Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության

Մայիս 25,2001 00:00

ՉԷ, ՎԱՆԱՁՈՐՑԻՆ ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԱՍԱԾԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ Քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը, որ օրերս այցելել էր Վանաձոր, մի շատ կարեւոր հայտնագործություն ու պետական պաշտոնյային խիստ բնորոշ մի հայտարարություն արեց: «Կարծես թե, մեր ժողովրդի մեջ բարեկեցիկ ապրելու մենթալիտետը կորել ա. այսինքն, մի տնակում առանց մաքրության, առանց ինչ-որ բանի շարունակում են ապրել՝ ստանալով 10 հազար դրամ նպաստ, մեկ կամ երկու պարկ ալյուր, խուսափում են գնալ իրենց բարեկեցիկ տները, որոնք կառուցված են Տարոն թաղամասում»։ Հա. մեր ժողովուրդը ավելի քան տաս տարի սովորել է ապրել էսպես՝ կեղտաջրի մեջ ու բարեկեցիկ ապրելն այլեւս նրա համար կենսական պահանջ չէ, ու թող պարոն Լոքյանն էլ այդպես մտածի։ Վերջինիս արած արտասովոր դատողությունից տպավորություն է ստեղծվում, թե աղետի գոտու բնակիչները չեն ուզում 10 հազար դրամից ավելին վաստակել կամ ապրել ոչ պակաս բարեկեցիկ պայմաններում, քան ինքը՝ նախարարն է ապրում։ Հետաքրքիր է իմանալ, թե իշխանություններն այդ ի՞նչ բարեկեցիկ պայմաններ եւ ի՞նչ հրաշալի բնակարաններ են հատկացրել մարդկանց, որ վերջիններս գերադասում են իրենց խեղճ ու կրակ եւ կեղտոտ տնակները։ Դ.Լոքյանի նույն հայտարարության մեջ ու նաեւ՝ տողատակում, պարզվում է, դրա պատասխանը կա։ Իշխանություններն, ի դեմս նախագահ Քոչարյանի, խոստացել են աղետի գոտում վերացնել տնակային տնտեսությունները։ Ոչինչ, որ նրանք ի վիճակի չեն իրագործել ամպագոռգոռ այդ խոստումները, բայց պետք է գոնե ցույց տալ, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, անում են։ Կարեւորն այն է, որ աղետի գոտին տնակներից մաքրվի. դա է գերխնդիրը։ Դրա նպատակը նաեւ այն չէ, որ վերջապես աղետի գոտում մարդիկ իրենց տնավորված ու ապահով զգան։ Այսօր իշխանությունները տնակներում ապրողներին հատկացնում են ոչ թե նոր բնակարաններ, այլ նրանց առաջարկում են կեղտոտ, բայց սեփական տնակները թողնել ու վարձով տեղավորվել Տարոն թաղամասում կառուցված շենքերում։ Առաջին հինգ տարիների ընթացքում պետությունն ինքն է պարտավորվում վճարել բնակարանների վարձը՝ 10 հազարական դրամ, բնականաբար, առանց մյուս կոմունալ վճարների։ Պարոն Լոքյանն էլ, բնականաբար, շրջանցում է մի քանի կարեւոր հարցադրումներ. նախ, ի՞նչ երաշխիք է տրվում վանաձորցուն, որ իշխանությունները, որոնք այսօր ի վիճակի չեն նույնիսկ մարդկանց հասանելիք կենսաթոշակներն ու նպաստները վճարել, կվճարե՞ն հիշյալ բնակարանների վարձը, եւ դրանք հերթական անգամ չեն կուտակվի ու վերջում չեն փաթաթվի հենց բնակիչների ճիտից։ Կամ ի՞նչ երաշխիք կա, որ 5 տարի հետո վանաձորցին աշխատանք կունենա եւ այնպիսի աշխատանք, որ ի վիճակի կլինի վճարել10 հազար դրամ կազմող բնակվարձը, իսկ եթե չկարողանա՝ ի՞նչ է լինելու հետո։ Վանաձորը Հայաստանից դուրս չէ, եւ վանաձորցիները իշխանություններին վաղուց ու լավ են ճանաչում։ Նրանք պարզապես չեն վստահում պետությանն ու վերջ։ Ապրուստի տարրական պայմաններից զուրկ վանաձորցին, որի միակ սեփականությունը, թերեւս, հենց իր մի հատիկ տնակն է, չի հավատում, որ ֆինանսական սուղ միջոցների տիրապետող պետությունը մեկ-երկու ամսից չի նվնվա, թե այլեւս ի վիճակի չէ բնակչի փոխարեն վարձ վճարել։ Կա որեւէ երաշխիք, որ այդ դեպքում շքեղ բնակարան տեղափոխված բնակչին չեն պարտադրի կամ վարձավճարը մուծել կամ բնակարանը հանձնել մեկ այլ ընտանիքի։ Եվ էլի մեկ բան. լավ կլիներ իմանալ նաեւ, թե ո՞ւմ գրպանն են մտնելու պետության բյուջեից վճարվող այդ փողերը եւ հարկատուների փողերով ո՞ւմ է լավություն անում պարոն Լոքյանը։ Հստակ է, որ տվյալ դեպքում կառավարությունը իրականում ոչ մի խնդիր հիմնավորապես չի լուծում, բացի Քոչարյանին պարզերես անելուց։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել