Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում գործող պղնձաարդյունաբերական գործարանները, որոնք արտադրում են միայն սեւ կամ, ինչպես ասում

Մայիս 24,2001 00:00

Չկաշկանդված կարծիք՝ պղնձի մասին Հայաստանում գործող պղնձաարդյունաբերական գործարանները, որոնք արտադրում են միայն սեւ կամ, ինչպես ասում են, անմաքուր պղինձ, չեն առաջացնում շուկայական հետաքրքրություն, քանի որ շահույթի հիմնական մասը թողնում են այն պետությանը, որը վերջնականորեն վերամշակում է այն։ Իսկ Հայաստանը, որը համարվում է հարուստ ընդերք ունեցող երկիր, երբեք էլ չի կարող հարստանալ, քանի դեռ չի զարգացրել մետալուրգիայի՝ մաքուր պղինձ արտահանող ճյուղերը։ Ահա այս ցավոտ խնդրի շուրջ «ոչնչով չկաշկանդված եւ ոչ մեկի կողմից չպատվիրված»՝ Ասպիրանտների եւ գիտնականների հանրապետական խորհուրդը երեկ ԳԱԱ-ում «Հայաստանի պղնձաարդյունաբերության ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարները» հրատապ թեմայի շրջանակներում հրավիրել էր կլոր սեղան։ ՀՊՃՀ ընդերքաբանության եւ մետալուրգիայի դեպարտամենտի պրոֆեսոր Լազար Սարգսյանը տեղեկացրեց, որ մշակվել է մետալուրգիային վերաբերող մի ծրագիր։ Այն իրականացվում է ոչ այն տեմպերով, ինչպես նախատեսվել էր, որովհետեւ, ինչպես նա նշեց՝ «այդ հարցում մեր իշխանությունները չցուցաբերեցին պատշաճ վերաբերմունք»։ Ըստ ծրագրի, նախատեսվում էր Կապանում, Վայքում գտնվող բազմամետաղային հանքերի լրիվ հզորությամբ շահագործումը, որտեղ արտահանվող ցինկի, պղինձ-կապարային խտանյութերը շուկայական հետաքրքրություն ներկայացնող արտադրանք են համարվում։ Ըստ Լ. Սարգսյանի, մեծ է այսօր ծծմբական թթվի արտադրանքի պահանջարկը, քանի որ էլեկտրաէներգիայի արդյունաբերության մեջ բոլոր ջերմակայանները, ատոմակայանները օգտագործում են ծծմբական թթու։ Վերջինիս կարծիքով, եթե Հայաստանում պղնձային խտանյութերի վերամշակումը կատարվի լրիվ ցիկլով, այսինքն՝ օգտակար տարրերը խտանյութերից, հումքից կորզվեն ամբողջությամբ, ապա կբարելավվի նաեւ շրջակա միջավայրի պահպանության խնդիրը։ Մինչդեռ այսօր Ալավերդիում, Սարգսյանի տվյալներով, մթնոլորտ են արտանետվում ավելի շատ ծծմբային գազեր, քան դա կատարվում էր նախկին պղնձաձուլական գործարանի կողմից։ Դրա բացատրությունը, ըստ նրա, այն էր, որ այդ գազերը նախկինում վերածվում էին թթվի (կատարվում էր գազերի ուտիլիզացիա) եւ միայն մնացորդն էր արտանետվում։ Իսկ հիմա, քանի որ չկա ծծմբային թթվի արտադրություն՝ ծծմբային գազերն արտանետվում են ամբողջությամբ։ Պրն Սարգսյանի կարծիքով, սա շատ լուրջ խնդիր է, որի վրա թե՛ կառավարությունը եւ թե՛ հասարակությունը պետք է ուշադրություն դարձնեն։ ՀՊՃՀ ընդերքաբանության եւ մետալուրգիայի դեպարտամենտի վարիչ Սուրեն Աղբալյանի կարծիքով, այսպիսի տարածաշրջանում գտնվող պղնձաարդյունաբերությունը չի կարող երկար գոյատեւել, հզորանալ, եթե չզարգանան նաեւ արտադրության մյուս ճյուղերը։ «Եթե ունենանք մաքուր պղնձի արտադրություն, Հայաստանի բոլոր մետալուրգիական գործարանները կգործեն։ Մենք արտադրում ենք միայն սեւ պղինձ։ Այո, դա մեր ազգային հարստությունն է։ Սակայն, դրա հետ միասին, դուրս է գալիս նաեւ այն հարստությունը, որը կա այդ պղնձի մեջ՝ ոսկի, թանկարժեք մետաղներ։ Չէ՞ որ մեր ազգային հարստությունը պետք է մշակվի այստեղ, ոչ թե դրսում, որպեսզի մեր շահույթը մտնի պետբյուջե»,- ասաց նա։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել