Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կբացահայտվի՞ ճշմարտությունը, թե՞ ոչ

Մայիս 25,2001 00:00

«27»-ի դատավարությունը երկու կողմ ունի Կբացահայտվի՞ ճշմարտությունը, թե՞ ոչ Ըստ անկախ դիտորդների, «Հոկտեմբերի 27»-ի դատավարության ավարտն իր լուծումներով կարող է քաղաքական կայունության գործոն լինել: Որքանով է դա ճշմարիտ, փորձեցինք պարզել հայտնի մտավորական Ռուբեն Անգալադյանից: Անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ին, դրա շարժառիթներին եւ երկրի կյանքում դրա հետեւանքներին, պարոն Անգալադյանն ասաց. «27-ը» ցույց է տալիս, թե այս վերջին տարիների դեֆորմացիան ինչպիսի քաղցկեղ կարող է ունենալ իր ներսում եւ ինչպիսի ողբերգության առջեւ կարող է կանգնել ազգը։ Կարծում եմ, ամենակարեւորը կայունացման առումով կլինի այն, որ հասկանանք, թե ի՞նչն է եղել ամեն ինչի, այս մեծ քաղցկեղի հիմքում։ Ինչպես է սա արտացոլվում, ինչպիսի կապերով է կապված ամբողջական մեր մտածողության հետ եւ մանավանդ, ներքին եւ արտաքին քաղաքականության հետ։ Կարծում եմ, ներքին եւ արտաքին քաղաքականության հետ սա որոշակի կապ ունի։ Եթե պետությունն իր ներսում ունի թույլ կողմեր, իսկ դրսում՝ պրոբլեմներ, այն ուժերը, որոնք, այսպես թե այնպես, հսկում են, պարզ է, որ ներքին եւ արտաքին թույլ կողմերից պետք է օգտվեն։ Այնքան խճճված է «27-ը»։ Այս դատավարությունն ունի 2 կողմ. ոչ թե ահաբեկիչների եւ տուժողների, այլ՝ կլինի՞ ճշմարտություն, թե՞ չի լինի։ Ճշմարտության կողմն է ողջ ժողովուրդը, չ-ճշմարտության կողմն է որոշակի ուժ։ Ո՞վ է, ի՞նչ է, ինչպե՞ս է, ես չգիտեմ։ Բայց եթե չբացահայտեցինք, եւս մեկ անգամ կապացուցենք, որ մենք վստահություն չենք կարող ձեռք բերել այս երկրում (իրավական եւ բարոյաքաղաքական)։ Այստեղ վտանգված է մեր կյանքը։ Իսկ մենք ապրում ենք Հայաստանում։ Վտանգված մարդն իր երկրում նշանակում է տարագիր մարդ։ Մյուս կողմից նշանակում է, որ մեծ լծակ կա մեզ վրա, որով կարող են ոչ միայն Ղարաբաղի հարցը լուծել, այլ շատ-շատ ուրիշ հարցեր։ Մենք մեր մեջ պիտի գտնենք ճշմարտության դաշտը։ Առանց դրա մենք ոչնչի չենք հասնելու։ Մենք չենք վստահում, եւ օրենքը ոնց որ մեր դեմ լինի։ Բյուրոկրատական մեխանիզմը մեր դեմ է։ Իսկ մենք ուզում ենք, որ մեր բոլոր բանակցություններն ավարտվեն մեր օգտին։ Տեսեք, Ալիեւը հանդիպում ունեցավ ադրբեջանցի մտավորականների հետ, որտեղ երբ իրեն հարցրել են. «Կարո՞ղ եք բացատրել, ինչպես է ընթանում բանակցությունները», նա պատասխանել է. «Դուք ինձ վստահո՞ւմ եք, թե՞ չեք վստահում»։ Վստահություն ձեռք բերելու համար նախապայմաններ էին պետք։ Ինչպես վստահես, երբ ազգը սնանկացել է, թողել-գնացել է, եւ չի էլ ուզում վերադառնալ։ Նրանք հոգնել են ամեն ինչից։ Սրան գումարվել է նաեւ «27»-ի դատավարության ծանրագույն հարցը։ Չմոռանաք, որ այսօրվա խորհրդարանը այն Ազգային ժողովն է, որն ահաբեկվել է։ Համոզված եմ, որ պատգամավորները մինչեւ այսօր, այսպես թե այնպես, ստրեսային իրավիճակում են գտնվում։ Երբ այդպիսի իրավիճակներ են ստեղծվում, ինչո՞ւ են հրաժարական տալիս ու դուրս գալիս. որպեսզի կարողանան ստրեսից դուրս գալ եւ ոչ թե պաշտոնից են զրկվում։ Մեզ մոտ օրախնդիր է. պաշտոն ունի՞, թե՞ չունի։ Այստեղ պաշտոնի խնդիր չկա։ Խնդիրը հետեւյալն է, թե ինչքանով տվյալ պառլամենտը ահաբեկված լինելով հանդերձ կկարողանա հավասարակշռված օրենքներ եւ աշխատանք ունենալ»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել