Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն

Մայիս 25,2001 00:00

Կհայտնվե՞ն փողոցում Արդեն 1,5 տարի է, ինչ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի կոլեկտիվը ահուդողով սպասում է, թե երբ իրեն փողոց կշպրտեն։ Պալատի փոխնախագահ Կարեն Ալեքսանդրյանը տեղեկացրեց, որ դեռեւս 1998-ի հոկտեմբերին, պալատի նախկին նախագահ Հ. Հովհաննիսյանը կեղծելով մի շարք փաստաթղթեր, գաղտնի կերպով «Ագրոբանկում» գրավադնում է պալատին պատկանող երկհարկանի շենքը եւ վերցնելով գումարը՝ հեռանում է հանրապետությունից։ Որոշ ժամանակ անց նա նամակ է ուղարկում, որով հայտնում է, թե հրաժարվում է իր պաշտոնից եւ առաջարկում ընտրել նոր նախագահ։ Հանցավոր գործարքի բացահայտումից հետո պալատի կոլեկտիվը, իր նորընտիր նախագահ Սամվել Շարբաթյանի գլխավորությամբ դիմում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազություն։ Խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեղադրանքով դատախազությունը նախկին նախագահ Հ. Հովհաննիսյանի հանդեպ հարուցում է քրգործ եւ հետախուզում հայտարարում։ Քրեական գործ հարուցելուց շուրջ մեկուկես տարի հետո, դատական տարբեր ատյաններում քննարկվում է այս չարչրկված հարցը։ 2000թ. առեւտրաարդյունաբերական պալատը արդարադատության խորհրդին տեղեկացնում է դատական մարմինների կողմից կատարված անարդար վճիռների եւ որոշումների մասին։ Իսկ արդարադատության խորհուրդը, որպես պատասխան, առաջարկում է կոլեկտիվին՝ սպասել քրգործի ավարտին։ Առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահը նշեց նաեւ, որ 2000թ. Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի, ինչպես նաեւ վերաքննիչ դատարանները անվավեր են ճանաչել կեղծ փաստաթղթերի հիման վրա կնքված հիպոտեկի պայմանագիրը, որը հիմք է հանդիսացել ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատին պատկանող շենքը գրավադրելու համար։ Այնուհետեւ «Ագրոբանկը» բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատին, որն էլ բեկանել է վերաքննիչ դատարանի վճիռը եւ գործն առանց որեւէ հիմքի ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ «Կարծում եմ, որ այս հարցում դատավորների վրա ճնշում է գործադրվում «Ագրոբանկի» եւ հատկապես մի մարդու՝ Ա. Մկրտումյանի կողմից, որն իր վրա վերցնելով «Ագրոբանկի» շահերի պաշտպանի դերը, ոտնահարում է օրենքը եւ անտեսում ակնհայտ փաստերը՝ ցանկանալով ամեն կերպ խոչընդոտել գործի բնականոն ընթացքը»,- ասաց պրն Ալեքսանդրյանը։ Ըստ Կ. Ալեքսանդրյանի, դատավորները ակնհայտ սխալմունքներ են թույլ տալիս, քանզի նիստերից մեկի ժամանակ ցուցմունքներ տալու համար դատարան են հրավիրվել նախագահության բոլոր անդամները, որոնց ցուցմունքների մասին նույնիսկ վճռում չի հիշատակվում։ Ըստ պրն Ալեքսանդրյանի, օրենքի լուրջ խախտում է նաեւ այն, որ «մեր շենքը գնահատվել է 205.000 դոլար, որի դիմաց «Ագրոբանկը» նույն չափի վարկ է տվել նախկին նախագահին»։ Այնինչ, օրենքի համաձայն, վարկ վերցնողին պետք է տրվեր ոչ թե հենց 205.000 դոլար կանխիկ գումար, այլ դրա 30-40%-ը միայն։ Եվ սա պետք է որակել որպես օրինախախտում, ինչը չարեցին եւ ոչ մի դատարանում։ Նշենք, որ դատական վերջին նիստի ժամանակ «Ագրոբանկը» հայտարարել է, որ պատրաստ է կոլեկտիվին չվտարել շենքից, այլ երկարատեւ ժամկետով վարձակալության հիմունքներով թողնել նրանց այնտեղ։ Սակայն կոլեկտիվը մերժել է նման առաջարկը, քանզի, ինչպես նշեց պրն Ալեքսանդրյանը, «նախ դրանով մենք կհաշտվենք այս խայտառակ անարդարության հետ եւ հետո ինչ երաշխիք, որ մի քանի ամիս անց մեզ դուրս չեն հանի եւ շենքը չեն վաճառի։ Այդ դեպքում մենք արդեն իսկապես ի զորու չենք լինի որեւէ բան անել»։ Տեղեկացանք նաեւ, որ օրերս ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի կոլեկտիվը դիմել է ԱԺ եւ կառավարություն։ «Մենք սպասում էինք, որ այս հարցը քննարկվի դատական բոլոր ատյաններում եւ միայն դրանից հետո դիմեինք պետությանը։ Մենք ոչ թե ակնկալում ենք ՀՀ նախագահի միջամտությունը դատական համակարգին, այլ ապավինում ենք պրն Քոչարյանի արդարացի վերաբերմունքին՝ այս անարդար դատական գործում, քանի որ վտանգվում է ինչպես ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի, այնպես էլ մեր երկրի վարկանիշը միջազգային կազմակերպություններում»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել