Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐՏԵ՞Ղ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Մայիս 25,2001 00:00

ՈՐՏԵ՞Ղ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ Ըստ նախնական մտադրության, ՀՀԿ-ն պատրաստվում էր իր համագումարն անցկացնել Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճում, բայց մշակույթի նախարարության որոշումը՝ մշակութային օջախներում քաղաքական միջոցառումներն արգելելու մասին, ստիպեց, որ հանրապետականներն իրենց համագումարի համար ընտրեն Ամերիկյան համալսարանի դահլիճը։ Բայց սա էլ չհաջողվեց, քանի որ Ամերիկյան համալսարանը մերժել է դահլիճ տրամադրել, պատճառաբանելով, թե քաղաքական միջոցառում անցկացնելու նախադեպ չի եղել: ՀՀԿ-ն, ի վերջո, որոշեց համագումարն անցկացնել կառավարության դահլիճում (Մելիք-Ադամյան փողոցի կողմից)։ Բայց 6 հազարանոց կուսակցության համագումարի 900 պատվիրակները երեւի ստիպված կլինեն իրար գիրկ նստել, 750 հոգու համար նախատեսված դահլիճում տեղավորվելու համար։ Ըստ որոշ հանրապետականների՝ իրենք չեն ուզում չարաշահել գործադիր իշխանությունը եւ տեղի հարցն իրենց ուզածով լուծել։ Մի փոքր ավելի նուրբ է ՀԺԿ-ի համագումարի հարցը։ Հայտնի է, որ ժողովրդական կուսակցությունը մտադիր է իր համագումարն անցկացնել «Կարեն Դեմիրճյան» մարզամշակութային կենտրոնում։ Բայց հայտնի որոշումը կրկին արգելք է դնում այս մտադրության վրա։ Ըստ հավաստի աղբյուրների՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ մի քանի պաշտոնատար հանրապետականներ եւս համաձայն են, որ ՀԺԿ-ն համագումարը հենց այդ դահլիճում անցկացնի, բայց մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանն իր իսկ որոշումը չի ուզում շրջանցել։ Վարչապետը նույնիսկ փորձել է համոզել նախարարին, բայց վերջինս անդրդվելի է։ Ռոլանդ Շառոյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ որոշումը բոլորին է վերաբերում, եւ ինքը չի կարող հաշվի չառնել այդ։ Պրն Շառոյանն ասաց նաեւ, թե պատրաստ է Կարեն Դեմիրճյանի հիշատակի կամ մեծարման որեւէ միջոցառման համար դահլիճն անվճար տրամադրել, բայց քաղաքական համագումարի համար չի կարող։ Ըստ մեր աղբյուրների, եթե ժողովրդական կուսակցությանն, իրոք, արգելվի իր երկրորդ համագումարն անցկացնել «Կարեն Դեմիրճյան» կենտրոնում, կուսակցությունը պատրաստ է համագումարը վերածել բազմահազարանոց հանրահավաքի։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել