Լրահոս
Օրվա լրահոսը

Ագնեսա

Մայիս 24,2001 00:00

ՁԱԽԼԻԿ-ԱՋԼԻԿԸ Ագնեսա Ավագյանն այն եզակի նկարչուհին է, որը երկու ձեռքով տարբեր պատկերներ միաժամանակ է նկարում: Մինչ օրս նման երեւույթ դեռ փաստված չէ։ Նա տակավին երիտասարդ է, բայց արդեն հաջողեցրել է կերպարվեստում իր խոսքն ասել, չկրկնելով ուրիշներին։ Ագնեսան նկարել սկսել է դեռ երկու տարեկանից։ Մերձավորներին զարմացրել է, թե փոքրիկը որքան վստահորեն է բռնում մատիտը, վստահորեն գծում։ Փոքր հասակից երազել է զբաղվել նկարչությամբ, սակայն ծնողները նրան տարել են երաժշտության, անգլերենի դասընթացների, ջրացատկի, ամեն ինչի՝ բացի նկարչությունից, կարծում էին, որ նկարչությունը լուրջ մասնագիտություն չէ։ Սակայն արդեն 12 տարեկանում Ագնեսան հասնում է իր նպատակին. նրան տանում են նկարչական խմբակ։ Գրում եւ նկարում է երկու ձեռքով. երբ մի ձեռքը հոգնում է, մյուսով է շարունակում։ Դպրոցում ուսուցչուհին նրան ստիպում էր գրել աջով։ «Ինձ մոտ ամեն ինչ իրեն-իրեն է ստացվում։ Հավատում եմ Աստծուն, որն ինձ միշտ օգնել է, երեւի ամեն ինչ Բարձրյալի կամքով է լինում»,- խոստովանում է նկարչուհին։ Ագնեսան ծնվել եւ մեծացել է մի միջավայրում, ուր տիրել է ստեղծագործական մթնոլորտ. պապը եղել է նկարիչ, մայրը՝ քանդակագործ, մորաքույրը՝ ջութակահար։ «Տանը միշտ կային գույնզգույն մատիտներ եւ միշտ հնչում էր հաճելի երաժշտություն»,- հիշում է Ագնեսան։ Նա այնքան արտասովոր ընդունակության մեջ արտասովոր ոչինչ չի գտնում. «Բոլոր երեխաներն էլ նկարում են, մի ձեռքով նկարելը լավ է, երկուսով՝ հետաքրքիր»։ Մանուկ ժամանակ երազել է լինել մուլտիպլիկատոր «Դիսնեյում»։ Նրա զարմանալի ընդունակությունը՝ միաժամանակ երկու ձեռքով երկու տարբեր պատկերներ նկարելը, հետաքրքրել է նույնիսկ Գինեսի ռեկորդների գրանցման վարչության գլխավոր խմբագիր Ամանդա Բրուքսին, որը ցանկություն է հայտնել ուսումնասիրել հայուհու տաղանդը։ Սա՝ մոտ ապագայում, իսկ ներկայումս Ագնեսը գրանցվել է Ռուսաստանի «Դիվա» Գինեսի գրքում, որը լույս է տեսնելու այս տարվա սեպտեմբեր ամսին։ Ագնես Ավագյանը Վ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանի շրջանավարտ է, Գեղարվեստի ակադեմիայի առաջին կուրսի ուսանողուհի։ Տաղանդավոր աղջիկը շահել է բազմաթիվ մրցանակներ, ունեցել է երկու անհատական ցուցահանդես՝ առաջինը Երեւանում (1995թ.), երկրորդը՝ Սանկտ Պետերբուրգում (1996թ.)։ Առանձին գործեր ցուցադրվել են վրձնի վարպետների ստեղծագործությունների կողքին։ Ձեւավորել է բազմաթիվ ամսագրեր՝ «Նե », «Մանանա», «Մանկանց երկիր», «Գործընկեր», գրքեր՝ «Պիթեր Պեն», Ս. Մուրադյանի «Քո իրավունքները», Դ. Հովհաննեսի «Գազանանոց-տղա» գիրք-պլակատը։ 1996թ. դեկտեմբերին մասնակցել է ՄԱԿ-ի կողմից հայտարարված լավագույն էմբլեմի մրցույթին եւ շահել մրցանակը։ 1997թ. նա Խաղաղության ֆոնդի Մինաս Ավետիսյանի անվան անվանական թոշակառու է։ Համագործակցում է շատ թերթերի հետ։ Այժմ աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագրությունում որպես թերթի ծաղրանկարիչ։ Սիրում է նկարել ծաղրանկարներ, հատկապես ուսուցիչների եւ շրջապատի մարդկանց, նաեւ գծանկար, գեղանկար, դիմանկար… Իսկ ընդհանրապես՝ «նկարչի համար չկա սիրած ժանր կամ թեմա, նա պետք է պարզապես նկարի եւ դա նրան գերագույն իրական հաճույք կպարգեւի»։ Նախընտրում է լուսավոր, վառ գույներ։ Ագնեսան երազում է, որ տանը երբեք չվերջանան ներկերը, վրձինները, թղթերը, եւ ինքը միշտ հնարավորություն ունենա նկարել։ ԱԻԴԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել