Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդեն 6-7 ամիս է, ինչ խոսվում է մարզական բժշկությունն առաջնային պլան մղելու անհրաժեշտության մասին, ս

Մայիս 24,2001 00:00

ԳԵՐԱՆ ԿՈՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՅՈՒՂ ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԻ Արդեն 6-7 ամիս է, ինչ խոսվում է մարզական բժշկությունն առաջնային պլան մղելու անհրաժեշտության մասին, սակայն մեր մարզաշխարհի որոշ պատասխանատու օղակներում այս խնդրին շարունակում են անլուրջ վերաբերվել։ Օրերս ՀԱՕԿ-ի նախագահը հերթական համատեղ նիստն էր հրավիրել հանրապետությունում հենակետային համարվող չորս մարզձեւերում մարզիչ-մարզիկ-բժիշկ աշխատանքային հարաբերությունները սերտացնելու նպատակով։ Ներկա էին ՀԱՕԿ-ի բժշկական հանձնաժողովի նորանշանակ նախագահը, հանձնաժողովի հիմնական օղակների ղեկավարները, ծանրամարտի, ազատ եւ հունա-հռոմեական ըմբշամարտերի. բռնցքամարտի ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, նրանց օգնականները։ Քննարկման թեման նույնն էր. որոշել անելիքների այն շրջանակները, ուղիները, որոնցով պետք է գործնականորեն իրականացվի հավաքական թիմերում նաեւ մշտապես բժիշկ եւ մերսող ունենալու խնդիրը։ Այլ կերպ ասած, նախապատրաստության ողջ գործընթացը ու գիտական մակարդնկի վրա դնելու հարցը։ Ժամանակին շատ է խոսվել այս մասին, ուրվագծվել են հիմնական քայլերը, մանրամասն ու շահագրգիռ ուսումնասիրվել թե՛ մարզիչների, թե՛ բժշկական հանձնաժողովի պահանջները, եղել են համապատասխան հրահանգներ։ Սակայն երբ բանը հասել է գործին, թե՛ մարզիչները, թե՛ բժշկական հանձնաժողովը թերացել են։ (Այդ պատճառով բժշկական հանձնաժողովի նախկին նախագահն ազատվել է աշխատանքից)։ Բայց պնդել, թե իրավիճակը զրոյական դիրքից ընդհանրապես չի շարժվել, դժվար է։ Եթե առաջընթաց կա, ապա այնքան դանդաղ, որ նկատելի արդյունավետության մասին, թերեւս, խոսելն իսկ ավելորդ է։ Գրեթե միշտ ներկա եմ եղել նման քննարկումներին։ Թե՛ մարզիչները, թե՛ բժիշկները հայտարարում էին, թե առանց ամենօրյա սերտ համագործակցության մեծ սպորտում լուրջ ու կայուն հաջողություններ չեն լինի։ Սակայն դիտարումները հանգեցնում են այն եզրակացության, որ տեղի ունեցողը, լավագույն դեպքում, աչքակապություն է, որի արմատները հավաքականներում եւ բժշկական հանձնաժողովներում են։ (Ասվածը ներկայիս բժշկական հանձնաժողովի նախագահին չի վերաբերում)։ Պատասխանատու մասնագետները, մեղմ ասած, անլուրջ են վերռաբերվում իրենց իսկ գործին։ Մի վերջին անգամ ձեռնպահ ենք մնում անուններ տալուց։ Բավարարվենք ընդհանուր բնորոշ հարցերին անդրադառնալով։ Ի՞նչ ասես, որ մոտ օրերս աշխարհի առաջնության մեկնող ազգային հավաքականն անցած ամիսներին չի ներկայացել գիտա-բժշկական լաբորատորիա՝ ստուգման, ու մարզիչներն իրենց սաների ֆիզպատրաստականության մասին պատկերացում կազմու են… մարզիկի դեմքին ու արտաքին տեսքին նայելով։ Եթե Աստված մի արասցե, հավաքականը տապալվի, անկասկած, մեղավորներին ԶԼՄ-ներում որոնելու ենք ամենավերին ատյաններում ու չենք հիշելու հենց բժշկական հանձնաժողովին ու ավագ մարզիչներին, որոնք պարզապես չեն կատարել իրենց իսկ ստանձնած պարտավորությունները։ Կամ՝ ի՞նչ գնահատական տալ մեր առաջատար մարզաձեւերից մեկի թիվ 1 պատասխանատուին, որին ՀԱՕԿ-ի նախագահը վերջին նիստում ստիպված եղավ ցույց տալ ելքի դուռը՝ այն բանի համար, որ նա լուրջ քննարկումը փորձում էր անլուրջ մոտեցումով, կատակի տալով «ախպերավարի» շրջանցել՝ անտեսելու աստիճանի հասցնելով մարզչական խորհրդի կարեւորության գաղափարը… Վերջին անգամ ենք հիշեցնում, որ սպորտը ոչ ոքի ֆազենդան չի, ոչ էլ սեփական բիզնես է։ Սա պետական գործ է։ Ուրեմն՝ այդ մարդիկ պետք է կողմնորոշվեն՝ կամ մնում են իրենց պաշտոնում աշխատելու համար, կամ՝ հրաժարական են տալիս։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել