Ֆիզկուլտուրան եւ սպորտը՝ ուշադրության կենտրոնում Ազգային ժողովի անցած եռօրյայում մշակույթի, երիտասարդության եւ սպորտի փոխնախարար Իշխան Զաքարյանը պատգամավորներին է ներկայացրել «Ֆիզկուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքի նախագիծը։ Օրինագծի մասին է մեր զրույցը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի գծով հանձնաժողովի փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ։ – Օրենքը ստեղծելու փորձ, կարծես, նախկինո՞ւմ էլ եղել էր։ – Այո, ե՛ւ անցած գումարման Ազգային ժողովում, ե՛ւ դեռեւս Գերագույն խորհրդում։ Բայց որոշակի աշխատանքից հետո պարզ դարձավ, որ օրենքը հեշտ գրվողներից չէ։ Հանձնաժողովը հենց սկզբից աշխատել է կառավարության հետ, կազմակերպվել են լսումներ, բավական լուրջ առաջարկություններ եղան։ Կարծում եմ, հանձնաժողովի հետ համատեղ հաղթահարելի են այդ առաջարկությունները։ Վերջին քննարկումների ժամանակ 40-ից ավելի առաջարկություններ են եղել, որոնք հաշվի են առնվել։ Ազգային ժողովի նիստում նաեւ սկզբունքային առաջարկություններ են եղել, որոնք նույնպես հաղթահարելի են։ – Ինչպիսի՞ տարաձայնություններ են եղել։ – Խոսքը ֆիզկուլտուրայի պարտադիր դասավանդման մասին էր։ Շատ պատգամավորներ դպրոցներում դա ավելի իրական էին համարում, բայց, կարծում եմ, հակառակն է։ Որովհետեւ վերջին տարիներին հենց հագուստի պատճառով՝ պարտուսից դուրս մնացած մեծ թվով երեխաներ կան։ Դպրոցում էլ սոցիալապես անապահով շատ ընտանիքների երեխաներ կան։ Իսկ ֆիզկուլտուրան առանց համազգեստի, համաձայնեք, դժվար է պատկերացնել։ Բուհական համակարգում, կարծում եմ, ավելի հեշտ է, որովհետեւ բազաները կան, եւ կարելի է 2-3 տարի պարտադիր անցնել։ Տեսակետներ հնչեցին մասսայական սպորտի վերաբերյալ։ Պահանջներ եղան հարաբերությունները սահմանելու՝ ֆեդերացիաների եւ ակումբների, նրանց եւ պետության միջեւ։ Ակումբներն ու ֆեդերացիաները հասարակական կազմակերպություններ են, որ ունեն իրենց խնդիրները։ – Հայտնի է, որ դպրոցներում ուսուցիչների պակաս կա՝ կապված տղամարդ ուսուցիչների արտահոսքի հետ։ – Խնդիրը միայն ուսուցիչները չեն։ Դպրոցներում բազաները պահպանվել են, բայց ձմռան ամիսներին ջեռուցման, տաք մարզահագուստի խնդիրներ են առաջանում։ Իսկ հանրապետությունը ոչ թե կադրերի պակաս ունի, այլ առկա է աշխատավարձի խնդիրը։ «Կրթության զարգացման պետական ծրագրի» վերջնական փուլում, երբ համախառն արդյունքի 3%-ը հատկացվի կրթությանը, դրանից բացի, «Կրթության մասին» օրենքի համաձայն, բյուջեի 11%-ը հատկացվի, իսկ բյուջեն աճելու միտումներ, կարծես, ունի, ակնկալվում է, որ մի քանի տարուց ուսուցչի աշխատավարձը կկազմի մոտ 50 ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ Իսկ աշխատավարձի փոքր-ինչ բարձրացումը ենթադրում է ուսուցիչների վերադարձ դպրոց, այդ թվում՝ տղամարդ ուսուցիչների։ – Այս օրենքը պիտի համարել մա՞յր օրենք։ – Այո։ Ողջ օրենսդրական դաշտը բաղկացած է լինելու եւս 7 օրենքից։ Իսկ ընդհանրապես, որպեսզի ողջ ոլորտը հնարավոր լինի ընդգրկել, երեւի Ազգային ժողովը 14 օրենքից ավելի պիտի կարողանա ընդունել։ Ես եւ մի քանի պատգամավորներ հանդես եկանք առաջարկությամբ, որ ստեղծվի «Ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացման պետական ծրագիր»՝ կոնկրետ միջոցառումներով, միջոցներով ու ժամանակացույցով։ Այդ ծրագրով կմատնանշվեն այն համալիր օրենքները, որոնք կկարգավորեն բոլոր տիպի իրավական փոխհարաբերությունները։ ԽԱՉԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ