Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴ… ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞

Մայիս 24,2001 00:00

ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴ… ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞ Նախկին իշխանությունների ղեկավարման առաջին իսկ օրերից սկսած՝ գրեթե բոլոր բնագավառներում կատարվեց մի անհասկանալի երեւույթ՝ պրոֆեսիոնալ կադրերի ջարդ։ Ղեկավարվելով «մեր դեմ խաղ չկա» կարգախոսով, հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում օրեցօր խորացավ պրոֆեսիոնալ կադրերի նկատմամբ անփույթ-վատնողական մոտեցումը, որը խաթարեց հանրապետության բնականոն զարգացման ընթացքը եւ պատճառ հանդիսացավ պետության ճգնաժամին։ Կադրային ջարդարարության քաղաքականությունը հատկապես զանգվածային բնույթ ստացավ ՆԳ նախարարությունում։ Հարյուրավոր հմուտ մասնագետներ հայտնվեցին համակարգից դուրս, փոխարինվեցին բոլորովին պատահական մարդկանցով։ Բանը հասավ նրան, որ ՆԳ բաժնի պետին փոխարինեց շուկայի տնօրենը։ Արդյունքում մենք ունենք բազմազան չբացահայտված հանցագործություններ, այդ թվում եւ շատ ծանր՝ սպանություններ, պաշտոնեական դիրքի չարաշահում, խոշոր չափերի հափշտակություններ։ Միեւնույն ժամանակ ունենք հարյուրավոր դատապարտված եւ դաժան խոշտանգումների ենթարկված լիովին անմեղ քաղաքացիներ, անպաշտպան ժողովուրդ։ Ցավոք, վիճակը մնաց նույնը անգամ երկրի քաղաքական վերնախավի փոխվելուց հետո, այդ մասնագետների ճակատագրով նույնիսկ չհետաքրքրվեցին։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ այդ մասնագետներից շատ- շատերը այսօր էլ պատրաստ եւ ի զորու են իրենց գիտելիքները եւ աշխատանքային հարուստ փորձի շնորհիվ ձեռք բերած հմտությունները ներդնել հանցագործությունների կանխման, կատարվածների բացահայտման գործին։ 2000թ. օգոստոսին ստեղծվել է «Սպայի պատիվ» հասարակական կազմակերպությունը։ Նրա խորհրդի որոշմամբ ձեւավորվել է իրավաբաններից կազմված հանձնաժողով, որի նպատակն է հասարակական ուսումնասիրություններ անցկացնել, հայտնաբերել ՆԳՆ համակարգից անօրինական կարգով հեռացված, փողոց նետված ամեն մի աշխատակցի փաստը։ Մենք անտարբեր չենք մնա եւ սիրով կարձագանքենք կամայականությունների զոհ դարձած ամեն մի անհատի ճակատագրի նկատմամբ։ Մեզ կարող եք դիմել 52-22-22 հեռախոսահամարով, ժամը 12-17-ը, ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից։ ՀՀ «Սպայի պատիվ» ՀԿ խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել