Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե Թենի Վարդանյանը պատահաբար չտեղեկանար Հալեպում անցկացվելիք Կանանց 3-րդ միջազգային փառատոնի մասին

Մայիս 24,2001 00:00

Մեկ ներկա, 14 բացակա Եթե Թենի Վարդանյանը պատահաբար չտեղեկանար Հալեպում անցկացվելիք Կանանց 3-րդ միջազգային փառատոնի մասին ու ցանկություն չհայտներ մասնակցելու՝ մեր մշակույթի նախարարության հարգարժան պարոնները (տեղյակ լինելով հանդերձ) չէին շտապի 15 հոգիանոց նկարչուհիների խումբ ներկայացնել փառատոնին։ Իսկ քանի որ 15 կին նկարիչներ Հալեպ ուղարկելը շատ մեծ ծախսերի հետ էր կապված, որոշեցին կանանց միջազգային փառատոն ուղարկել երկու հոգու՝ Վարուժան Վարդանյանին… եւ մեկ ուրիշ պարոնի։ Մեր նկարչուհիներից 14-ը մնացին Երեւանում, Թենի Վարդանյանը գնաց իր միջոցներով։ Լավ է, որ վերջին պահին հարգարժան նախարարը հասկացավ, թե ինչ անհեթեթություն կլինի, եթե Հալեպում Կանանց 3-րդ միջազգային կոնցեպտուալ եւ ավանգարդ ուղղվածության փառատոնին մասնակցեն երկու պարոնները։ Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Ալիս Ադամյանը մեկ շաբաթ ուշացումով Հալեպ հասավ։ Փառատոնի կազմակերպիչն ու ոգին հայ մորից ծնված Թոմա Եսային է։ Նա, շնորհիվ իր համառության եւ ջանքերի, նաեւ՝ հայ համայնքի եւ արաբ երիտասարդ արվեստագետների օժանդակությամբ, երեք ամսում ազատել, մաքրել է հսկա, հին ու գեղեցիկ շինությունը (ակադեմիայի հին շենքը, քրիստոնեական ճեմարան) ծխախոտի գործարանի թափոններից եւ այն դարձրել արվեստի կենտրոն՝ Լը Փոն Գալերեա։ 17 երկրների կին արվեստագետներ մասնակցեցին այդ հեղինակավոր փառատոնին։ Թենի Վարդանյանը պատմեց իր ուղեւորությունից, հիացմունքով խոսելով հայ համայնքի ուշադրության ու սիրո մասին՝ առ հայ արվեստագետը եւ հայրենիքը։ Հայաստանի հյուպատոս Արեգ Հովհաննիսյանը (եւ Պըլլքյան, Ջոզիկյան, եւ Տարաքջյան ընտանիքները) հովանավորելով հայ արվեստագետի այցը Սիրիա, չթողեց, որ պետական հովանավորությամբ մասնակիցների մեջ նա «որբ» զգա իրեն։ Կատալոգում ներկայացված են բոլոր երկրների մասնակիցներն իրենց աշխատանքներով։ Առաջին՝ Հայաստանի էջում 15 անուն է տպված, վերջինը՝ Թենի Վարդանյան, առանց որեւէ բացատրության կամ լուսանկարի։ Մի խոսքով՝ դատարկություն է։ Սա խոսում է մշակույթի նախարարության աշխատանքի որակի ու մակարդակի մասին։ Կատալոգում ներկայացված աշխատանքներից ամենաուշագրավը թերեւս «Կանայք եւ պատերազմն» է (Կարմիր խաչի միջազգային կոմիտեի) եւ նշված է, թե երբ խոսում ենք պատերազմի, տարածքների մասին, նախ զինվորին ենք հիշում, մինչդեռ պատերազմի իսկական զոհերը կանայք ու երեխաներն են։ Կանայք՝ թե՛ որպես խաղաղ բնակիչ, թե՛ կին, զրկվում են տնից, ամուսնուց եւ ենթարկվում բռնությունների ու բռնաբարությունների։ Այս խորագրի տակ իրենց աշխատանքներն են ներկայացրել Սիրիայի երեսունհինգ անվանի նկարիչներ։ Սիրիայից մասնակցող երաժշտական մեկ համույթ՝ բաղկացած երեք հայուհիներից՝ Զվարթ Մարտիկյան, Լուսնակ Սամվելյան եւ Մարի Թերեզ Քարքարջյան, միասնաբար ներկայացրել են երաժշտության եւ բալետի համադրություն։ Զվարթն արդեն ունի երեք լազերային սկավառակ՝ «Հայկական դասական երաժշտություն», «Կոմիտաս» եւ «Արաբական սյուիտ»։ Նրանք աշխատում են Արաբական երաժշտական ինստիտուտում։ Փառատոնի բացմանը ներկա են եղել մասնակից երկրների դեսպանները, Սիրիայի մշակույթի նախարարը, Հալեպի քաղաքապետը, բազմաթիվ հյուրեր։ Ականատես լինելով երեքամյա, կարճ ընթացքում կատարված տիտանական, նվիրված աշխատանքին ու գիտակցելով փառատոնի միջազգային նշանակությունը՝ Սիրիայի կառավարության կողմից որոշում է կայացվել ֆինանսավորել մշակութային արժեք ունեցող շենքի վերանորոգումը։ Թենին, որ 13 կտավ, կոլաժներ եւ գրաֆիկա էր ներկայացրել, ստիպված էր հետաքրքրասերներին բացատրել, որ Հայաստանում կան բազմաթիվ տաղանդավոր նկարիչներ, որոնք աշխարհի տարբեր ծագերում ներկայացնում են հայ ժամանակակից արվեստը։ Նկարչուհին տպավորված էր ֆրանսիացի եւ ամերիկացի արվեստագետների աշխատանքներով։ Նկարչությունից բացի, ներկայացվել են արվեստի տարբեր ոլորտների գործեր՝ կինո, վիդեո-արտ, երաժշտություն, բալետ, ակցիաներ, ինստալացիա, ֆոտո եւ այլն։ Կանադացիները մեկ ֆիլմով ներկայացրել էին Կանադայի պատմությունը, մշակույթը եւ ժողովուրդներին, ժամանակակից մի կինո՝ լի ճանաչողական տեղեկատվությամբ, ինչպես նաեւ՝ հին դիմակների հիման վրա՝ գրաֆիկա։ Հուսով ենք, ամեն տարի մայիսին բացվող այս հետաքրքիր փառատոնին այսուհետ կմասնակցեն մեր արվեստագետ կանայք՝ պատշաճ մակարդակով, լավագույնս ներկայացնելով հայ արվեստը արաբական աշխարհին։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել