար ժամանակ չէր կարողանում նվաճել Եվրոպայի ֆուտբոլային գլխավոր մրցանակը։ «Վալենսիան» էլ արժանի էր չպարտվելուն։ Սակայն ֆուտբոլում նույնպես հաղթողը մեկն է լինում։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ